08/09/2016

TagSpaces

Մեկ ամիս առաջ թարգմանեցինք-հայացրինք ևս մեկ շատ օգտակար ծրագիր՝ TagSpaces-ը, որն ունի նաև դիտարկիչային հավելված (Ֆայերֆոքսի և Քրոմի համար)։ Անկախ նրանից, թե որ լեզվով կգործածենք TagSpaces-ը՝ այն մեզ՝ գրասերներիս ու ընթերցասերներիս համար պետքական է։ Այն ստեղծված է բոլոր երեք հիմնական օպերացիոն համակարգերի համար, ինչպես նաև Անդրոիդի և Այ-ֆոնի։

Ի՞նչ է TagSpaces-ը։ Առաջին հերթին՝ նիշքակառավարիչ։ Բայց ո՛չ միայն։ Այն նաև խմբագրիչ է, ընթերցիչ, անգամ նվագարկիչ։ Հերթով բացատրեմ այս ծրագրի որոշ հնարավորություններ։

Ծրագրի ներսում ավելացնում ենք մեր համակարգչում գտնվող այն պանակները, որ ցանկանում ենք։ Ենթադրենք՝ ավելացրել ենք մեր գրադարանի մեծ պանակը (օրինակ՝ իմ այդ պանակը 35 գբ ծավալ ունի, և արդեն պարզ է, չէ՞, թե որքան ենթապանակներ ու նիշքեր պիտի ունենա), ավելացրել ենք նաև երաժշտական նիշքեր պարունակող պանակը, նաև նկարների։ Այս բոլոր նիշքերը կարող ենք հեշտությամբ կազմակերպել զանազան գույների և գրություններով պիտակներով (tags)` օրինակ՝ նշելու համար տարբեր ժանրերի գրքերը, արդեն ընթերցվածները կամ ընթերցման ենթակաները և այլն։ Բացի դրանից, կարող ենք, առանց արտաքին ընթերցիչ ծրագիր բացելու, շատ ավելի արագ, կարելի է ասել՝ վայրկենապես, հերթով բացել մեր բոլոր pdf նիշքերը՝ նախադիտման համար։ Նախադիտումն էլ իրականում ամբողջական pdf-ներն է բացում, ոչ թե միայն առաջին էջը։ Իմ համակարգչում TagSpaces-ը pdf նիշքերն ավելի արագ է բացում, քան համապատասխան ընթերցիչ ծրագրերը։ Սա շատ հարմար է, երբ գիրք ես որոնում և միայն նիշքերի վերնագրերով չես հասկանում, թե որն ինչ է։ Ծրագրի ներսում մի կողմում բացվող նիշքերը կարելի է ընդարձակել և նաև մեծ չափով նորմալ դիտել։





Ինչպես գրել եմ արդեն, TagSpaces-ը նաև խմբագրիչ է։ Այն թույլ է տալիս հասարակ տեքստային կամ ձևավորված տեքստային նիշքեր ստեղծել։ Այն ունի փոքրիկ html-ային խմբագրիչ, որով կարելի է html-ային նիշքեր ստեղծել կամ եղածները խմբագրել։ Իհա՛րկե, TagSpaces-ը չունի այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեն մասնագիտացված խմբագրիչ ծրագրերը, բայց որոշ կարիքների համար լիովին բավարար է։ Ստեղծվող նիշքերն անմիջապես պիտակավորվում են TagSpaces-ի կողմից այդ օրվա ու ժամի տվյալներով (դուք կարող եք պիտակները հանել, եթե չեք ուզում), ուստի այդպիսով կարող եք TagSpaces-ը գործածել նաև իբրև նշատետր, եթե նրանում ստեղծվող նիշքերը միայն մեկ պանակում պահեք։



Ասացի, որ այս ծրագիրը նաև նվագարկիչ է։ Եթե երաժշտական նիշքերով ձեր պանակը բացեք TagSpaces-ում, առանց արտաքին նվագարկիչ ծրագիր բացելու կարող եք հերթով լսել ձեր այդ պանակում գտնվող mp3 և մի քանի այլ ձևաչափերի երաժշտական նիշքերը։ Անգամ կարիք չկա ցանկում գտնվող նիշքերի վրա հերթով կտտացնել. TagSpaces-ն ինքը դա անում է՝ ցանկը դիտարկելով իբրև նվագացանկ (playlist)։



Ծրագիրն ունի նաև հավելված՝ Ֆայերֆոքս և Քրոմ համացանցային դիտարկիչների համար։ Այս հավելվածը նույնպես ձեզ շատ պետք կգա։ Այն իմ թերևս ամենագործածվող հավելվածն է։ Ինչի՞ համար է այն պետք։ Համացանցային էջերը կամ դրանց որևէ հատված պահպանելու համար։ Այն թույլ է տալիս էջերը պահպանել ամբողջությամբ՝ նկարներով հանդերձ՝ միայն մեկ html-ային նիշքով, կամ ընտրել ձեզ անհրաժեշտ հատվածը և միայն այդքանը պահպանել որպես html։ Թույլ է տալիս նաև ձեր ընտրած հատվածը էկրանահանել (սկրինշոտ անել)։

Մի խոսքով՝ գործածե՛ք TagSpaces-ն ու նրա հավելվածը։ Գործածելիս եթե ինչ-որ բան չհասկանաք կամ չգտնեք, հարցրե՛ք, սիրով կպատասխանենք։

Ծրագիրը ներբեռնել այստեղից՝ https://www.tagspaces.org/downloads/

Ծրագրի հիմնական էջը՝ https://www.tagspaces.org/