ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

«Մեր հաղթանակները» քառահատորյակի Գ և Դ հատորներից. Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2011, 2012

Բառարանի հեղինակային խումբ՝
Սամվել ՊԵՏՐՈՍՅԱՆ, Հրաչյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ, Գագիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ,
Արեգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Աբել ՆԱԶԱՐՅԱՆ


Ռազմական այլ բառարաններ համացանցում

Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան / English-Armenian Concise Explanatory Dictionary of Military Terms; by Artsrun Khanjyan, Երևան, 2009. կամ այստեղ

Ռուս-հայերեն ռազմական բառարան / Русско-Армянский военный словарь (հեղ.՝ Մանուկ Աբեղյան), Յերեվան / Ереван, 1927



Ա Բ Գ Դ Ե Զ Է Թ Ժ Ի Լ Խ Ծ
Կ Հ Ձ Ճ Մ ՅՆ Շ Ո Պ Ջ Ռ Ս
Վ Տ Ց ՈՒ ՓՔ Օ




Ա




ԱԳՐԵՍԻԱ, մեկ կամ մի քանի երկրների զինված հարձակում այլ երկրի կամ երկրների վրա նվաճողական նպատակներով:

ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄ, ագրեսորի կողմից պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջության խախտման մտադրությունների ձախողմանն ուղղված զինված ուժերի գործողությունների համալիր:

ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿԱՆԽՈՒՄ, պետության կողմից ոչ ռազմական ներազդման միջոցառումների հետ միասին զինված ուժերի կիրառմամբ ագրեսորի կողմից զինված հարձակման դադարեցում:

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ, օտարերկրյա պետության դեմ ճնշված և կախյալ ժողովուրդների ու երկրների զինված պայքարը պետական ինքնիշխանության, ազատ և ինքնուրույն տնտեսական և մշակութային զարգացման համար:

ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ, հրամանատարի (պետի) կողմից հաստատված պայմանական նշաններ՝ ոչ մեծ տարածությունների վրա ենթականերին կարճ կարգադրություններ, հրամաններ և այլ տեղեկություններ հաղորդելու և ստանալու համար:

«ԱԼԱԶԱՆ» ՏԵՍԱԿԻ ՀՐԹԻՌ, կարկտաբեր ամպերը ցրելու համար նախատեսված հրթիռներ: Արցախյան գոյամարտի նախնական փուլում օգտագործվել են բնակավայրերը գնդակոծելու համար: Վերգետնյա նշանակետերը գնդակոծելու համար չնախատեսված «Ալազանների» պատճառած նյութական վնասը մեծ չէր, բայց խաղաղ բնակչության վրա ծանր հոգեբանական ազդեցություն էր թողնում:

ԱԼՊԻԱԿԱՆ (ԼԵՌՆԱՅԻՆ) ՀՐԱՁԻԳՆԵՐ, լեռնային հատուկ հանդերձանքով և սպառազինությամբ զինված և լեռներում մարտ վարելու համար մարզված զինվորներ: Ա(Լ)Հ առաջին ստորաբաժանումներն ի հայտ են եկել XVIII դ. վերջին՝ Ֆրանսիայում, սակայն տարածում են ստացել XIX դ. կեսից:

ԱԼԵՀԱՎԱՔ, ռադիոալիքներ հաղորդելու և ընդունելու համար նախատեսված սարք:

ԱԿԱՆ, 1. (պատմ.), պարսպի (պատի) տակ փորվող անցք՝ գաղտնի կամ բռնի ներս խուժելու համար: 2. (ռազմ.) ինժեներական զինամթերք, պայթուցիկ լիցքով սարք: Գործողության մեջ է դրվում շփման, ճնշման, ձայնային ալիքների, մագնիսական ուժի շնորհիվ: Նախատեսված է հարվածային ալիքով և իր մասերի կինետիկ էներգիայով շինությունների, տեխնիկայի, կենդանի ուժի ոչնչացման համար: Լայն տարածում ունի: Կիրառվել է վերջին հարյուրամյակի բոլոր պատերազմներում: 3. Չպտտվող փետրավոր արկ` ականանետներից հրաձգություն վարելու համար: Ըստ իրանի կառուցվածքի` ականները լինում են կաթիլաձև և գլանաձև կամ էլ արկանման: Ըստ իրենց մարտական նշանակության և գործողության` ականների դասակարգումը համապատասխանում է հրետանային արկերի նշանակությանն ու գործողությանը: 4. Ջրի հատակը նետված կամ որոշ խորության մեջ լողացող արկ՝ հակառակորդի նավերը պայթեցնելու համար: Լայնորեն կիրառվել է երկու համաշխարհային պատերազմների ընթացքում:

ԱԿԱՆԱԴԱՇՏ, տեղանքի հատված, որտեղ որոշակի օրինաչափությամբ ականներ են տեղադրված: Ըստ նշանակության` Ա. լինում են. հակատանկային, հակահետևակային, հակադեսանտային և խառը: Ըստ գործարկման բնույթի լինում են չկառավարվող և կառավարվող:

ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄ, ականների, լիցքերի, չպայթած զինամթերքների, պայթյունավտանգ սարքերի հետախուզում, կորզում կամ ոչնչացում և դրանցից տեղանքի, շինությունների և այլ օբյեկտների մաքրում: Մարտի ինժեներական ապահովման հիմնական միջոցառումներից է:

ԱԿԱՆԱՆԵՏ, ականներ արձակող կարճ և լայնաբերան հրազեն: Ա. նախատեսված է 45-85» բարձրացման անկյամբ գագաթնահար հետագծով հրաձգություն կատարելու համար: Ա-ն աչքի է ընկնում պարզ կառուցվածքով և փոքր քաշով: Ավանդաբար կիրառվում է բաց տեղակայված և ծածկոցների հետևում պատսպարված կենդանի ուժը խոցելու, դաշտային ամրաշինական բոլոր տիպի կառույցներն ավերելու համար: Կիրառվել է Արցախյան գոյամարտի տարիներին և այսօր էլ լայն կիրառություն ունի:

ԱԿԱՆԱՆԵՏԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑ, 3-4 ականանետ ունեցող 2-3 կրակային դասակներից կազմված ականանետային ստորաբաժանում:

ԱԿԱՆԱՊԱՏՈՒՄ, հակառակորդին կորուստներ պատճառելու, նրա զորաշարժը սահմանափակելու և շինություններն ավելելու նպատակով ականապատ դաշտերի կազմում, խմբային և մեկական ականների (ֆուգասների) տեղադրում:

ԱԿԱՆԱՏ, զանազան տիպի պաշտպանական կառույցների ու զրահավոր աշտարակների պատերի մեջ բացված անցք՝ նետաձգության կամ հակառակորդին այլ կերպ խոցելու համար:

ԱԿԻՆԱԿ (ՆՐԱՆ), հատուկ սահմանափակիչով սկյութական երկար դաշույն (կամ կարճ թուր): Հայտնի է Ք.ա. VII դ. կեսերից: Հայտնի են երկու տեսակի շեղբերով Ա. եռանկյունաձև մի քանի հատվածներով (բնորոշ է արևմտաիրանական շեղբերի համար) և սահուն միավորվող զուգահեռ սայրերով, կողով կամ շեղանկյունաձև կտրվածքով: Ակինակները լայն տարածում էին գտել մեր տարածաշրջանի ժողովուրդների մոտ, որտեղ, ուղղակի զենք լինելուց բացի, հանդիսանում էին նաև զորականների, զինվորական ազնվականությանը պատկանելու խորհրդանիշ:

ԱԿՈՍԱՎՈՐ ՀՐԱԶԵՆ, հրազեն, որի փողանցքի ուղղորդ մասը արկին (գնդակին) պտտական շարժում հաղորդելու նպատակով պարուրակաձև ակոսներ ունի: Դրա շնորհիվ արկը (գնդակը) հետագծում կայունությունը չի կորցնում, ինչը հնարավորություն է ընձեռում հրաձգության համար բավարար հեռահարություն և խտություն ստանալ:

ԱԿՏԻՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, պատերազմող կողմերից մեկի կողմից պաշտպանական գործողությունների վարում, ոչ միայն տարածքը պահելու, այլև հիմնականում հակառակորդի խոշոր ուժերը հյուծելու և արյունաքամ անելու նպատակով:

ԱՂԵՂ, սովորաժար 30-250մ (լայնալիճ աղեղով՝ կրկնակի ավելի) հեռավորության վրա նետեր արձակելու համար նախատեսված ձեռքի նետող զենք: Արդյունավետ խոցման հեռավորությունը կազմում էր մինչև 200 մետր:

ԱՂԵՂՆԱԶԵՆ, կատարելագործված աղեղ՝ նետ, քար և այլն նետելու համար:

ԱՄԻՐԱ, 1. անվանում, որը Արաբական խալիֆայության մեջ տրվում էր նահնագների կառավարիչներին և զորահրամանատարներին: Խալիֆայության թուլացումից հետո անկախացած նահանգների մահմեդական կառավարիչների զգալի մասը շարունակեց կրել Ա. տիտղոսը, իսկ նրանց ստեղծած պետությունների մեծ մասը կոչվում էին ամիրայություններ: Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ Ա-ի կարգավիճակի փոփոխման դեպքում (հարևան ամիրայությունների նվաճման արդյունքում փաստացի կայսերական լիազորությունների ձեռքբերումից հետո) Ա-ն շարունակել է կրել նույն տիտղոսը: Եվ հակառակը` ամիրայության անկախության փաստացի կորստից ու Ա-ի հեղինակության անկման հետևանքով պետությունում իշխանությունը Ա-ի խնամակալին (աթաբեկին) անցնելուց Ա-ն կարող էր պահպանել իր գահը: 2. Զաքարյանների օրոք Ա. էին կոչվում ազատագրված քաղաքների կառավարիչները:

ԱՄՐԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, մարտական տեխնիկայի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու, զորքերի հուսալի կառավարումն ապահովելու և զորքերը հակառակորդի խոցման միջոցներից պաշտպանելու համար նախատեսված ինժեներական կառույցներ:

ԱՄՐԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, ռազմաճարտարապետական գիտություն տեղանքը ռազմական կառույցներով ամրացնելու մասին:

ԱՄՐԱՑՎԱԾ ՃԱՄԲԱՐ, զորքերը կենտրոնացնելու (տեղաբաշխելու) և հակառակորդի հավանական հարձակումն անդրադարձնելու համար նախատեսված տեղանքի հատված: Տարբեր խնդիրներ կատարելու համար ելակետ է հանդիսանում: Առաջին դաշտային ամրաշինական կառույցներից է:

ԱՄՐՈՑ, արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար:

ԱՄՐՈՑԱՅԻՆ ԹՈՒՄԲ, ժարձր հողային լիցք ամրոցում, սովորաժար՝ առջևում փորված փոսով:

ԱՅՐՈՒՁԻ, Հայոց հեծելազորը հին և միջին դարերում: Պեղածո նյութերն ու սեպագիր արձանագրությունները հավաստում են, որ Ք.ա. I հազարամյակում Հայկական լեռնաշխարհի բնակիչները պատերազմներում օգտագործում էին ինչպես մարտակառքեր, այնպես էլ Ա.: Ըստ Քսենոփոնի, Երվանդունիներն ունեին 8 հազարանոց Ա.: Հայոց Ա. ավելի մեծացվեց և կանոնավորվեց Արտաշեսյանների օրոք:
Հայոց Ա. կորիզը Հին աշխարհում հռչակված ծանրազեն զրահավոր հեծելազորն էր, որի համար ընտրվում էին առավել մարմնեղ և ուժեղ ձիեր: Հեծելամարտիկները կրում էին ծանր հանդերձանք, մետաղե թիթեղներով պատած կամ մետաղե զրահներ (սաղավարտ, վզնոց, օղազրահ, ուսակալ, սրունքակալ, լանջապանակ, սռնապան, կրծքակալ ևն): Գլխավոր զենքը երկար նիզակն էր: Զրահավոր Ա. հայկական բանակի գլխավոր հարվածային ուժն էր, որը գրոհում էր սեպաձև խիտ շարքերով:
ԹԵԹԵՎԱԶԵՆ Ա., որի համար ընտրվում էին համեմատաբար փոքրամարմին, արագավազ և դիմացկուն նժույգներ, դյուրաշարժության համար չէր զրահավորվում: Հեծյալի հիմնական զենքը նետ ու աղեղն էր: Թեթևազեն Ա. կատարում էր բանակի մարտակարգի թևերն ու թիկունքը պաշտպանելու, գլխավոր ուժերի ծավալմանը սպասարկելու, ցրված ուժերը կենտրոնացնելու, հակառակորդին հետապնդելու, հետախուզելու և այլ պարտականություններ: Հարձակվում էր ցրիվ շարքերով:
Հայոց Ա. կարևոր դեր էր կատարում պարթևա-հռոմեական մրցակցությունում. նրա անցումը մեկի կամ մյուսի կողմը հաճախ ունենում էր վճռական նշանակություն: Հռոմը մարտունակ հեծելազոր չուներ: Այդ պատճառով ահեղ հեծելազորատեր Պարթևստանի դեմ մղվող պատերազմներում ձգտում էր շահել Հայաստանի դաշնակցությունը: Արշակունիների ժամանակ Ա., մասնավորապես ծանրազենը, համալրվում էր ազնվատոհմիկներով՝ ազատներով, որոնց դաստիարակության մասն էր կազմում ձիավարժությունը:
Պատերազմի ժամանակ ցածր խավերից նույնպես ստեղծվում էր առանձին հեծելագունդ, որը կոչվում էր «ռամիկ Ա»: Ա-ի գերագույն հրամանատարը կոչվում էր «ասպետ», որը միաժամանակ «թագադիր» կամ «թագակապ» իշխան էր: Այդ պաշտոնը Բագրատունիների տոհմի մենաշնորհն էր: Արշակունիները Ա. խիստ մեծացրեցին հատկապես III-IV դդ, երբ Հայաստանի անկախությանն սպառնաց Սասանյան Պարսկաստանը: Տրդատ Գ Մեծի օրոք Հայոց Ա. 70 հազարից անցնում էր, իսկ Արշակ Բ-ն և Պապը այն հասցրին 12 բյուրի (120 հազարի): Արշակունիների օրոք Ա. կազմում էր նախարարական և արքայական հեծելագնդերից: Զորանամակը հավաստում է, որ 86 նախարարություններ ներկայացնում էին 84 հազար ձիավոր մարտիկ, իսկ արքայականը կազմում էր 40 հազար: Ա-ի զինվորական աստիճանների, հրահանգների, կանոնադրությունների, զինանշանների, դրոշների մասին պահպանվել են կցկտուր տեղեկություններ: Աղբյուրներում հիշատակվում են «բյուրավորք», «հազարավորք», «գումապետք», «հարդարիք մարտի», «աղեղնադրոշք», «ասպարախաղք» կամ «ասպախաղք», «դրոշակակիրք», «վառնունիք», «ճակատամուղք» ստորաբաժանումների անուններ:
Արշակունիների անկումից հետո հայկական Ա-ի թիվը նվազեց: Մարզպանական Հայաստանում (V-VII դդ), ըստ Սեբեոսի և Հովհան Մամիկոնյանի, Ա. 30 հազարից չէր անցնում: Հայաստանի կախվածությունը Սասանյան Պարսկաստանից հիմնականում արտահայտվում էր Ա. նրան տրամադրելու մեջ: Պարսկական իշխանությունը աշխարհագիր կատարելիս հաշվառում էր նաև հեծելազորայիններին և նրանց թվի համեմատ ռոճիկ վճարում: Այդպես էր վարվում նաև Բյուզանդիան: 529-ին հատուկ հրովարտակով Հուստինիանոս կայսրը Հայաստանի Բյուզանդական մասում արգելեց նախարարներին հեծյալ ուժեր ունենալ: Այս վիճակը տևեց մինչև արաբական նվաճումները (VII դ. կես):
Արաբները շարունակեցին հայ հեծյալ ուժերի գրանցման և նրանց ռոճիկ վճարելու պարսկական կարգը: 652-ի հայ-արաբական պատմագրի համաձայն, Հայաստանը կարող էր պահել 15-հազարանոց Ա., որի ռոճիկը (տարեկան 100 հազար արծաթ) վճարելու էին արաբները: Այս կարգը պահպանվեց մինչև Աբդուլահ խալիֆը (750-775թթ): Բագրատունիների օրոք նույնպես հեծելազորային ծառայությունը գերազանցապես կատարում էին ազատները: Օտար զավթիչների հարատև սպառնալիքները Բագրատունիներին մղում էին մշտական հեծյալ բանակի հզորացմանը: Գագիկ Ա-ի ժամանակ (990-1020թթ.) արքունական զորագնդերում հաշվվում էր 55 հազար, իսկ իշխանականներում` 45 հազար զինվոր:
Բագրատունիների թագավորության անկումից հետո, սելջուկ թուրքերի տիրապետության շրջաններում (XI-XIIդդ.) հայ «հեծելազորն անտերունչ թափառում էր Պարսից, Հունաց և Վրաց կողմերում: Ազատների սեպուհ գունդը հայրենազրկվեց» (Արիստակեսի Լաստիվերցի): XII-XIIIդդ. հայ հեծելագնդերը վրաց Բագրատունիների բանակում խոշոր դեր խաղացին ինչպես վրացական պետության հզորացման, այնպես էլ հայկական հողերի՝ Գուգարքի, Տայքի, Սյունիքի, Այրարատի, Հս. Տուրուբերանի և Բարձր Հայքի արևելյան մասի ազատագրման գործում: XIII-XIVդդ. թաթար-մոնղոլական նվաճողները վերջ դրեցին հայկական հեծելազորի ինքնուրույն գոյությանը:
Կիլիկյան Հայաստանում Ա. համալրում էին մանր ազնվականները, որի համար կոչվում էին «ձիավորներ» կամ «հեծվորներ»: Նրանք զգեստավորվում ու զրահավորվում էին եվրոպական խաչակիր ասպետների նման, ստանում զինվորական կրթություն: Պատերազմների ժամանակ հատուկ հեծելագունդ էր ստեղծվում նաև ցածր խավից, որը կոչվում էր «ցած հեծելվորք» կամ «ցած շինականք հեծվորք»: Կիլիկյան Հայաստանի պետականության վերացումով (XIV դ.) նրա Ա. ևս դադարեց գոյություն ունենալուց:

