20/11/2015

Կոմիտասի երկերի 14-հատորյակի բոլոր միավորները՝ մեկտեղ




Ներկայացնում ենք ձեզ մի նոր ցանկ։ Ակադեմիայի կայքում տեղադրված կոմիտասյան հատորների՝ առանձին էջերում տեղադրված մանրամասն ցանկերը վերցրել, մեկ էջում մեկտեղել և ձեզ ենք ներկայացնում։ Խոսքը միայն 14-հատորյակի մասին է։ Փոքր-ինչ սրբագրել ենք (ուր վրիպակներ ու ձևավորման անմիօրինակություն ենք նկատել), իսկ ստեղծագործությունների վերնագրերից առոգանության նշանները հանել ենք։ Նաև լրացրել ենք 12-րդ հատորի ցանկի պակասող հատվածը։

Իսկ ինչո՞ւ ենք սա արել։ Որպեսզի այս հազարավոր երգերի միջից ձեզ պետք եղած մեկ հատիկ երգը փնտրելու համար բազմաթիվ էջեր չմտնեք ու որոնման գործողությունը չկրկնեք։ Իսկ առոգանության նշաններն էլ վերնագրերից հանել ենք, որպեսզի առոգանության նշաններ ունեցող բառերը որոնման արդյունքներից դուրս չմնան. որովհետև մեր առոգանության նշանները մի կողմից շատ լավ բան են (հենց պետք եղած բառն ու հնչյունն են շեշտում), բայց, մյուս կողմից, աղարտում են բառերի նիշային պատկերը, ինչը թույլ չի տալիս, որ այդ աղարտված բառերը ծրագրային որոնման արդյունքներում արտացոլվեն։ Այսինքն՝ եթե որոնեք, օրինակ, «Սոնա» բառը, իսկ վերնագրերից մեկում գրված է «Սո՛նա», որոնման գործիքն այս «Սո՛նա»-ն չի գտնի։ Եթե որոնեք «Հայր» բառը, իսկ վերնագրերից մեկում գրված է «Հա՜յր», ապա այս վերջին «Հա՜յր»-ը որոնման արդյունքներից դուրս կմնա։ Ահա այս պատճառով էլ հանել-վերացրել ենք բոլոր այսպիսի նշանները։

17/11/2015

Գ. արք. Այվազեան. ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ. Եօթնեակ Ա

Որոշել ենք մեր բլոգում մաս առ մաս ներկայացնել Գաբրիել արք. Այվազյանի (Այվազովսկու) գրաբարի դասագրքի՝ արևելահայերենի համար հարմարեցված տարբերակը։ Սա սովորական դասագիրք չէ, այլ ընթերցարան, որում նախ ընթերցել ու հասկանալ, ինչպես նաև զրուցել են սովորում և հետո՛ կամաց-կամաց անցում կատարում քերականական գիտելիքներ յուրացնելուն։

Յուրաքանչյուր դաս տեղադրում ենք նաև մեր զրուցատեղիում՝ որպես առանձին թեմա, որպեսզի ցանկացողները  կարողանան նաև թեմայի շուրջ հարցեր տալ, եթե դրանք ծագեն։ Փնտրեք դասերն այստեղ («ԳՐԱԲԱՐ. Գ. արք. Այվազեան. Նախակրթանք հայերէն լեզուի)։

Թարմացում։ Առայժմ «Նախակրթանքի» միայն երեք դասերն են տեղադրված այս բլոգում։ Մնացածը տեսեք զրուցատեղիում։

ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ


ԵՕԹՆԵԱԿ ԱՌԱՋԻՆ





ՄԱՍՆ Ա

ԲՆԱԳԻՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ
1. Ծառ բարի՝ պտուղ բարի առնէ, եւ ծառ չար՝ պտուղ չար առնէ։ 1. Բարի ծառը բարի պտուղ է տալիս, իսկ չար ծառը չար պտուղ է տալիս։
2. Ոչ կարէ ծառ բարի պտուղ չար առնել, եւ ոչ ծառ չար՝ պտուղ բարի առնել։ 2. Չի կարող բարի ծառը չար պտուղ տալ, եւ ոչ չար ծառը՝ բարի պտուղ տալ։
3. Ի պտղոյ անտի ծառն ճանաչի։ 3. Պտղից է ծառը ճանաչւում։
4. Աւասիկ տապար առ արմին ծառոց դնի։ 4. Ահա՛ տապարը ծառերի արմատի մօտ է դրւում։
5. Ամենայն ծառ որ ոչ առնէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի։ 5. Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է գցւում։