ԱՆԿԱՆՈՆ (ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ) ԶՈՐՔԵՐ, միասնական, մշտական կազմ չունեցող կամ կանոնավոր զորքերից համալրման և ծառայությունը տանելու կարգով տարբերվող զորքեր:

ԱՆՀԵՏԱԳԼՈՐ ՀՐԱՆՈԹ, դասական հրանոթներից տարբերվում են նրանով, որ հրաձգության ուղղությանը հակառակ ուղղությամբ վառոդի գազերը բաց թողնելու համար փողի լցամասում ծայրափողրակ ունեն: Առաջացող դինամիկական հավասարակշռության հետևանքով կրակոցի դեպքում փողը փաստորեն մնում է անշարժ: Դա թույլ է տալիս հրաժարվել մեծածավալ և ծանր հակագլորքի սարքերից, ինչն էլ իր հերթին ապահովում է հրանոթի փոքր քաշը: Հենց փոքր քաշի շնորհիվ էլ ԱՀ առավելագույնս համապատասխանում են օդադեսանտային և լեռնահրաձգային զորքերի պահանջներին:

ԱՆՎՏԱՆԳ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԻԾ, սեփական արկերի անկման (պայթելու) վայրից նվազագույն հեռավորության վրա գտնվող տեղանքի պայմանական գիծ, որի վրա առաջնային ստորաբաժանումների անձնակազմը չի կարող խոցվել:

ԱՆՑՈՒՄՆԵՐ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑՆԵՐՈՒՄ, սեփական զորքերը բաց թողնելու համար արգելափակոցներից մաքրված կամ արգելափակոցներից ազատ թողնված տեղանքի գոտիներ:

ԱՇԽԱՐՀԱԶՈՐ, կամավորական հիմունքներով խաղաղ բնակչությունից կազմավորված ռազմական ստորաբաժանում:

ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆ, աշխարհազորային ստորաբաժանումներում կամավոր ծառայող անձ:

ԱՇԽԱՐՀԱՎԱՆԴ ՀԱՆԳՈՒՅՑ, գլխի վրա, գարգմանակի (արծվի) հետևից կրելու համար: Բառի կազմությունը պարզ չէ: Հայտնի է միայն, որ վերջին վանկը հնդեվրոպական մի շարք լեզուներում (պարսկերեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլն) մեր օրերում էլ որպես հագուստի զարդ կիրառվող «բանդ» կամ «բանտ» բառն է, որը նշանակում է հանգույց, կապ: Համարում են, թե դա մի ժապավեն է եղել, որ գլխի հետևը ժանտի նման կապում էին և երկու ծայրերը կախ ձգում, ինչպես որ երևում է Տիգրան Բ Մեծի դրամների վրա:

ԱՇՏԱՐԱԿ, շրջանաձև՝ քառակողմ կամ բազմակողմ բարձր ու նեղ կառուցվածք ամրոցի պարիսպների վրա՝ հակառակորդին դիտելու և նրա դեմ կռվելու համար:

ԱՇՏԵ, երկար կոթով նիզակ` ձեռքով հարվածելու կամ նետելու համար: Ա-ի կոթունը պատրաստված է փայտից, ծայրը՝ հնում բրոնզից, միջնադարում՝ երկաթից: Հայկական բանակում եղել է աշտեավորների հատուկ զորամաս: Ա. առաջին անգամ հիշատակում է Մովսես Խորենացին, որն այն նույնացնում է մկունդի հետ:

ԱՊԱՀՈՎԻՉ, ռազմական տեխնիկայի (զենքի) ակամա կամ վտանգավոր գործողությունը բացառող հարմարանք:

ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ, իրենց երկրներում քաղաքական, ազգային ազատագրական, կրոնական, գիտական և այլ գործունեության համար հետապնդվող օտարերկրյա քաղաքացիներին իր տարածքում մուտքի և բնակության թույլտվություն տալու պետության իրավունքը:

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, հակառակորդին մոլորեցնելու նպատակով սեփական զորքերի, նրանց խմբավորման, կազմի, սպառազինության, մարտունակության, ռազմական գործողությունների մասին կանխամտածված կեղծ լուրեր տարածելու քողարկման հնարք:

ԱՊԻԶԱԿ ԿԱՄ ԱՊԵԶԱԿ, կրծքի զարդ: Կիրառել է միայն Փավստոս Բուզանդը և միայն Մանուել Մամիկոնյանին ուղարկված պատիվները թվարկելիս: Առաջարկվող մյուս բացատրությունները (գինդ, օղ և այլն) բավարար հիմնավորում չունեն:

ԱՋԱԿՑՈՂ ՀԱՐՎԱԾ, գլխավոր հարվածի ուղղությունից մեկ այլ ուղղությամբ ուժերի և միջոցների մի մասով հասցվող հարված: Հիմնականում իրականացվում է հակառակորդի ուշադրությունը գլխավոր հարվածի ուղղությունից շեղելու, նրա ուժերի և միջոցների մի մասը կաշկանդելու և ուժերով ու միջոցներով զորաշարժը բացառելու նպատակով:

ԱՌԱՋԱՊԱՀ, գլխավոր ուժերի առջևից մարտական գործողություններ վարող զորամաս, ավանգարդ:

ԱՌԱՋԱՊԱՀ ՋՈԿԱՏ, մարտի ժամանակ ինքնուրույն առաջադրանքներ կատարող ուժեղացված ստորաբաժանում: Մարտակարգի տարր է: Հարձակման ժամանակ ապահովում է գլխավոր ուժերի կազմակերպված մարտի մեջ մտնելը (մարտակարգի ծավալվելը): Պաշտպանությունում գործում է ապահովման գոտում: ԱՋ կարող է առանձնացվել նաև ռազմերթի ժամանակ՝ մարտի մեջ մտնելու մտադրության դեպքում (հատկապես հանդիպական մարտի դեպքում):

ԱՌԱՋԻՆ ԷՇԵԼՈՆ, զորքերի (ուժերի) օպերատիվ դասավորվածության (մարտակարգի) տարր, որն առաջինն է մտնում մարտի մեջ և նախատեսված է, որպես կանոն, օպերացիայի (մարտի) ժամանակ հիմնական խնդիրներ կատարելու համար:

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՐԹԱՅԻՆ ՈՒՂԵԿԱԼ (ՌԱԶՄԵՐԹԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂԵԿԱԼ), երթային պահպանության օրգան, որն ուղարկվում է գլխավոր ուժերի անխափան տեղաշարժն ապահովելու, պահպանվող զորքերի մոտ հակառակորդի հետախուզության ներթափանցումը, նրանց վրա հանկարծակի հարձակումը կանխելու և բացազատվելու ու մարտի մեջ մտնելու նպաստավոր պայմաններ ստեղծելու առաջադրանքով:

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆ, հրաձգության այն անկյունը, որի դեպքում գնդակի թռիչքի լրիվ հորիզոնական հեռավորությունը դառնում է առավելագույն: Լրիվ հորիզոնական հեռավորության անկյան առավելագույն մեծությունը տարբեր տեսակի զենքերի գնդակների համար կազմում է մոտ 35°:

ԱՍՊԱՏԱԿ, հեծյալ զորամաս, որ պատերազմի ժամանակ և հաղթությունից հետո ուղարկվում էր թշնամու երկիրը՝ գերի և ավար բերելու:

ԱՍՊԱՐ, պաշտպանական սպառազինություն, որը կռվողները կրում էին թևի վրա՝ հակառակորդի հարվածներից և նետերից պաշտպանվելու համար, վահան:

ԱՍՊԵՏ, VIII-XVդդ. Արևմտյան Եվրոպայում ազնվական ծանրազեն զրահավոր հեծելազորային:

ԱՍՊԵՏԱԿԱՆ ԶՈՐՔ , ծանրազեն հեծելազոր, որը VIII-XVդդ. Արևմտյան Եվրոպայում հանդիսացել է ավատատիրական բանակի հիմքը: Ա.Զ. աշխարհազոր էր, որը հանդիսանում էր արևմտաեվրոպական բանակների կորիզը: Ասպետի հիմնական սպառազինությունը երկար նիզակ էր, երկսայրանի ծանր սուր և տապար: Ա.Զ-ի ստորին կազմակերպական միավորը (ասպետ, զինակիր, հեծյալ (կամ` հետևակային) նետաձիգների ոչ մեծ խումժ, 1-2 ծառաներ) կոչվում էր «նիզակ»: Ա.Զ. զորամասերը բաղկացած էին լինում 25-80 «նիզակից» (իշխանն իր վասալ ասպետների ստորաբաժանումներով), որոնք կոչվում էին «դրոշ»: Ճակատամարտը սովորաբար հանգում էր ասպետների մենամարտերի, որոնց ելքով էլ վճռվում էր հաղթող կողմը, քանի որ ծանրաշարժ Ա.Զ-ը սովորաբար ի վիճակի չէր լինում հետապնդել նահանջող հակառակորդին:

ԱՎԱԶԱԿ, խաղաղ բնակչության վրա հարձակվելու նպատակով զինված խմբերի (հրոսակախմբերի) անդամ:

ԱՎԱԶԱԿՈՒԹՅՈՒՆ, խաղաղ բնակչության կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով զինված խմբերի (հրոսակախմբերի) ստեղծում, ինչպես նաև նմանատիպ խմբերում և գործողություններում մասնակից լինելը:

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ, պատմականորեն ձևավորված և սերնդեսերունդ փոխանցվող կանոնների և վարվելակարգի նորմեր:

ԱՎԱՐ (ՌԱԶՄԱՎԱՐ), հակառակորդից զավթած, նրա կողմից մարտադաշտում լքված կամ հանձնվելու դեպքում հանձնած, զենք, ռազմական հանդերձանք, տրանսպորտի միջոցներ (ձիեր, մեքենաներ ևն), ռազմական տեխնիկա և այլ նյութական արժեքներ: Ողջ Ա. համարվում է հաղթող կողմի սեփականությունը և օգտագործվում է ինչպես ռազմական, այնպես էլ այլ նպատակներով (որպես պարգև նվիրել մարտում աչքի ընկած հրամանատարներին և մարտիկներին):

ԱՎԻԱԽՈՒՄԲ, 1. որոշակի մարտական խնդիրներ կատարելու համար ավագ ավիացիոն հրամանատարի կողմից ավիացիայի մի քանի ստորաբաժանումներից, զորամասերից կամ միավորումներից (միասեռ կամ տարատեսակ) հավաքված ժամանակավոր խումբ, 2. ավիացիայի մարտակարգի տարր:

ԱՎԻԱՀՐԹԻՌ, հակառակորդի վերգետնյա, օդային և ծովային նշանակետերը խոցելու նպատակով թռչող սարքերի կիրառվող ավիացիոն ռազմամթերքի տեսակ: Ավիացիոն սպառազինության բաղկացուցիչ մասը: Տարբերակում են չկառավարվող ԱՀ՝ հիմնականում վերգետնյա նշանակետերը խոցելու համար, «օդ-երկիր» տիպի թևավոր և «օդ-օդ» տիպի կառավարվող ԱՀ:

ԱՎԻԱՌՈՒՄԲ, թռչող սարքերից նետվող ավիացիոն ռազմամթերքի տեսակ: Ռմբակոծիչ սպառազինության հիմնական տեսակը: Տարբերակում են հիմնական, հատուկ և աջակցող նշանակության Ա.: Հիմնական նշանակության ավիառումբերը կիրառվում են նշանակետերը ֆուգասային, բեկորային, հարվածային, կումուլյատիվ, հրկիզող, քիմիական և միջուկային գործողությամբ խոցելու համար: Ա. առաջին անգամ 1911-1912թթ. իտալա-թուրքական պատերազմի ժամանակ օգտագործել են իտալացիները: Կիրառվում են ագիտացիոն, բեկորային, բեկորաֆուգասային, բետոնահար, գնդիկավոր, զրահարար, լուսավորող, ծխային, հակատանկային, հակասուզանավային, հրկիզող, կառավարվող, միջուկային, նմանակող, քիմիական, ֆուգասահրկիզող Ա.:
ՀԱՏՈՒԿ Ա., տեղանքը լուսավորելու, ծխաքողարկում դնելու, կողմնորոշման և ազդարարման, քարոզչական գրականություն նետելու համար:
ԱՋԱԿՑՈՂ Ա., զորավարժությունների ժամանակ միջուկային պայթյունը նմանակելու, ռմբանետում ուսուցանելու համար են:

ԱՎԻԱՑԻԱ, 1. մերձերկրային օդային տարածությունում թռչելու համար նախատեսված օդից ծանր թռչող սարքերի ընդհանրական անվանումը: Ինքնաթիռի առաջին հաջող թռիչքը կատարվել է 1903թ. դեկտեմբերին, 2. զինված պայքարի և օդային փոխադրումների միջոց: Տարբերակում են քաղաքացիական և ռազմական Ա.:

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՋԱԿՑՈՒՄ ՕՊԵՐԱՑԻԱՅՈՒՄ (ՄԱՐՏՈՒՄ), հակառակորդի կրակային խոցման բաղկացուցիչ մաս: Ցամաքային զորքերի հետ համատեղ ռումբերի, հրթիռների և ավիացիոն սպառազինության այլ տեսակների կիրառմամբ հակառակորդի մարտական տեխնիկայի, կրակային միջոցների և կենդանի ուժի խոցման նպատակով ռազմաօդային ուժերի մարտական գործողություններ:

ԱՎԻԱՑԻՈՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ, հակառակորդի վերգետնյա, օդային և ծովային նշանակետերը խոցելու նպատակով ավիացիոն թռչող սարքերի վրա տեղադրվող սպառազինություն: Տարբերակում են հրետանային, հրթիռային և ռմբակոծչային ԱՍ:

ԱՎՏՈՄԱՏ, ինքնաձիգ հրազեն, որից հրաձգությունը վարում են ատրճանակային և հրացանային փամփուշտների միջև անցումային հանդիսացող փամփուշտներով: «Գրոհային հրացան» անվանումը (Sturmgewehr) գերմանացիները շրջանառության մեջ դրեցին 1944 թվականից, սակայն ԽՍՀՄ-ում նախընտրեցին կոչել «Ա.»: Այսպիսով, «Գրոհային հրացան» և «Ա.» տերմինները վերաբերվում են միևնույն զենքին: Ներկայումս սպառազինությունում գտնվող Ա. մեծ մասը մշակված է փոքր տրամաչափի 5,56 մմ (ՆԱՏՕ-ի) կամ 5,45 մմ (խորհրդային) փամփուշտներով: 7,62 մմ-ից ավելի փոքր տրամաչափի անցումը հնարավորություն տվեց նվազեցնել զենքի չափսերը և զանգվածը, իսկ կրվող զինապաշարն ավելացվեց 2-3 անգամ: Փոքր տրամաչափի գնդակը մինչև 400 մ հեռավորության վրա ունի ավելի բարձր մահաբեր գործունեություն, քանի որ գնդակը, թռիչքի ժամանակ պահպանելով կայունությունը, մարմնի հյուսվածքների մեջ ընկնելով կորցնում է այն` ծանր պատառոտված վերքեր հասցնելով մարդուն: Ա. (գրոհային հրացանների) զարգացման հիմնական ուղղություններն են. զենքի չափսերի նվազեցում «բուլփափ» սխեմայով նոր նմուշներ ստեղծելով, որտեղ փամփշտատուփը և հարվածաձգանային մեխանիզմի որոշ մասը տեղավորված են խզակոթի մեջ, իսկ խզակոթը գտնվում է փողանցքի առանցքի շարունակության վրա:
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ, զինված ուժերի մարտական և ամենօրյա գործունեությունն ապահովելու համար նախատեսված անվավոր և թրթուրավոր տեխնիկա: ԱՏ են համարվում ավտոմեքենաները, անվավոր և թրթուրավոր քարշակները, փոխադրիչները, ավտոկռունկները, վերանորոգման շարժական արհեստանոցները, տարհանման մեքենաները, կցորդիչները, կիսակցորդիչները ևն:
ԱՏՐՃԱՆԱԿ, ձեռքի փոքրիկ, կարճ հրազեն՝ փոքր հեռավորությունների վրա հրաձգության համար: Առաջին ատրճանակներն (կարճեցված պատրույգավոր հրացաններ) առաջացել են XVI դ. և հիմնականում կիրառվում էին հեծելազորի կողմից: Դրա համար էլ Ա. իր միջազգային անվան համար պարտավոր է իտալական «պիստալլո» բառին, որը նշանակում է թամբի առաջամաս, որտեղ ամրացվում էին այդ զենքերի պատյանները: Ժամանակակից հասկացողությամբ Ա. անհատական ավտոմատ հրազեն է, հիմնականում` ինքնաձիգ (ավտոմատ): Դրա շնորհիվ ատրճանակները բոլոր երկրների բանակների սպառազինությունից դուրս են մղել թմբուկավոր ռևոլվերները, որոնց կրակված պարկուճները մնում էին թմբուկի մեջ, իսկ պարկուճների հեռացումը և թմբուկի լիցքավորումը բավական ժամանակ են պահանջում, որն, ի դեպ, մարտադաշտում կարող է և չլինել:

ԱՏՐՃԱՆԱԿ-ԳՆԴԱՑԻՐ, ինքնաձիգ հրազեն, որից կրակում են ատրճանակային փամփուշտներով: Սակավազոր փամփուշտների շնորհիվ ունեն բավական պարզ կառուցվածք, փոքր չափսեր և զանգված, դյուրին են սպասարկվում և շահագործվում: ԱԳ մեծ արդյունավետությամբ կիրառվել են 1930-ական թթ. Լատինական Ամերիկայի պետություններում ծագած բախումների ժամանակ և Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այնուհետև անցումային փամփուշտների համար ստեղծված գրոհային հրացանները ԱԳ դուրս մղեցին հրաձգային ստորաբաժանումների սպառազինությունից:


ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ, զորքերի առաջխաղացմանը խոչընդոտող կառույց, հարմարանք և ավերածություններ (փլուզումներ): Ստեղծվում են հակառակորդին կորուստներ պատճառելու, նրա տեղաշարժը և գործողությունները դժվարացնելու, զորաշարժը կաշկանդելու կամ սեփական զորքերի համար առավել նպաստավոր ուղղություններով նրան շարժվել հարկադրելու նպատակով: Ըստ բնույթի Ա. լինում են պայթյունային, ոչ պայթյունային, էլեկտրականացված և կոմբինացված, որի պատճառով մեր օրերում «Ա.» բառն ընդունված է կիրառել հոգնակի թվով:


Ա. ԽՏՈՒԹՅՈՒՆ, Ա. ընդհանուր երկարության հարաբերությունը ծածկվող ուղղության (գոտու, բնագծի, տեղամասի) ճակատի լայնությանը:

Ա. ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ, զորքերի կազմակերպված անցումը արգելափակոցների, ավերածությունների, փլուզումների, բնական և արհեստական արգելքների միջով` դրանց շրջանցումը բացառելու դեպքում:


ԱՐԿ, հրետանային ռազմամթերք՝ հրանոթից կրակելու համար: Բաղկացած է իրանից, մարտական լիցքից և պայթուցիչից:




ԱՐՇԱՎԱՆՔ , հարձակողական ռազմական գործողությունների տեսակ: Ներխուժում հակառակորդի կողմից վերահսկվող տարածք՝ առավել նպաստավոր պայմաններում պատերազմ վարելու ակնկալիքով, ինչպես նաև ավարառության կամ ասպատակության նպատակով:


ԱՐՏԱԳՐՈՀ, անակնկալ հարձակում հակառակորդի վրա՝ դիրքից, ամրությունից դուրս նետվելով:



Բ





ԲԱԲԱՆ , պաշարողական մարտական գործիք՝ ամրությունների վրա քարեր նետելու կամ ուղղակի հարվածներ հասցնելու համար:

ԲԱԼԻՍՏԱ, գետնամերձ հրաձգության համար նախատեսված հին նետող մեքենա: Գործարկվել է հյուսված թելերի (ջլերի, պարանների, մազերի ևն) ճկունության շնորհիվ: Նախատեսված էր ամրոցների պատերը կործանելու և պաշտպաններին խոցելու համար: Կիրառվել են մինչև 500 կգ զանգվածով քարեր, սրածայր գերաններ, ծանր նետեր ևն: Նետման հեռավորությունը 200-1000 մ:

ԲԱՆԱԳՆԱՑ, հակառակորդի հետ բանակցություններ վարելու լիազորություններով օժտված հակամարտող որևէ կողմ ներկայացնող անձ: Բ. օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, տարբերանշանը՝ սպիտակ դրոշ:

ԲԱՆԱԿ, որևէ պետության զինված ուժերի ամբողջությունը:

ԲԱՆԱԿԱԽՈՒՄԲ, ինքնուրույն կամ ճակատի կազմով առանձին (մասնակի) օպերատիվ խնդիրներ լուծելու նպատակով մի քանի զորատեսակների զորամասերից կամ միավորումներից կազմավորված ժամանակավոր զորամիավորում: Տրված առաջադրանքը կատարելուց հետո սովորավար Բ. կազմալուծվում էր:

ԲԱՆԱԿԱՏԵՂ, զորքերի կայան, կենտրոնացման շրջան:

ԲԱՐԻԿԱԴ, սովորաբար փողոցային մարտերի ժամանակ ձեռքի տակ եղած նյութերից սարքավորվող արգելափակոց: Որոշ աղբյուրներում ներկայացվում է որպես ժողովրդական զանգվածների կողմից օգտագործվող արգելափակոց ինքնապաշտպանական և հեղափոխական պայքարում:

ԲԱՐՈՅԱԼՔՈՒՄ, բարոյական քայքայում, բարոյականության, կարգապահության, ոգու անկում: Բ. զարգացման խթանիչներ կարող են հանդիսանալ այնպիսի գործոններ, ինչպիսիք են պատերազմի անբարենպաստ ընթացքը, անձնակազմի մեծ կորուստները և հոգնածությունը, անբավարար նյութական ապահովվածությունը, հակառակորդի քարոզչական ներգործությունը:

ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ, անհատի, կոլեկտիվի որակական գնահատական, որը կոլեկտիվում բնութագրում է հոգեբանական գործոնների ուղղվածությունը և դինամիկան, միջանձնային հարաբերությունները: Բնութագրում է բանակի հոգեկան և բարոյական ոգու ներուժը:

ԲԵԿՈՐ, զենքերից արձակված կամ ձեռքով նետված խոցող միջոցի (քար, արկ, ական, նռնակ, ավիառումբ ևն) պայթյունի կամ մասնատման արդյունքում կոտրված կարծր առարկա՝ հակառակորդի կենդանի ուժի և կրակային միջոցների ոչնչացման կամ խոցման համար: Պայթած բեկորներով խոցելու համար նախատեսված միջոցները կոչվում են բեկորային:

ԲԵՐԴ, մշտական շրջանաձև պաշտպանության համար կառուցված ամրություն, որը լայն տարածում է ստացել միջնադարում, ամրոց:

ԲԼԻՆԴԱԺ, պաշտպանական կառուցվածք, հրետանային կրակից և ռմբակոծությունից պաշտպանվելու ամուր ծածկով ապաստարան:

ԲՆԱԳԻԾ, պաշտպանական ամրությունների և ելման դիրքերի գիծը:

ԲՌՆԱԿ, շեղբավոր սառը զենքի մաս, կազմված է բռնակից, խաչարդից, երախակալից ևն:

ԲՐԻԳԱԴ, մի քանի գնդերից, գումարտակներից ու մարտկոցներից բաղկացած միավորում:



Գ





ԳԱՂՏՆԻՔ, հրապարակման համար չնախատեսված տեղեկություն:

ԳԱՅԼԱՓՈՍ, երբեմն հատակին սրածայր ցցերով հատած կոնի տեսքով փոս: Հակահետևակային արգելափակոցի տեսակ:

ԳԱՐԳԱՄԱԿ, ծագումն ու ճիշտ նշանակությունը հայտնի չեն: Բառարանները բացատրում են իբրև սաղավարտի (խույրի) վրայի զարդ: Կարող է կիրառվել Գ-ով գլխանոցն ու սաղավարտը մեկ բառով նկարագրելու համար: Գ-ը ոսկուց կամ արծաթից շինված արծիվ էր, որ գլխի (սաղավարտի) վրա կրում էին իբրև գլխի պատիվ:

ԳԵՆԵՐԱԼ, բարձրաստիճան սպաների զինվորական կոչում: Առաջին անգամ հայտնվել է Ֆրանսիայում XVI դ.:

ԳԵՆԵՐԱԼ-ՖԵԼԴՄԱՐՇԱԼ, ռուսական, գերմանական և ավստրիական բանակներում բարձրաստիճան սպաների զինվորական կոչում: Մտցվել է Պրուսիայում XVI դ.: Որոշ երկրներում համապատասխանում է մարշալի աստիճանին:

ԳԵՏԱՆՑՈՒՄ, զորքերի կողմից ջրային արգելքի հաղթահարումը:

ԳԵՏԱՆՑՄԱՆ ՏԵՂԱՄԱՍ, ջրային արգելքը հաղթահարելու տեղամաս:

ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ, գլխավորապես զորքերի (ուժերի) թվաքանակի, նրանց հանդերձանքի և ապահովման, բարոյական վիճակի, մարտական գործողություններ վարելու արվեստով մարտում և օպերացիայի ժամանակ հակառակորդի նկատմամբ ունեցած առավելությունը:

ԳԵՐԻ, պատերազմի ժամանակ թշնամու ձեռքն ընկած և ազատությունից զրկված մարդ:

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՎԱԾ, դիմադրող հակառակորդին ջախջախիչ հարված հասցնելու և օպերացիայում (մարտում) տրված առաջադրանքը կատարելու նպատակով ընտրված ուղղությամբ (շրջանում) զորքերի (ուժերի) հարձակողական գործողություններ:

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲ, պետության զորքերը (զինված ուժերը) ղեկավարող օրգան:

ԳԼԽԱՅԻՆ ՋՈԿԱՏ, առաջապահ ուժերի կողմից առանձնացվող երթային պահպանության օրգան, որն ուղարկվում է նրա անխափան տեղաշարժն ապահովելու, նրա վրա հանկարծակի հարձակումը կանխելու և բացազատվելու ու մարտի մեջ մտնելու նպաստավոր պայմաններ ստեղծելու առաջադրանքով: Տեղանքի առանձնահատկություններից ելնելով` առաջապահ ուժերի հրամանատարը կարող էր հաճախակի փոխել ԳՋ կազմը, որի պատճառով սխեմաներում (սխեմատիկ պատկերներում) չենք առանձնացրել վերջիններիս կազմից:

ԳԼԽԱՎՈՐ ՈՒԺԵՐ, օպերացիայում (մարտում) գլխավոր խնդիրներ կատարելու համար նախատեսված միավորման (զորամասի) հիմնական ուժերի և միջոցների խմբավորում:

ԳՈՅԱՄԱՐՏ, անհատի, ազգային, մշակութային կամ կրոնական խմբավորման կողմից անբարենպաստ պայմաններում (ագրեսիվ կամ թշնաբար տրամադրված միջավայրում) կյանքի (գոյության) համար մղվող պայքար: Վերջին շրջանի առավել տիպական գոյամարտերից է Արցախյանը (1990-1994թթ.):

ԳՆԴԱԿ, հրաձգային, ինչպես նաև որսորդական և սպորտային զենքի փամփուշտի գլխային (դուրս նետվող) մասը: Հարթափող զենքի համար առաջին Գ-ը (XIV-XVդդ.) կապարից էր, գնդաձև (այստեղից էլ` հայերենում ընդունված Գ. անվանումը): Խոցող ուժը կախված է Գ. ձևից, խոցման հեռավորությունից և ներքին լրացուցիչ հանդերձանքից: Ամրացվում է փամփուշտի պարկուճի մեջ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ Գ., նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը խոցելու համար: Սովորական Գ-ը կազմված է պատյանից և միջուկից: Պողպատյա միջուկ ունեցող Գ. պատյանի և միջուկի միջև դրվում է միջնորմը (կապարե շապիկ):

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ Գ., կենդանի ուժը խոցելուց բացի, ունի նաև այլ նշանակություն: Հատուկ նշանակության Գ. են լուսածրող, հրկիզող, զրահահար, զրահահար հրկիզող, զրահահար հրկիզող լուսածրող, նշանափորձիչ հրկիզող, փոքրացված սկզբնական արագությամբ Գ.:

ԳՆԴԱԿԻ ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆ, բնութագրվում է նպատակին հանդիպելու պահին նրա ունեցած էներգիայով:

ԳՆԴԱԿԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, գնդակի շարժման արագությունը փողաբերանի մոտ: ԳՍԱ զենքի մարտական հնարավորությունների կարևորագույն բնութագրերից է: Մեծացնելով ԳՍԱ մեծանում է գնդակի թռիչքի հեռավորությունը, հարվածող և ծակող ազդեցությունը, փոքրանում է թռիչքի ժամանակ արտաքին պայմանների ազդեցությունը:

ԳՆԴԱԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, կոչվում է գնդակի (նռնակի) անկման կետում ունեցած արագությունը:

ԳՆԴԱՊԵՏ, ավագ սպայական զինվորական կոչում: Համապատասխանում է գնդի հրամանատարի պաշտոնին:

ԳՆԴԱՑԻՐ, ցամաքային և օդային, գլխավորապես, կենդանի նշանակետերը խոցող արագաձիգ ավտոմատ զենք:

ՄԻԱՍՆԱԿԱՆ Գ., գնդացիր, որից հրաձգությունը կարելի է վարել թե՛ հաստոցից և թե՛ հենակներից: ՄԳ-ն սպասարկում է երկու հոգուց կազմված հաշվարկը:

ՀԱՍՏՈՑԱՎՈՐ Գ., հատուկ հաստոցի կամ կայանքի վրայից կրակի համար նախատեսված Գ.: Հաստոցավոր առաջին Գ-ը, որն իրեն լիովի արդարացրեց 1899-1902թթ. անգլո-բուրական պատերազմում և այնուհետև առանց լուրջ փոփոխությունների ընդունվեց գրեթե բոլոր երկրների բանակների սպառազինության մեջ, ամերիկացի գյուտարար Հ.Մաքսիմի Գ. էր:


ՁԵՌՔԻ Գ., ձեռքի հրաձգության ժամանակ հրաձիգի կողմից պահվող Գ.: Հիմնականում մշակվում են ավտոմատների (գրոհային հրացանների) հիմքի վրա և դրանցից տարբերվում են հենակների առկայությամբ, երկարատև հրաձգության համար նախատեսված ծանր փողով և տարողունակ փամփշտատուփով: ՁԳ առաջին նմուշներից առավել արդյունավետը և տարածում գտածը անգլիական «Լյուիսի» ձեռքի Գ. էր (1915թ.):

ՄԵԾ ՏՐԱՄԱՉԱՓԻ Գ., հզոր ավտոմատ զենք է: Նախատեսված է թույլ զրահավորված նպատակների և կրակային միջոցների դեմ պայքարելու համար, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու և օդային նպատակները խոցելու համար: ՄԳ-ով զինվում են հետևակը և մարտական տեխնիկան:

ԳՐՈՀ, ուժերի գերլարումով վճռական հարձակում հակառակորդի վրա առավելագույն արագությամբ: Այն հարձակման առավել վճռական պահն է և վարվում է բարձր տեմպով՝ գրոհողների ուժերի լրիվ լարմամբ: Գ. հաջողությունը մեծապես ապահովվում է համառությամբ, գրոհողների գործողությունների հանդգնությամբ, հարվածի անսպասելիությամբ, զորաշարժի սրընթացությամբ, կրակի (խոցման) և շարժման անընդհատ զուգակցմամբ: Ըստ գործողությունների ժամանակի Գ. լինում է ցերեկային և գիշերային, իսկ ըստ վարման ուղղությունների՝ ճակատային, թևային, ինչպես նաև թիկունքից: Գ-ն սկսվում է ելման դիրքերից կամ Գ. անցնելու բնագծից՝ կախված Գ. անցնելու եղանակներից:

ԳՐՈՀԱՅԻՆ ԽՈՒՄԲ (ՋՈԿԱՏ), ամրոցների (ամրացված շրջանների) վրա հարձակվելիս, բնակավայրում, լեռներում և այլ պայմաններում մարտ վարելիս` լավ ամրացված առանձին հենակետերի, դիմադրության օջախների և կարևոր օբյեկտների ոչնչացման համար կազմավորված ժամանակավոր խմբավորում:

ԳՐՈՀԵԼ, հակառակորդի ամրացված շրջանների, դիրքերի, հզոր պաշտպանական կառույցների (ամրոցների) ուժերի գերլարումով սրընթաց գրավումը:

ԳՐՈՀԻ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄ, պաշտպանվող զորքերի կողմից իրականացվող մարտական գործողություններ, որոնք վարվում են գրոհող հակառակորդին կանգնեցնելու, նրան առավելագույն կորուստներ հասցնելու և պաշտպանության ճեղքումը թույլ չտալու նպատակով:

ԳՐՈՀԻ ԿՐԱԿԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, գրոհող զորքերից առաջ, հրետանու կրակով, հրթիռային զորքերի, ավիացիայի և այլ միջոցների հարվածներով հակառակորդին հաջորդաբար կրակով խոցելու փուլերից է: ԳԿԱ կարող է իրականացվել բոլոր խոցող միջոցներով միաժամանակ, լինել միայն հրետանային (հրթիռահրետանային) կամ միայն ավիացիոն:

ԳՐՈՀԻ ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ցամաքային զորքերի գրոհից առաջ հակառակորդին կրակով խոցելու փուլը, որը ներառում է հրետանու կրակը, հրթիռային զորքերի, ավիացիայի և այլ միջոցների հարվածները: ԳԿՊ կարող է իրականացվել բոլոր խոցող միջոցներով միաժամանակ, լինել միայն հրետանային (հրթիռահրետանային), իսկ ավելի հազվադեպ՝ միայն ավիացիոն:

ԳՐՈՀԻՉ ԻՆՔՆԱԹԻՌ, մարտի ժամանակ ցամաքային զորքերին անմիջականորեն օդային աջակցություն ցուցաբերող մարտական ինքնաթիռ` նախատեսված վերգետնյա նշանակետերը, հատկապես տանկերը ոչնչացնելու համար: ԳԻ առաջին հաջողված տարբերակը եղել է ռուս ավիակոնստրուկտոր Իլյուշինի ԻԼ-2 գրոհիչը՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

ԳՈՒՄԱԿ, նյութական միջոցները տեղափոխող, պահպանող և մատակարարող ձիաքարշ ստորաբաժանումների հավաքական անվանումը:

ԳՈՒՄԱՐՏԱԿ, զորքի ստորաբաժանում, որը բաղկացած է մի քանի վաշտերից:

ԳՈՒՆԴ, (պատմ.) ինքնուրույն մարտական գործողություններ վարող զորական միավոր: Միջնադարյան հայ պատմիչներն ինքնուրույն գործողություններ վարող ցանկացած զորամաս, անկախ մեծությունից, կարող էին կոչել Գ. կամ զորագունդ: Այն հաճախ ընդամենը ցույց էր տալիս, որ մարտին (ռազմերթին կամ այլ կարգի գործողությանը) չի մասնակցում ամբողջ բանակը:


ԳՈՒՐԶ, հին հարվածային սառը զենք: Կարճ փայտյա բռնակի վրա նստեցված քարե կամ մետաղյա (առանձին դեպքերում՝ սուր ծայրերով) գլխիկ էր:



Դ





ԴԱՇԻՆՔ, համատեղ քաղաքական, տնտեսական, ռազմական կամ այլ գործունեություն կատարելու նպատակով ստեղծվող պետությունների ժամանակավոր միություն:

ՌԱԶՄԱԿԱՆ Դ., կոալիցիոն պատերազմ վարելու նպատակով ստեղծվող պետությունների ժամանակավոր ռազմաքաղաքական միություն:

ԴԱՍԱԼԻՔ, զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքող կամ էլ ծառայությունից խույս տալու նպատակով զինվորական ծառայությունից խուսափող զինծառայող:

ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ, զինծառայողի կողմից զորամասի կամ ծառայության վայրի ինքնակամ լքում կամ էլ զինվորական ծառայության չներկայանալը՝ ծառայությունից խույս տալու նպատակով:

ԴԱՍԱԿ, զորական միավոր (ստորաբաժանում) վաշտի կազմում՝ բաղկացած մի քանի ջոկերից:

ԴԱՐԱՆ, թաքնվելու, պահվելու տեղ հակառակորդի վրա հանկարծակի հարձակվելու կամ հեռվից խոցելու համար:

ԴԵՍԱՆՏ, ռազմական գործողություններ վարելու համար հակառակորդի տարածք նետված զորք:

ԴԵՏՈՆԱՑԻԱ, տվյալ պայմաններում հնարավոր առավելագույն արագությամբ ընթացող պայթյուն: Պայթուցիկ նյութերի մեծ մասն ի վիճակի է որոշակի արտաքին պայմաններում դետոնացիա կատարել: Որոշ քանակությամբ պայթուցիկ նյութի դետոնացիա կարող է առաջացնել ուրիշ պայթուցիկ նյութի պայթյուն, նրան անմիջապես հպվող կամ նրանից որոշակի հեռավորության վրա գտնվելու պայմաններում: Դրա վրա են հիմնվում ճայթիչ - դետոնատորի կառուցվածքը և օգտագործումը: Տարածության վրա դետոնացիայի հաղորդումը կապված է պայթուցիկ նյութի` շրջակա միջավայրում հարվածային ալիքի տարածմամբ:

ԴԵՏՔ, պաշտպանության ու հետախուզության համար զորքից առաջ ուղարկվող փոքր ջոկատ:

ԴԵՏՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ, ուղարկվում է հետախուզությունը վարող կամ գլխավոր ուժերից կտրված մարտական խնդիրը կատարող մարմիններից՝ հակառակորդին ժամանակին հայտնաբերելու և տեղանքը հետախուզելու համար:

ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅՈՒՆ, զինծառայողների կողմից մարտի դաշտում սեփական, դաշնակից կամ հակառակորդի զոհվածների կամ վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց (խաղաղ բնակչության) իրերի բացահայտ կամ գաղտնի հափշտակում: Դ. է համարվում նաև մարտի դաշտից դուր հանվող վիրավորների իրերի հափշտակումը:

ԴԻՆԱՄԻՏ (ՈՒԺԱՆԱԿ), նիտրոգլիցերինի և խտանյութերի հիման վրա ստացված բրիզանտային (փշրող, ջախջախող) պայթուցիկ նյութ: Օգտագործվել է մինչև XX դ. կեսերը, այնուհետև փոխարինվել է ավելի նվազ զգայուն պայթուցիկ նյութերով:

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, պատերազմող կողմերի դիվանագիտական միջոցների օգտագործումը հակամարտությունը վարելիս իրենց համար նպաստավոր միջազգային իրադրություն ստեղծելու նպատակով:

ԴԻՎԵՐՍԻԱ, 1. Ռազմական կողմնակի գործողություն՝ հակառակորդի ուշադրությունը գլխավոր հարվածի ռազմաբեմից հեռացնելու նպատակով: 2. Ռազմական և արդյունաբերական կարևոր օբյեկտների շարքից հանում:

ԴԻՎԻԶԻԱ, մի քանի գնդերից կամ բրիգադներից կազմված զորամիավորում:

ԴԻՎԻԶԻՈՆ, հրետանային զորքերի ստորաբաժանում:

ԴԻՏԱԿԵՏ (ԴԿ), մարտակարգի այն տարրն է, որտեղից կատարում են հակառակորդի և տեղանքի հետախուզում, հակառակորդի և մեր զորքերի գործողությունների դիտարկում: ԴԿ-ը կարող է լինել. 1. հրամանատարական (ՀԴԿ). 2. օժանդակ (կողային ԴԿ և առաջնային ԴԿ):


ԴԻՏԱՐԿՈՒՄ, ստորաբաժանումների կողմից հակառակորդի գործողություններին հետևելու միջոցով իրականացվող հետախուզություն վարելու հիմնական միջոց:


ԴԻՏՈՐԴ, նշանակվում է հակառակորդին և տեղանքը հետախուզելու, ինչպես նաև բոլոր մարտատեսակներում, տեղաշարժվելիս և տեղում տեղաբաշխվելիս յուրային ստորաբաժանումների ու հարևանների գործողություններն ու դրությունը դիտարկելու համար:


ԴԻՐՔ, մարտ վարելու համար նախատեսված ամրաշինական կառույց կամ այդ նպատակով նախապատրաստված (կարող է լինել նաև չնախապատրաստված, սակայն զորքով զբաղեցված) տեղանքի հատված: Ժամանակակից մարտում Դ. ունենում են ամենափոքր ստորաբաժանումները կամ կրակային (խոցման) միջոցները, օրինակ` ջոկի Դ., կրակային Դ. և այլն:



Ե





ԵԼՄԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ (ԿԵՏ, ԲՆԱԳԻԾ), անհրաժեշտ է, որպեսզի ռազմերթի սկզբում զորամասը (ստորաբաժանումը) վերադասավորվի շարասյան, հավաքի սահմանած արագությունն ու կարգավորի ստորաբաժանումների (մեքենաների) միջտարածությունը:

ԵՆԹԱՍՊԱ, զինվորական կոչում: Զբաղեցնում է սերժանտների և սպաների միջև միջանկյալ տեղ:

ԵՌԱԺԱՆԻ, երեք ատամ՝ սուր ծայր ունեցող մարտական գործիք:

ԵՐԹ (ՌԱԶՄԵՐԹ), զորքերի (զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների) կազմակերպված տեղաշարժը ճանապարհներով կամ երթային ուղիներով նշված շրջան, բնագիծ դուրս գալու համար՝ պահպանելով մարտունակությունը:

ԵՐԹԱՅԻՆ ԿԱՐԳ (ԵՐԹԱԿԱՐԳ), զորքերի դասավորվածությունը ռազմերթ կատարելու համար: Ե. կազմված է պահպանության շարասյունից, գլխավոր ուժերից և տեխնիկական ապահովման ու թիկունքի ստորաբաժանումներից:

ԵՐԹԱՐՇԱՎ, զորքերի (զորամիավորումների, զորամասերի, ստորաբաժանումների) կազմակերպված տեղաշարժը ճանապարհներով կամ երթային ուղիներով նշված շրջան, բնագիծ դուրս գալու համար՝ պահպանելով մարտունակությունը:



Զ





ԶԱՎԹԵԼ, զենքի ուժով տիրել, նվաճել:

ԶԵՆԻԹԱՅԻՆ ԶԵՆՔ, օդային նշանակետեր ոչնչացնող զենք: Որպես առանձին զինատեսակ ի հայտ Է եկել Առաջին աշխարհամարտի ժամանակ, ռազմական ավիացիայի կիրառմանը զուգահեռ: Տարբերակում են Զ. գնդացրային կայանքները, Զ. հրետանին, Զ. հրթիռային կայանքները, Զ. հրթիռային փոխադրվող համալիրները:

Զ. ԳՆԴԱՑՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔ, ավտոմատ զենք, բաղկացած է մեկ կամ մի քանի (սովորաբար 2-4) գնդացիրներից (տրամաչափը՝ 12,7-23 մմ, մեկ փողի արագաձգությունը 500-800 կրակոց/րոպ., գնդակոծման ուղղաձիգ անկյունը 90Օ է, հորիզոնական անկյունը 360Օ), որոնք մոնտաժված են հատուկ հաստոցի վրա և ունեն զենիթային հրաձգության նշանառման ընդհանուր մեխանիզմներ և նշանոցի հարմարանքներ: Հրաձգությունը կատարվում է հիմնականում զրահահար հրկիզող և զրահահար հրկիզող լուսածրող գնդակներով: Երևան է եկել 1930-ական թթ.: ԶԳԿ-ով զինում են ցամաքային զորքերի զենիթային ստորաբաժանումները, տանկերը, նավերը: Ցամաքային զորքերի ԶԳԿ-ը տեղափոխում են կցովի հրետասայլերով կամ տեղակայում են հատուկ հաստոցների վրա:

Զ. ՀՐԵՏԱՆԻ, օդային նշանակետեր ոչնչացնող հրետանային զենք: Գործածվում են 1914 թվականից:

Զ. ՀՐԹԻՌԱՅԻՆ (ՏԵՂԱՓՈԽՎՈՂ) ՀԱՄԱԼԻՐ, նախատեսված է ցածր թռչող օդային նշանակետերը խոցելու համար: Առաջին ԶՀրՏՀ ընդունվել է ԱՄՆ բանակի և ծովային հետևակի կորպուսի սպառազինության մեջ 1965թ.: Ներկայումս ԶՀրՏՀ-ը փոքր տրամաչափի զենիթային հրետանային կայանքների հետ միասին համարվում է հետևակային և այլ ստորաբաժանումների, ինչպես նաև հրամանատարական կետերի և կարևոր նշանակության փոքր օբյեկտների ՀՕՊ միջոց:

ԶԵՆՔ, հարձակողական կամ պաշտպանողական ռազմական գործիքների ամբողջություն: Լայն հասկացողությամբ կոչվում են զինված պայքարում հակառակորդին հաղթելու և ոչնչացնելու համար օգտագործվող բոլոր հարմարանքներն ու միջոցները:

ԱԿՈՍԱՎՈՐ Զ., զենք, որի փողանցքի ուղղորդ մասը արկին (գնդակին) պտտական շարժում հաղորդելու նպատակով պարուրակաձև ակոսներ ունի: Դրա շնորհիվ արկը (գնդակը) հետագծում կայունությունը չի կորցնում, ինչը հնարավորություն է ընձեռում հրաձգության համար բավարար հեռավորություն և խտություն ստանալ:

ԱՆՁՆԱԿԱՆ Զ., կարճ տարածությունների վրա ինքնապաշտպանության և հարձակման համար նախատեսված անհատական զենք: Մեր օրերում ԱԶ թվին են պատկանում ատրճանակները, ռևոլվերները, ինչպես նաև սվին-դանակները (դաշույնները), սրերը ևն:

ԱՎՏՈՄԱՏ Զ., վերալիցքավորումը կատարվում է վառոդի գազերի էներգիայի հաշվին: Վերալիցքավորումը և հերթական կրակոցն իրականացվում են ավտոմատ՝ ի հաշիվ վառոդային գազերի էներգիայի:

ԹՄԲՈՒԿԱՎՈՐ Զ., փամփուշտների սնուցումը կատարվում է թմբուկից: Տարածված է հիմնականում ռևոլվերավոր ատրճանակների տեսքով: Թմբուկավոր զենքերի հիմնական թերությունը վերալիցքավորումն է (ձեռքով պարկուճների հեռացումը և թմբուկի լիցքավորումը բավական ժամանակ է պահանջում):

ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ Զ., կարելի է հրաձգությունը վարել միայն մենահատ կրակոցներով: Ինքնալիցք զենքն ունի պահեստատուփ, որից հերթական փամփուշտը յուրաքանչյուր կրակոցից հետո ավտոմատ ուղարկվում է փամփշտանոց, և հերթական կրակոցն իրականացնելու համար բավական է թողնել և կրկին սեղմել ձգանը:

ԻՆՔՆԱՁԻԳ Զ., կարելի է հրաձգությունը վարել կրակահերթերով և անընդհատ կրակով: Ինքնաձիգ զենքով կրակոցները հետևում են մեկը մյուսին, քանի դեռ չի թողնվել ձգանը կամ պահեստատուփում (ժապավենում) չեն վերջացել փամփուշտները:

ԻՆՔՆԱՇԵՆ Զ., անհատի կամ մի խումբ անձանց կողմից տնայնագործական եղանակներով (զենք արտադրելու համար չնախատեսված սարքավորումների և նյութերի կիրառմանբ) պատրաստված զենք:

ԽՄԲԱԿԱՅԻՆ Զ., անձնակազմի (հաշվարկի) կողմից սպասարկվող զենք, որոնք նախատեսված են հիմնականում մեծ հեռավորության վրա հակառակորդին խոցելու համար: Հին և միջին դարերում ԽԶ պարսպակործան, քարանետ ու նիզականետ մեքենաներն էին:

ԿԱՅԾՔԱՐԵ ԿՈՂՊԵՔՈՎ Զ., 17,5-21,5 մմ տրամաչափի, 4-6 կգ քաշով և 140-200 մ հրաձգության հեռահարությամբ ձեռքի հրազեն (ատրճանակ, հրացան): Հայտնվել է պատրույգավոր հրացանից հետո: XIX դ. կեսերին փոխարինվել է պատիճավոր Զ-ով:

ՀԱՐԹԱՓՈՂ Զ., զենք, որի փողանցքը հարթ է: Մինչև XIX դ. կեսերը գրեթե ամբողջ հրազենը եղել է հարթափող և փողաբերանից լիցքավորվող, կրակում էր գնդաձև գնդակներով (պատրույգավոր՝ մուշկետ, կայծքարի կողպեքով՝ հրացան կամ ատրճանակ ևն): Փոխարինվել է ակոսավոր զենքով: 1720-ական թթ. Արցախում և Սյունիքում կազմակերպվել է ՀԶ (այդ թվում՝ հրանոթների) արտադրություն, որով զինվում էին ազատագրական պայքարի մարտիկները:

ՀՐԱՁԳԱՅԻՆ Զ., զենք, որում փողից գնդակի (արկի) դուրս նետումը կատարվում է վառոդի գազերի էներգիայի օգտագործմամբ:

ՀՐԿԻԶՈՂ Զ., հակառակորդի վրա անմիջականորեն հրկիզող նյութերով ազդող և դրանցով հրդեհներ առաջացնող զենք: Ներառում է զինամթերքը (հրահեղուկ խառնուրդը) և նշանակետին հասցնելու միջոցը:

ՃԱՆԿՄԱՆ Զ., թիակավոր և առագաստային նավատորմերում ճանկումով հակառակորդի նավը գրավելու ժամանակ օգտագործվող սառը կամ հրաձգային զենք:

ՆԵՏՈՂ Զ., հին և միջին դարերում հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու և պաշտպանական կառույցներն ավերելու նպատակով կիրառվող ռազմական մեքենաներ: Նետող մեքենաների կառուցվածքը հիմնված է ոլորված և ձգված թելքերի (ջլեր, մազեր ևն) էներգիայի օգտագործման վրա: Նետող մեքենաները հայտնի էին դեռ Հին Արևելքում (Ասորեստանում, Հնդկաստանում ևն), Հին Հունաստանում և, հատկապես, Հին Հռոմում, որտեղ այդ մեքենաները բաժանվում էին բալիստների և կատապուլտների: V դարում Բյուզանդիայում սկսեցին կիրառել նետող մեքենաների նոր տեսակ՝ ֆրանդիբոլը:

ՈՉ ԱՎՏՈՄԱՏ Զ., վերալիցքավորումը կատարվում է հրաձիգի ջանքով: Լինում են միալիցք, տուփով և թմբուկավոր (ռևոլվերներ, սպորտային հրացաններ և այլն):

ՊԱՀԵՍՏԱՏՈՒՓԱՅԻՆ Զ., փամփուշտների սնուցումը կատարվում է փամփշտատուփից: Փամփշտատուփը կարող է լինել ուղղանկյուն, կլոր սկավառակային, շնեկային ևն:

ՌԵԱԿՏԻՎ Զ., զենք, որից հրաձգությունը կատարվում է ռեակտիվ (ինքնաշարժ) արկով:

ՍԱՌԸ Զ., ձեռնամարտի զենք: Պայմանականորեն դասակարգվում է. ըստ կառուցվածքի՝ շեղբավոր (դաշույն, թուր, սուր, սուսեր, դանակ, սվին ևն), կոթավոր (սակր, գեղարդ, նիզակ, տեգ ևն) և հարվածային (գուրզ, տապար ևն): Ըստ խոցման՝ ծակող, հատող, ծակող-հատող, ծակող-կտրող, հարվածող-հատող և հարվածող-փշրող: ՍԶ հայտնի է հնուց, և մինչև այժմ էլ նրա որոշ նմուշներ օգտագործվում են զորքերում (դաշույն, դանակ, սվին, սուսեր):

ՏՈՒՓԱՎՈՐ Զ., փամփուշտների սնուցումը կատարվում է տուփից: Տուփը, որպես կանոն, փամփուշտներով լիցքավորվում է պահունակի օգնությամբ:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ Զ., նախատեսված է հրազենի նյութական մասի, հրաձգության եղանակներն ու կանոններն ուսումնասիրելու համար:

ԶԵՆՔԻ ՀԵՏՄՂՈՒՄ, կոչվում է զենքի (փողի) շարժումը դեպի հետ կրակոցի ժամանակ:

ԶԵՆՔԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ, զենքը հաջորդ կրակոցին պատրաստելու գործընթաց:

ԶԻՆԱԴԱԴԱՐ, ռազմական գործողությունները պատերազմող կողմերի միջև ժամանակավորապես դադարեցնելու փոխադարձ համաձայնություն: Լինում է ընդհանուր (կնքում են գլխավոր հրամանատարները) և տեղական (կնքում են տեղական հրամանատարները գլխավոր հրամանատարի լիազորությամբ): Ընդհանուր Զ-ի դեպքում պատերազմական գործողությունները դադարեցվում են պատերազմի ողջ թատերաբեմում (հարցերի լայն շրջանակներ ընդգրկելու հետևանքով հաճախ վեր է ածվում հաշտության պայմանագրի), մասնակի Զ-ի դեպքում՝ որոշակի հատվածում:

ԶԻՆԱԽԱՂԵՐ, պատանիների, երիտասարդների և զինվորականների մրցություններ:

ՊԱՏԱՆԵԿԱՆ Զ. (բերդախաղեր, լախտախաղեր, մկնդախաղեր, ճիպոտներով թրակռիվ, դաշույնակռիվ ևն), ունեցել են ռազմա-սպորտային բնույթ: Խաղակիցներին իրավունք էր վերապահված հարվածել հակառակորդին, բայց, դարերով մշակված կանոնների համաձայն, խեղումներ չառաջացնել:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ Զ-ի (սուսերախաղեր, նիզակախաղեր, պարանախաղեր, ավելի ուշ՝ հրազենով նշանառություն ևն) մեծ մասը կատարվում էր ձիավարությամբ: Օգտագործվում էին նաև իսկական զենք ու զրահ (սուր, նետ ու աղեղ, հրազեն, սաղավարտ, վահան, դիմակալ, լանջապանակ ևն): Զ-ին, որպես ռազմական վարժությունների, պետական կարևոր նշանակություն էր տրվում: Թագավորները և իշխանները խրախուսելու համար պարգևատրում էին երիտասարդներին:

ԶԻՆԱԿԻՐ, ասպետի մոտ ծառայող 14-20 (հազվադեպ` մինչև 21) տարեկան երիտասարդ ազնվականի կոչում միջնադարյան Եվրոպայում: Սկզբում Զ-ը 5-7 տարի սովորում էր ասպետի մոտ, ուղեկցում նրան, պահպանում և պաշտպանում մարտի ժամանակ, այնուհետև ասպետ էր ձեռնադրվում:

ԶԻՆԱՄԹԵՐՔ, սպառազինության բաղկացուցիչ մասը, որը նախատեսված է նշանակետը անմիջապես խոցելու կամ զորքերի գործողություններն ապահովելու համար: Ըստ զինատեսակի Զ. դասակարգվում են. հրթիռների մարտական մասեր, հրետանային Զ. (հրետանային կրակոցներ, ականանետային կրակոցներ, նռնականետային կրակոցներ), հրազենի փամփուշտներ, խոցման ռմբանետման միջոցներ, ինժեներական ականներ, ծովային ականներ, ձեռքի նռնակներ, լուսավորող և ազդանշանային փամփուշտներ ևն: Ըստ նշանակության Զ. դասակարգվում են հիմնական, հատուկ և օժանդակ Զ.:

ՀԻՄՆԱԿԱՆ Զ., լինում են սովորական և զանգվածային խոցման:

ՍՈՎՈՐԱԿԱՆ Զ., լիցքավորվում են կամ պայթուցիկ նյութով, կամ հրկիզող նյութերով:

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽՈՑՄԱՆ (ՈՉՆՉԱՑՄԱՆ) Զ., լինում են միջուկային, քիմիական և կենսաբանական Զ.:

ՀԱՏՈՒԿ Զ., լինում են խոտորումներ առաջացնող, լուսավորող, ազդանշանային, ծխային, նշանափորձիչ-նպատականշող, քարոզչական ևն:


ՕԺԱՆԴԱԿ Զ., լինում են ուսումնական, նմանակող ևն:

ԶԻՆԱՆՈՑ (ԱՐՍԵՆԱԼ), զենք և զինամթերք արտադրող, ընդունող, նորոգող, հավաքող, հաշվառող, պահպանող և զորքերին մատակարարող ռազմական ձեռնարկություն: Հայտնվել է XVI դ.: Հայաստանում լիարժեք իմաստով Զ. ունեցող առաջին ամրոցներից մեկը Դավիթ-Բեկի կառուցած Հալիձորն էր:

ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, օրենքով հաստատագրված քաղաքացիների Հայրենիքը պաշտպանելու սահմանադրական պարտքը և պարտականությունները կատարելու կարգը: Զ. նախատեսում է. զինվորական հաշվառումը, զինվորական ծառայությանը պարտադիր նախապատրաստումը, զորակոչով զորակոչումը և անցումը զինվորական ծառայության, պահեստազորում գտնվելը, պահեստազորում գտնվելու ընթացքում հավաքներին մասնակցումը, ինչպես նաև զորահավաքի (մոբիլիզացում), ռազմական դրության և պատերազմի ժամանակ զորակոչ, զինվորական ծառայության և ռազմական ուսուցման անցումը:

ԶԻՆՎԱԾ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ, գործող իշխանությունների դեմ քաղաքական իշխանությունը զավթելու նպատակով զենքը ձեռքին որոշակի սոցիալական խմբերի բացահայտ գործողություններ:

ԶԻՆՎՈՐ, զինված ուժերի շարքային անձնակազմի կրտսեր զինվորական կոչում: Հին Հայաստանում կոչել են զենուվոր, զինավոր, զինակիր:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, օրենքներով, զինվորական կանոնադրություններով և հրամանատարների հրամաններով սահմանված կարգ ու կանոնի ճշգրիտ պահպանումն է բոլոր զինծառայողների կողմից:

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏԻՎ, զինվորի ներքին բարոյական հատկությունը, որը բնութագրում է նրա վարքը, վերաբերմունքը կոլեկտիվի, զինվորական պարտքը կատարելու հանդեպ: ԶՊ բարձրագույն ցուցանիշը՝ Հայրենիքը զինված պաշտպանելու ժամանակ մարտի դաշտում ցուցաբերած քաջությունն է:

ԶՈՐԱԲԱՆԱԿ, մի քանի զորքերի միավորում, որը գտնվում է մեկ գլխավոր հրամանատարի հրամանատարության տակ և գործում է ռազմաճակատի մի հատվածում:

ԶՈՐԱԹԵՎ (ԹԵՎ), 1. կռվող զորքի աջ, ձախ թևը, մարտակարգի կենտրոնը կամ առանձնացված պահեստազորը: 2. Զորքերի մարտական դասավորվածության՝ զորասյան կամ շարքի աջակողմյան կամ ձախակողմյան մասը:

ԶՈՐԱԽԱՂ, զորային միավորման առավելագույնս պատերազմական իրավիճակին մոտեցված մարտավարական պարապմունք: Զ. զինախաղերի ընթացքում յուրացված հնարքների համալիր կիրառումն է:

ԶՈՐԱԽՈՒՄԲ, զորքի մաս, առանձին զորական խումբ:

ԶՈՐԱՀՐԱՄԱՆԱՏԱՐ, զինված ուժերում բարձր հրամանատարական կամ շտաբային պաշտոն զբաղեցնող զինվորական պետ:

ԶՈՐԱՄԱՍ, հաստատագրված հաստիքներով պահվող զինված ուժերի ինքնուրույն մարտական և վարչատնտեսական միավոր: Ներառում է բոլոր գնդերը, գնդերի կազմի մեջ չմտնող առանձին գումարտակները, գումարտակների և գնդերի կազմի մեջ չմտնող առանձին վաշտերը:

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ, մի քանի զորամասերից, սովորաբար տարբեր զորատեսակներից, հատուկ զորքերից (ծառայություններից), ինչպես նաև ապահովման և սպասարկման զորամասերից կազմված զինվորական կազմավորում:

ԶՈՐԱՅԻՆ ԱՄՐԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, զորքերի մարտական գործողությունների ապահովման կարևոր միջոց են: Բարձրացնում են անձնակազմի կենսունակությունը դիրքերում և տեղակայման շրջաններում, մարտական տեխնիկայի ու զենքի օգտագործման արդյունավետությունը, ապահովում են զորքերի պաշտպանությունը ժամանակակից խոցման միջոցներից:

ԶՈՐԱՆԱՄԱԿ, Հին Հայաստանի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ: Գործադրվել է Հայաստանում մինչև Արշակունի արքայատան անկումը (IV դ. վերջ » V դ. սկիզբ): Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռներ): Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանցից յուրաքանչյուրի զորաքանակը: Ըստ մեզ հասած Զ-ի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվակազմը եղել է 124 հազար մարտիկ, որոնցից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը: Արտաքին վտանգի ժամանակ նախարարներն իրենց զինվորական ուժերը գումարել են Զ-ով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել այս կամ այն զորաթևին:

ԶՈՐԱՆՈՑ, զինվորական ստորաբաժանումները տեղավորելու համար ննջարանային, կենցաղային, ծառայողական և ուսումնական կացարաններով հատուկ պատրաստված կամ ձևափոխված շինություն:

ԶՈՐԱՇԱՐԺ, մարտի կարևորագույն բաղադրիչներից է: Զ. էությունը ուժերի ու միջոցների անհրաժեշտ խմբավորում ստեղծելու նպատակներով մարտի ընթացքում զորքերի կազմակերպված, ծածուկ և արագ տեղաշարժն է, ինչպես նաև հարվածներն ու կրակը տեղափոխելը կամ վերանշանառելը (կենտրոնացնելը, բաշխելը)` հակառակորդին առավել արդյունավետ խոցելու համար: Պաշտպանությունում Զ-ը կիրառվում է հակառակորդի հարվածի (կրակի) տակից դուրս գալու և հակագրոհի անցնելու բնագիծ դուրս գալու համար: Ուժերով և միջոցներով Զ. տեսակներից են թևանցումը, շրջանցումը, նահանջը:

Զ. ԿՐԱԿՈՎ, կրակով կատարվող Զ. էությունն այն է, որ կրակը միաժամանակ կամ հաջորդաբար կենտրոնացնում են հակառակորդի կարևորագույն օբյեկտների վրա կամ բաշխում (ապակենտրոնացնում) մի քանի օբյեկտներ խոցելու, ինչպես նաև նոր օբյեկտների վրա վերանշանառելու համար:

ԶՈՐԱՇԱՐԺԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, զորաշարժի բոլոր ձևերի կիրառմամբ մարտական գործողությունների տեսությունն ու գործնական վարումը, շարժական պաշտպանություն: Պաշտպանության տեսակ, որի նպատակն է հակառակորդին վնասներ պատճառել, ժամանակ շահել և տարածքային կորուստների հաշվին պահպանել սեփական ուժերը: Որպես կանոն, կիրառվում է դիրքային պատերազմ մղելու համար բավարար ուժեր և միջոցներ չունենալու դեպքում:

ԶՈՐԱՇԱՐԺԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ, առանց համատարած կայուն ճակատի և արագ փոփոխվող իրադրությամբ ընթացող մեծամասշտաբ զորաշարժերով բնութագրվող պատերազմ: Մեր իրականության մեջ ԶՊ առավել ցայտուն օրինակը Արցախյան գոյամարտի առաջին փուլն է, թեև որոշ գիտնականներ ամբողջ գոյամարտն են ԶՊ համարում:

ԶՈՐԱՇԱՐԺԱՅՆՈՒԹՅՈՒՆ, մարտական գործողություններին պատրաստվելու և մարտի ժամանակ արագ տեղաշարժ, բացազատում իրականացնելու զորքերի ունակությունը: Արցախյան գոյամարտի տարիներին ադրբեջանական կողմի նկատմամբ հայկական ինքնապաշտպանական ջոկատների ունեցած կարևոր առավելություններից մեկը ԶՇ էր:

ԶՈՐԱՎԱՐ, պատերազմի ժամանակ պետության զինված ուժերը կամ խոշոր զինվորական կազմավորումներ ղեկավարող և ռազմական գործողությունների ընթացքում մեծ հաջողությունների հասած ռազմական գործիչ կամ զորահրամանատար: Զ. են համարվում այն անձինք, ովքեր աչքի են ընկնում ռազմական տաղանդով, ստեղծագործական մտածելակերպով, ռազմական գործողությունների զարգացումը կանխատեսելու ունակությամբ, ամուր կամքով և վճռականությամբ, մարտական փորձով, հեղինակությամբ, կազմակերպչական բարձր հատկանիշներով:

ԶՈՐԱՏԵՍ (ՍՏՈՒԳԱՏԵՍ), 1. հրամանատարության կողմից զորքերի պաշտոնական ստուգում՝ շքերթի, զորահանդեսի ժամանակ, 2. ավագ հրամանատարների կողմից զորքերը ստուգելու ձև, նրանց համալրվածությունը, շարային պատրաստականությունը և մարտական ներդաշնակվածությունը, սպառազինության, համազգեստի և հանդերձանքի առկայությունը և վիճակը ևն ստուգելու նպատակով:

ԶՈՐԱՏԵՍԱԿ, զինված ուժերի բաղկացուցիչ մաս՝ նախատեսված որոշակի միջավայրում մարտական գործողություններ վարելու համար:

ԶՈՐՔԵՐ, ըստ պատկանելության կամ նշանակության զորամասերի, միավորումների և այլ մշտական կամ ժամանակավոր ռազմական կազմավորումների ընդհանրական անվանումը:

ԶՈՐՔԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ, զորքերի տեղափոխումը թիկունքից մարտական գործողությունների շրջան նոր խմբավորումներ կազմելու կամ գործող խմբավորումները ուժեղացնելու նպատակով:

ԶՈՐՔԵՐԻ ԲԱԶԱՎՈՐՈՒՄ (կենտրոնացում և տեղաբաշխում մարտական գործողություններ չկատարելու դեպքում), զորքերի կողմից այն տարածքի, որտեղ նրանք տեղաբաշխված են, հաղորդակցման ուղիների, շինությունների, մարտական պատրաստվածության, խաղաղ պայմաններում ամենօրյա գործունեության և մարտական գործողություններ վարելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների պահեստների օգտագործումը:

ԶՈՐՔԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, տրված խնդիրները կատարելու համար զորքերի ծավալումը (տեղաբաշխումը):

ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ԴՈՒՐՍ ԳԱԼԸ (ՀԱՆՈՒՄԸ) ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿԻՑ, մարտունակությունը պահպանելու նպատակով զորքերի կողմից դիրքերի, շրջանների, տեղաբաշխման վայրերի արագ և ծածուկ փոխումը:

ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, զինված ուժերի, ռազմական կազմավորումների կառուցվածքը, որն ապահովում է նրանց նպատակահարմար կազմը, զորատեսակների և զինատեսակների առավել նպատակահարմար հարաբերակցությունը, բարձր մարտական պատրաստվածությունը և հաջող մարտական գործողություններ վարելու ունակությունը:

ԶՈՐՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ, նշված շրջաններում զորամասերի, զորամիավորումների և միավորումների հավաքը և տեղաբաշխումը:

ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՂԵԿԱՎԱՐՈՒՄ, հրամանատարության, հրամանատարների և շտաբների գործունեությունը զորքերը մշտական մարտական պատրաստվածության մեջ պահելու, օպերացիաները (մարտական գործողությունները) պատրաստելու և տրված խնդիրները կատարելիս զորքերը կառավարելու համար:

ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ (ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ), խաղաղ ժամանակ զորամասերի տեղավորումը դրանց համար հատկացված վայրերում:

ԶՐԱՀ, պաշտպանական հանդերձանք: Բաղկացած էր զանազան մասերից (լանջապանակ, թիկնապանակ, ուսակալ, դիմակալ, զանգապան, սռնապան, բազկապան ևն): Հայկական լեռնաշխարհում գտնված հնագույն զրահները (Փարվանա լճի մոտ՝ Ք.ա. III հազարամյակ, Լճաշեն, Արթիկ՝ Ք.ա. XIII-XI դդ., Դիլիջան՝ Ք.ա. VIII-VII դդ. ևն) բաղկացած են կաշվից կամ հյուսվածքից պատրաստված շապկից՝ վրան բրոնզե կոճակներ, ճարմանդներ կամ թիթեղներ: Բրոնզի դարում բրոնզե լայն գոտիները ևս զրահի դեր էին կատարում: Ավելի ուշ առաջ են գալիս շերտավոր զրահները, որոնց թեփուկանման թերթիկները գործված շապկի վրա կարված կամ հետը հյուսված են: Միջնադարյան Հայաստանում սրանց զուգահեռ գոյություն են ունեցել նաև ամբողջական (ճոշ, ճոշան), թիթեղյա՝ առանձին մասերից բաղկացած (Դվին, VIII-XI դդ.) և թաղիքե զրահներ: Գործածվել են նաև մետաղալարից հյուսված զրահները (վերտ, վիրտ) և օղազրահները: Ձիերի խոցելի մասերը ևս պատվել են զրահով: Ձիու բրոնզե բուսանախշերով ընդելուզված երկաթե դիմակալ է գտնվել Սևանա լճի առափնյա ծանծաղ մասում:

Հրազենի գյուտից հետո զրահը կորցնում է դերը, իսկ XVIII դ. գործածվում է միայն զրահավորված հեծելազորում՝ կիրասիրների մոտ: Հրազենի կրակի խտության մեծացման պատճառով XX դ. կենդանի ուժի կորուստները կտրուկ աճեցին: Զինվորները պաշտպանական հանդերձանքից ունեին միայն պողպատյա սաղավարտներ, որով պաշտպանում էին միայն գլուխը: Անհատական պաշտպանության միջոցները երևան եկան միայն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

ԶՐԱՀԱԳՆԱՑՔ, զրահապատված, անվավոր երկաթուղային շարժակազմ՝ հրետանային ու գնդացրային սպառազինումով: Երկրորդ աշխարհամարտից հետո գրեթե չեն գործածվում:

ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱ, զրահապատված, անվավոր ավտոմեքենա՝ հրետանային ու գնդացրային սպառազինումով: Երկրորդ աշխարհամարտից հետո գործածվում են սահմանափակ չափերով:

ԶՐԱՀԱԽՈՒՄԲ, մի քանի ՀՄՄ-ներից (զրահափոխադրիչներից) ու տանկերից կազմված համահավաք կազմավորում, որը նախատեսված է վաշտի (գումարտակի) պաշտպանողական մարտում ծագող այն խնդիրները լուծելու համար, որոնք պահանջում են սրընթաց, զորաշարժային գործողություններ և հակառակորդի արդյունավետ կրակային խոցում: Զ. ստեղծվում է զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշմամբ և այդ մարտական միավորի մարտակարգի տարրն է: Դրա ստեղծման նպատակներն են պաշտպանության ակտիվությունը բարձրացնելն ու սպառնալից ուղղության վրա կայունությունը ժամանակին ուժեղացնելը:

ԶՐԱՀԱՓՈԽԱԴՐԻՉ (ԶՓ), զրահապատ, թրթուրավոր կամ անվավոր, մեծ անցունակության ռազմամեքենա: Նախատեսված է մոտոհրաձգային զորքերը մարտի դաշտ տեղափոխելու, ինչպես նաև կողային սպառազինության կրակով նրանց աջակցելու համար:



Է





ԷՇԵԼՈՆ, զորամասի կամ շարժվող զորասյան մարտակարգի դասավորումը ճակատով և խորությամբ:

ԷՍԿԱԴՐԱ, ռազմածովային կամ օդային նավատորմի խոշոր միավորում:

ԷՍԿԱԴՐԻԼԻԱ, ռազմաօդային նավատորմի ստորաբաժանում, որն ընդգրկում է թռչող սարքերի (ինքնաթիռ, ուղղաթիռ) մի քանի օղակ:

ԷՍԿԱԴՐՈՆ, հեծելազորի գնդի ստորաբաժանում, որը համապատասխանում է հետևազորի վաշտին:



Թ





ԹԵԹԵՎ ՀՐԵՏԱՆԻ, մարտում հետևակին անմիջական աջակցող դաշտային հրետանու տեսակ:

ԹԻԿՈՒՆՔ, 1. զորքերի (ուժերի) թիկունքային ապահովման համար նախատեսված ուժերի, միջոցների և կառավարման օրգանների համակարգ, 2. մարտական գործողությունների շրջանից բացի պատերազմող պետության ամբողջ տարածքն իր բնակչության և տնտեսական ներուժով հանդերձ, 3. շարքի, մարտական կարգի, զորքերի օպերատիվ դասավորվածության ճակատի հակադիր կողմը:

ԹԻՐԱԽ, իրական նշանակետերի հայտնաբերումը և խոցումն ուսուցանելու, հետախուզության և խոցման արդյունավետությունը գնահատելու, ինչպես նաև խոցման արդյունքները համեմատելու համար նախատեսված նմանակող նշանակետ:

ԹՆԴԱՆՈԹ, հրետանային հեռահար զենք՝ բաց ուղղաձիգ կամ հեռահար նշանակետեր գնդակոծելու համար: Հրետանային այլ զենքերի համեմատ հզոր է, այսինքն՝ մեծ է հեռահարությունը (40 կմ և ավելի), արկի սկզբնական արագությունը (մինչև 1500 մ/վրկ), արագաձգությունը (զենիթային ավտոմատ Թ .միջին չափանիշն է 400-600 կրակոց/րոպ.), ավելի զանգվածեղ է, փողը՝ երկար: Թ. ըստ նշանակության լինում են՝ դաշտային, հակատանկային, զենիթային, նավային և այլն: Եվրոպայում Թ. սկսել են պատրաստել XIV դ.: Մինչև XIX դ. Թ. ձուլում էին թուջից, հարթ փողերով: Պողպատե ակոսավոր Թ. ստեղծվել են XIX դ.:

ԹՐԱԴԱՇՈՒՅՆ, թրի նման, բայց ուղիղ ու լայն երկսայր շեղբով սառը զենք (տե՛ս ակինակ):

ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ, հակառակորդի կենդանի ուժը խոցելու ունակ բարձր տոքսիկությամբ օժտված քիմիական միացություններ:

ԹՈՒՐ, կտրող զենք: Բաղկացած է գոգավոր ուռուցիկ կողմից սուր, ներճկված կողմից բութ շեղբից, դաստապանից (երախակալ, բռնակ, կոթ) և կռվանից (շեղբը դաստապանից բաժանող խաչաձև մաս), ունի սուր ծայր: Դաստապանը երբեմն ունենում է 1-3 աղեղնակ: Թ. երկարությունը՝ 80-90, լայնությունը 3-3,5 սմ է: Հարմարավետությունը որոշվում է շեղբի այնպիսի կորությամբ և ծանրության կենտրոնով, որի դեպքում փոքրանում է կտրելու անկյունը և մեծանում հարվածի ուժը: Միայն կտրող արևելյան Թ .շեղբի թեքությունը հասնում է 10, իսկ ծակելու համար հարմարեցված եվրոպականինը՝ 1 սմ: Կրում են պատյանի մեջ, որը լինում է փայտե, մետաղե, փղոսկրե, հաճախ՝ կաշեպատ, թավշապատ, զարդարված ոսկյա, արծաթյա (երբեմն՝ թանկագին քարերից) վերադիր զարդերով և փորագիր նախշերով: Ենթադրվում է, որ Թ. միջնադարյան Հայաստանում եղել է հեծելազորի հիմնական զենքը: Պատմիչները երբեմն Թ. նույնացրել են սրի հետ:

ԹԵՎ (ԶՈՐԱԹԵՎ), շարքի աջ (ձախ) կողմը: Զորքերի մարտակարգի աջ (ձախ) կողմը: Թ. սովորաբար համարվում է մարտակարգի առավել խոցելի տեղը:

ԹԵՎԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ, հարված հակառակորդի մարտակարգի թևին, հետագայում նրա գլխավոր խմբավորման թիկունք դուրս գալու նպատակով:

ԹԵՎԱՆՑՈՂ ՋՈԿԱՏ, հակառակորդին թիկունքից հարվածներ հասցնելու, նրա տեղաբաշխման խորքում կարևոր օբյեկտներ զավթելու և պահելու նպատակով նրան թևանցելու համար ստեղծված հատուկ կազմավորում:

ԹԵՎԱՆՑՈՒՄ, հարվածի համար հակառակորդի թև դուրս գալու նպատակով ստորաբաժանումների կողմից կատարվող զորաշարժ:



Ժ





ԺԱՄԱՊԱՀ, հանձնարարված կետը (պահակակետը, օբյեկտը) պահպանող զինված պահակ, զինվորական պահակ:


Ի





ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, նպատակն է ստորաբաժանումների համար ստեղծել ժամանակին և քողարկված ձևով դրանց առաջխաղացման, ծավալման և զորաշարժի, անձնակազմի, սպառազինության ու տեխնիկայի պաշտպանությունը բարձրացնելու բոլոր խոցամիջոցներից, ինչպես նաև հակառակորդին կորուստներ պատճառելու և նրա գործողությունները դժվարացնելու պայմաններ: Ինժեներական ապահովումը ներառում է ինժեներական հետախուզությունը, ամրաշինական կառույցները, քողարկման ինժեներական միջոցառումները, ինժեներական արգելափակոցների տեղադրումը, արգելափակոցներում և փլվածքներում անցումներ բացելը, արգելքների վրայով անցուղիներ սարքավորելը, անցատեղերի տեղադրումն ու պահպանումը, ջրի հայթայթումն ու մաքրումը և ջրապահովման կետերի սարքավորումը:

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, կառուցվում են տեղանքի ինժեներական կառուցապատման ժամանակ: ԻԿ պատկանում են ամրաշինական կառույցները, ռազմական ճանապարհները, կամուրջները և կեղծ շինությունները:

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ, միջոցառումների համալիր, որոնք անցկացվում են տեղանքի ինժեներական կառուցապատման, հակառակորդի ինժեներական զորքերի վիճակի և հնարավորությունների մասին տվյալներ հայթայթելու նպատակով: Հետախուզության տեսակ է:

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ, մարտի ինժեներական ապահովման համար օգտագործվող միջոցների ամբողջություն: Ներառում է. զինամթերքներն (ինժեներական ականներ, պայթեցնող լիցքեր, ականազերծման լիցքեր) իրենց մարտական կիրառման միջոցներով (ականային արգելափակիչներ, դասավորիչներ և նետիչներ, հեռաականապատման համակարգեր), ինժեներական տեխնիկան և ինժեներական ունեցվածքը (քողարկման միջոցներ, արդյունաբերական արտադրության ամրաշինական կառույցներ, հողափոր գործիքներ, ականազերծման համակարգեր ևն):

ԻՆՔՆԱԹԻՌ, մթնոլորտում թռչելու համար նախատեսված օդից ծանր, քարշ ստեղծող ուժային կայանքով և աերոդինամիկ վերամբարձ ուժ առաջացնող անշարժ թևերով թռչող սարք: Տարբերում են ռազմական և քաղաքացիական Ի.:

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՋՈԿԱՏ(ՆԵՐ), օտարերկրյա պետության և գաղութատիրության դեմ ճնշված և կախյալ ժողովուրդների կողմից ազգային, կրոնական կամ լեզվային հատկանիշներով կազմավորված զինված խմբավորումներ՝ ինքնորոշման, պետական ինքնիշխանության, ազատ և ինքնուրույն տնտեսական և մշակութային զարգացման համար:

ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ, մարտական գործողությունների պատրաստման և անցկացման վրա ազդող գործոնների և պայմանների ուսումնասիրում և վերլուծում:



Լ





ԼԵԳԵՈՆ, 1. Հին Հռոմի բանակի հիմնական կազմակերպչական և մարտավարական միավորը: Մինչև Ք.ա. VI դ. ամբողջ հռոմեական բանակի անվանումը: 2. XVI-XXդդ. արևմտաեվրոպական որոշ երկրներում հիմնական կազմ չունեցող ռազմական կազմավորումների անվանում (հիմնականում օտարերկրացիներից համալրված): Այսպիսի Լ. օրինակ էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական բանակում ստեղծված Հայկական Լ-ը:

ԼԵՅՏԵՆԱՆՏ, զինված ուժերի կրտսեր սպայական կոչում: Կրտսեր և ավագ Լ. կոչումների միջև միջանկյալ տեղ է զբաղեցնում: Համապատասխանում է դասակի հրամանատարի պաշտոնին: Հայտնվել է XV դ. Ֆրանսիայում:

ԼԵՌՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ, լեռնային հատուկ հանդերձանքով և սպառազինությամբ զինված և լեռներում մարտ վարելու համար մարզված զինվորներ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՀՐԵՏԱՆԻ, լեռներում մարտական գործողություններ վարելու համար նախատեսված հատուկ հրետանի: Ներառում է թեթև հրանոթները, հաուբիցները, ականանետները և ռեակտիվ համազարկի կայանքները, որոնց կառուցվածքը թույլ է տալիս դրանք արագ քանդել և տեղափոխել գրաստի (բեռնակիր կենդանիներ) օգնությամբ: ԼՀ առաջ է եկել XVIII դ.:

ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ, զորքերի ուսուցում լեռներում մարտական գործողություններ վարելու համար: ԼՊ հիմնական խնդիրն է անձնակազմին սովորեցնել հաղթահարել լեռնային խոչընդոտները և զենքը կիրառել մարտում:

ԼԻՑՔ, պայթուցիկ նյութի, վառոդի որոշակի քանակություն: Դասակարգվում են նետող, պայթող, դուրս նետող, պայթեցնող և հրթիռային լիցքեր:

ՆԵՏՈՂ Լ., վառոդի որոշակի քանակություն հրաձգային զենքի փողից արկը (ականը, գնդակը, նռնակը) դուրս նետելու համար: Տեղավորվում է պարկուճներում և կարտուզներում:

ՊԱՅԹՈՂ Լ., բրիզանտային պայթուցիկ նյութի որոշակի քանակություն խոցման տարրերն (հրթիռների, հրետանային արկերի և ականների, նռնակների, ռումբերի, ինժեներական ականների ևն) անմիջականորեն լիցքավորելու համար: Ապահովում է նշանակետերի խոցումը հարվածային ալիքով և պայթյունի արգասիքներով:

ԴՈՒՐՍ ՆԵՏՈՂ Լ., վառոդի կամ պիրոտեխնիկական խառնուրդի որոշակի քանակություն`առանց հատուկ լիցքի իրանը վնասելու դրանք հրկիզող, ծխային, լուսավորող, կասետային, քարոզչական և այլ տիպի զինամթերքներից դուրս նետելու համար:

ՊԱՅԹԵՑՆՈՂ Լ., պայթուցիկ նյութի որոշակի քանակություն ինքնուրույն պայթյուն իրականացնելու համար:

ՀՐԹԻՌԱՅԻՆ Լ., կազմված է ռեակտիվ շարժիչի այրման խցում տեղավորված բալիստիկ վառոդի կամ խառնուրդային վառելիքի մեկ կամ մի քանի բլոկներից:


ԼՈՔ, Հին հունական (նաև՝ մակեդոնական) բանակում նվազագույն կազմակերպչական միավորի անվանումը: Թվակազմը 12-16 մարդ: Փաղանգը շարելիս Լ. կազմում էր մեկ շարասյուն:

ԼՐՏԵՍ, օտար պետությանը կամ կազմակերպությանը (նրանց գործակիցներին) հանձնելու նպատակով պետական կամ ռազմական գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև երկրի անվտանգությանն ի վնաս օգտագործվող այլ տվյալներ հափշտակող, գողություն կամ հայթայթում կատարող անձ:

ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆ, պետական կամ ռազմական գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև երկրի անվտանգությանն ի վնաս օգտագործվող այլ տվյալների հափշտակում, գողություն կամ հայթայթում օտար պետությանը կամ կազմակերպությանը (նրանց գործակիցներին) հանձնելու նպատակով:



Խ





ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ, պատերազմող կողմերի զինված ուժերին չպատկանող և մարտական գործողություններին անմիջական մասնակցություն չունեցող անձինք:

ԽԱՆԴԱԿ, պարիսպների շուրջը փորված խրամ՝ պաշտպանության համար:

ԽԱՉԱՐԴ, շեղբավոր սառը զենքի երախակալի (բռնակի) մաս, որը նախատեսված է ձեռքի մատները հարվածից պաշտպանելու համար:

ԽԶԱԿՈԹ, հրազենի ուսին հենվող լայն, հաստ ծայրը:

ԽԹԱՆՆԵՐ, հեծյալի կոշիկի կրունկներին ամրացվող մետաղական հարմարանք ձին ղեկավարելու համար:

ԽԻՏ (ԽՏԱՑՎԱԾ) ՇԱՐՔ (ԽԻՏ ՄԱՐՏԱԿԱՐԳ), շարք, որտեղ զինծառայողները տողաններում տեղավորված են ճակատով, կողք կողքի՝ մեկը մյուսի արմունկից ձեռքի թաթի լայնության վրա:

ԽՄԲԱՊԵՏ, զինվորական կամ հայդուկային որոշ միավորման պետ՝ հրամանատար:

ԽՈՅ, 1. հին պաշարողական զենք, որը կիրառվում էր ամրոցների դարպասները ջարդելու և պատերում ու աշտարակներում անցքեր բացելու համար, 2. թիակավոր կամ զրահակիր նավատորմների նավերի ջրագծից ներքև նավի ցռուկի (քթամաս, ֆորշտվեյն) հավելում, նախատեսված հակառակորդի նավերը խոյահարելու համար:

ԽՈՅԱՀԱՐԵԼ, արագընթաց թռչել՝ նպատակակետերին գնդացրային կրակով հարվածելու, ռումբերը ճշգրիտ նպատակակետերի վրա նետելու կամ հակառակորդի թռչող սարքը ինքնաթիռին ամրացված հատուկ հարմարանքով` «խոյով» հարվածելու միջոցով խոցելու համար: Ինքնաթիռը (որպես կանոն՝ այրվող կամ վնասված) հակառակորդի երկաթուղային շարժակազմերի, տանկային շարասյուների, մեծ նավերի կամ այլ կարևոր օբյեկտների վրա ուղղելով դրանց հետ միասին պայթեցնելը:

ԽՈՑԵԼ, զենքով կամ ծակող գործիքով վերք հասցնել:

ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔ (ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԽՈՐՈՒԹՅՈՒՆ), տեղանքի այն տարածությունը, որի ողջ երկայնքով հետագծի նվազող ճյուղը չի գերազանցում նպատակի բարձրությունը:

ԽՈՑՈՒՄ, զինված պայքարի տարբեր ուժերով և միջոցներով ազդեցություն հակառակորդի վրա, որի արդյունքում նա ամբողջությամբ կամ մասնակի կորցնում է մարտունակությունը:

ԽՐԱՄ, 1. Բնակավայրերի, պարիսպների շուրջը փորված խոր, լայն փոս, որը լցնում էին ջրով հակառակորդի առաջխաղացումն արգելելու համար: 2. Պատվարով պաշտպանված խոր ու նեղ գետնուղի, որը մի ընդհանուր գծով իրար է միացնում պաշտպանական դիրքի բոլոր կրակակետերը:

ԽՐԱՄԱՏ, թմբապատնեշով խրամ՝ հակառակորդի կրակից ու արկերի բեկորներից պաշտպանվելու համար:

ԽՐԱՄՈՒՂԻ, նախատեսված է կրակի վարման, դիտարկման ստորաբաժանումների գաղտնի տեղակայման և մարտի ընթացքում գաղտնի զորաշարժի համար:

ԽՈՒՃԱՊ, առանձին մարդու, մարդկանց խմբի կամ զանգվածների հոգեբանական վիճակ, որն առաջանում է իրական կամ թվացյալ վտանգի դեպքում և բնութագրվում է հույզերի ուժեղ խառնաշփոթով, իրավիճակը սթափ և ճիշտ գնահատելու ունակության կորստով:



Ծ





ԾԱԾԿԱԾ ՏԱՐԱԾՔ, ծածկոցի գագաթից մինչև հանդիպման կետը ծածկոցի հետևում գտնվող գնդակների կողմից չխոցվող տարածք:

ԾԱՆԾԱՂՈՒՏ, գետի սակավաջուր հատված, որտեղից կարելի է գետը հաղթահարել հատակով:

ԾԱՎԱԼՎԱԾ ՇԱՐՔ (ԾԱՎԱԼՎԱԾ (ԲԱՑԱԶԱՏՎԱԾ) ՄԱՐՏԱԿԱՐԳ), զորասյուներով զորքերի (զինծառայողների, ստորաբաժանումների, զորամասերի) դասավորվածությունը համատեղ գործողություններ կամ տեղաշարժ կատարելու համար: ԾՇ կարող է լինել խիտ կամ բացազատված:

ԾԱՎԱԼՄԱՆ ԲՆԱԳԻԾ, տեղանքի պայմանական բնագիծ, որտեղից ստորաբաժանումները, զորամասերը և զորամիավորումները երթային կամ նախամարտական կարգից վերադասավորվում են մարտակարգի:

ԾԱՎԱԼՈՒՄԸ ՄԱՐՏԱԿԱՐԳԻ, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների երթային կամ նախամարտական կարգից վերադասավորումը մարտակարգի:

ԾԱՎԱԼՈՒՄԸ ՆԱԽԱՄԱՐՏԱԿԱՐԳԻ, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների երթային զորասյուների հաջորդաբար տարաբաժանումը զորասյուների՝ արագ մարտակարգի ծավալվելու նպատակով:

ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹ, արհեստական կերպով գոյացրած ծխաշերտ` որպես քողարկման միջոց:

ԾԽԱՆՌՆԱԿ, ծխարձակ նռնակ, որը մարտի ժամանակ օգտագործում են հետևակի փոքր ստորաբաժանումները՝ ծխածածկույթ ստեղծելու համար:

ԾԽԱՌՈՒՄԲ, պայթելիս ծուխ արձակող ռումբ, որն օգտագործվում է ծխածածկույթ ստեղծելու համար:


Կ





ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ (ՄԱՐՏԻԿ), սեփական ցանկությամբ զինվորական ծառայության անցած անձ:

ԿԱՅԱԶՈՐ, քաղաքում, բերդում կամ պաշտպանական շրջանում մշտական կամ ժամանակավորապես տեղավորված զորք:

ԿԱՆԽՈՂ ՀԱՐՎԱԾ, պատերազմի ժամանակ հակառակորդին նախօրոք հասցված հարված, նախքան նրա ակտիվ գործողությունների սկսելը: Հասցվում է հակառակորդին հանկարծակի բերելու, նրան մեծ կորուստներ պատճառելու և նախաձեռնությունը նրա ձեռքից խլելու նպատակով:

ԿԱՊ, զորքերի ղեկավարումն ապահովող հիմնական միջոց: Կ. կարող է լինել էլեկտրական, ազդանշանային և ֆելդեգերային (սուրհանդակների միջոցով): Տվյալները կարող են հաղորդվել ինչպես բաց տեքստով, այնպես էլ ծածկագրված:

ԿԱՊԱՐՃ, նետերը և նետվող կարճ նիզակները կրելու պատյան:



ԿԱՍԵՏԱՅԻՆ ԱՎԻԱՌՈՒՄԲ, անջատվող առանձին (ինքնուրույն գործող) տարրերով հանդերձավորված ռումբ:

ԿԱՏԱՊՈՒԼՏ, 1) հյուսված թելերի (ջլերի, պարանների, մազերի ևն) ճկունության շնորհիվ գործարկվող պաշարողական ռազմական գործիք՝ ամրությունների վրա մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գագաթնահար հետագծով մինչև 500 կգ զանգվածով քարեր կամ գնդեր նետելու համար: Կիրառվել են մինչև XV դ.:

ԿԱՐԱԲԻՆ, հիմնականում հեծելազորի կողմից օգտագործվող կարճացված և թեթևացված հրացան:

ԿԱՐԳ, որևէ ամբողջություն կազմող մասերի կամ միավորների հաջորդականությունն ու ընդհանուր դասավորությունը (օրինակ՝ զորքերի մարտական (նախամարտական, երթային) Կ.):

ԿԱՐԿՏԱՀԱՐ (ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ) ՀՐԱՆՈԹ, կարկտաբեր ամպերը կրակով ցրելու համար ձևափոխված զենիթային հրանոթ: Արցախյան ազատամարտում օգտագործվել են «Ալազան» տիպի ԿՀ` ուղիղ նշանառությամբ հակառակորդին խոցելու համար:

ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆ, տարածք, որի վրա տեղաբաշխվում են զորքերը: ԿՇ-ում զորքերը տեղաբաշխվում են ապակենտրոնացված, այնպես, որպեսզի արագ մարտի մեջ մտնեն կամ էլ դուրս գան զբաղեցրած շրջանից: Միջնադարում ԿՇ-ը հրամանատարական վրանը շրջապատող տարածքն էր:

ԿՈՂԱՅԻՆ ԵՐԹԱՅԻՆ ՈՒՂԵԿԱԼ, երթի ժամանակ զորքերը պաշտպանող խումբ: Մեկ կամ երկու թևերի ուղղությամբ ուղարկվում է առաջնային ջոկատից (առաջապահ ուժերից) կամ էլ անմիջապես գլխավոր ուժերի կողմից: ԿԵՈՒ-ի նպատակն է թույլ չտալ հակառակորդի հանկարծակի հարձակումը գլխավոր ուժերի վրա, ինչպես նաև նրա հետախուզության ներթափանցումը պահպանվող զորասյան մոտ և գլխավոր ուժերի համար արագ բացազատվելու և մարտի մեջ մտնելու պայմաններ ստեղծելը:

ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ, առանձնացող, լավ երևացող և տեղանքում ճանաչվող առարկա կամ տեղանքի ռելիեֆ, որը զորքերի կողմից օգտագործվում է իրենց դիրքը և նշանակետերի տեղաբաշխումը, շարժման ուղղությունը որոշելու, նպատականշման, ստորաբաժանումները մարտում ղեկավարելու համար:

ԿՈՏՈՐԱԿԱՌՈՒՄԲ, պատրաստի խոցող տարրերով (գնդակներ, ձողեր ևն) լցավորված հրետանային արկ: 1803թ. առաջարկվել է անգլիացի սպա Գ.Շրապնելի կողմից: Նախատեսված է հակառակորդի չպատսպարված կենդանի ուժը խոցելու համար:

ԿՈՐԾԱՆԻՉ, հակառակորդի թռչող սարքերն օդում ոչնչացնելու համար նախատեսված մարտական ինքնաթիռ: Օգտագործվում է նաև վերգետնյա նշանակետերը խոցելու և հետախուզություն կատարելու համար:

ԿՈՐՊՈՒՍ, զորաբանակ, զորային խոշոր միավորում, որի մեջ մտնում են մի քանի դիվիզիաներ, բրիգադներ և գնդեր:

ԿՐԱԿ, տարբեր զինատեսակներից հրաձգությամբ հակառակորդին խոցելն է: Կ. վարվում է հակառակորդին ոչնչացնելու, ճնշելու կամ ուժասպառ անելու, ինչպես նաև նրա օբյեկտներն ավերելու համար: Կ-ը տարբերվում է. ըստ լուծվող մարտավարական խնդիրների՝ ոչնչացման, ճնշման, ուժասպառ անելու, ավերման, ծխապատման (կուրացման), լուսավորման ևն, ըստ զինատեսակների` հրազենից, տանկերից, հետևակի մարտական մեքենաներից (զրահափոխադրիչներից), հրետանային ականանետներից, հակատանկային կառավարվող հրթիռների համալիրներից, զենիթային միջոցներից և այլնից կատարվող Կ., ըստ վարման եղանակների՝ ուղիղ նշանառմամբ, փակ կրակային դիրքերից ևն, ըստ հրաձգության լարվածության` մենահատ կրակոցներով, կարճ ու երկար կրակահերթերով ևն, ըստ ուղղության` ճակատային, թևային և խաչաձև, ըստ հրաձգության եղանակների` տեղից, կանգառից, ընթացքից ևն, ըստ տեսակների` առանձին նշանակետի ուղղությամբ վարվող, կենտրոնացված, խափանիչ Կ. (խոցում) ևն: Կ. մարտում հաջողության հասնելու գլխավոր գործոնն է, քանի որ միայն Կ-ով կարելի է հակառակորդին վնաս պատճառել և նրան զրկել մարտունակությունից:

ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Կ., իրականացվում է կրակային միջոցների սահմանափակ ուժերով և զինամթերքով՝ հակառակորդին անհանգստացնելու (հոգնեցնելու, ջլատելու, նյարդայնացնելու) նպատակով: Կրակոցներն անկանոն պարբերականությամբ հաջորդում են միմյանց:

ԴԱՇՈՒՆԱՅԻՆ Կ., փոքր հեռավորություններից նույն ուղղությամբ հանկարծակի բացվող Կ.:

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ Կ., հրետանային կրակատեսակ, վարվում է հրետանային միավորման ամբողջ ուժերով կամ դրանց մի մասով՝ նվազագույն ժամանակամիջոցում հակառակորդի օբյեկտը հուսալի խոցելու նպատակով, հրետանային խմբերի, զորամասերի, դիվիզիոնների միջև խոցման տեղամասը բաշխելով կամ բոլորի ջանքերը մի տեղամասի վրա կենտրոնացնելով:

ԹԵՎԱՅԻՆ Կ., հակառակորդի (նպատակակետերի) թևի ուղղությամբ վարվող Կ.:

ԽԱՉԱՁԵՎ Կ., նպատակակետի վրա վարվում է երկու և ավելի ուղղություններից:

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ Կ., միևնույն նշանակետի վրա մի քանի զինատեսակներից, ինչպես նաև մի քանի ստորաբաժանումների (դասակ, վաշտ) կողմից հրաձգային զենքից վարվող Կ.:

ՄԵԹՈԴԱԿԱՆ Կ., մեկ հրամանով յուրաքանչյուր հաջորդող կրակոց կատարվում է հավասար ժամանակամիջոցից հետո:

Կ. ԽՏՈՒԹՅՈՒՆ, ստորաբաժանման կողմից միավոր ժամանակամիջոցում բոլոր զինատեսակներից բաց թողնված փամփուշտների քանակը, որը հավասարաչափ բաշխվում է որոշակի բնագծի մեկ գծամետրի վրա:

ԿՐԱԿԱԴԻՐՔ (ԿՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔ), կրակային (մարտական) խնդիրը կատարելու համար նախատեսված դիրք: Այն կարող է լինել. ըստ նշանակության՝ հիմնական, պահեստային, ժամանակավոր և կեղծ. հուսանելիության տեսանկյունից՝ բաց և փակ:

ԲԱՑ ԿԴ, ուղիղ և կիսաուղիղ ուղղորդմամբ հրաձգության համար նախատեսված կրակադիրք, որը երևում է հակառակորդի դիտակետից կրակոցի պահին:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԴ, նախատեսված են ժամանակավոր կրակային խնդիրների կատարման, պաշտպանության առաջին եզրի ստորաբաժանումների կրակային աջակցման, հակառակորդի առանձին խմբերի ոչնչացման համար:

ԿԵՂԾ ԿԴ, ստեղծվում են հակառակորդին մոլորեցնելու նպատակով և նրա կրակը դրանց վրա գրավելու համար: Անհրաժեշտության դեպքում ԿԿԴ-ում կարող են տեղակայվել մի քանի կրակային միջոցներ իսկական դիրքի նմանակման համար:

ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԴ, նախատեսված են մարտի ժամանակ զորաշարժ իրագործելու, ինչպես նաև հիմնական ԿԴ-ից տրված խնդիրը կատարելու անհնարինության դեպքում ԿԴ փոխելու համար:

ՓԱԿ ԿԴ, ոչ ուղիղ ուղղորդմամբ հրաձգության համար նախատեսված ԿԴ, որը չի երևում հակառակորդի դիտակետից նույնիսկ կրակ վարելիս:

ԿՐԱԿԱԿԵՏ, մարտական գործողություններ վարելու համար հենակետում (պաշտպանության շրջանում) կամ նրանց միջտարածքում, թաքստոցում կամ տեղանքի պաշտպանիչ հատկությունների օգտագործումով բաց տեղավորված կրակային միջոցի (գնդացիր, կրականետ, հրանոթ ևն) տեղի պայմանական անվանումը:

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԿՐԱԿԱԿԵՏ (ԴՈՏ), գնդացրից կամ հրանոթից կրակ վարելու համար նախատեսված երկաթբետոնից կամ զրահասալերից պատրաստված ամրաշինական կառույց:

ՓԱՅՏԱՀՈՂԱՅԻՆ ԿՐԱԿԱԿԵՏ (ԴԶՈՏ), հրետանա-գնդացրային կրակ վարելու համար նախատեսված փայտից, հողից, քարից և այլ նյութերից պատրաստված դաշտային ամրաշինական կառույց:

ԿՐԱԿԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ, հրետանու, ականանետների, օդուժի հարվածներով հակառակորդի վերգետնյա նշանակետերի ոչնչացում միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների մարտական գործողությունների հաջողությունն ապահովելու նպատակով:

ԿՐԱԿԱՅԻՆ ԲՆԱԳԻԾ, տեղանքի հատված (պայմանական գիծ), որի վրա բացազատվում են ստորաբաժանումները` հակառակորդի գրոհը կրակով անդրադարձնելու նպատակով:

ԿՐԱԿԱՅԻՆ ԴԱՍԱԿ, մարտկոցի կազմի մեջ մտնող կրակային (մարտական) ստորաբաժանում:

ԿՐԱԿԱՅԻՆ ԴԱՐԱՆ, հանկարծակի բացվող ուղիղ նշանառության և դաշունային կրակով կամ զենքի այլ տեսակներով հարձակվող հակառակորդին առավելագույն չափով խոցելու նպատակով նրա ճակատի դիմաց կամ թևում ուժերը նախօրոք և գաղտնի տեղաբաշխելն է: ԿԴ սովորաբար կազմակերպվում է բնական արգելքներ ու անհարթություններ ունեցող տեղանքում, որոնք դժվարացնում են հակառակորդի արագ ծավալումն ու հանկարծակի կրակի տակից դուրս գալու նպատակով զորաշարժը: Միևնույն ժամանակ, դարան կազմակերպելու տեղը պետք է ապահովի ստորաբաժանման գաղտնի տեղաբաշխումը և ունենա դիտարկման, կրակ (խոցում) վարելու լավ պայմաններ ու նահանջի ուղիներ: Չշփոթել դարանի հետ:

ԿՐԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐ (ԱՌԱՋԱԴՐԱՆՔ), հրետանային ստորաբաժանումների կամ պաշտոնատար անձանց կողմից որոշակի ճշտությամբ կատարվող հրետանու հրաձգության խնդիրներն են (նշանակետերի խոցում և հրաձգության լրացուցիչ խնդիրներ):

ԿՐԱԿԱՅԻՆ ՏԱՐԱՓ (ԿՐԱԿԱՅԻՆ ՎՐԱ ՏԱԼ), սահմանափակ տևողությամբ կրակ, որը բնութագրվում է հանկարծակի բացմամբ և մեծ խտությամբ: Կարող է վարվել հապճեպ կրակով կամ սկսվել հապճեպ և շարունակվել մեթոդական կրակով:

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՐԿ, պաշտպանության առաջնային գծի առջև կամ խորքում գտնվող տեղանքի հատված, որի վրա ստորաբաժանման թևերից և ճակատից պատրաստված է բարձր խտությամբ կրակ` հարձակվող հակառակորդին առավելագույն վնաս պատճառելու նպատակով:

ԿՐԱԿԱՊԱՏՆԵՇ, հոծ կրակածածկույթի ստեղծումն է հարձակվող ստորաբաժանումների առջև և զորքերի հարձակմանը զուգընթաց տեղափոխումը հաջորդ բնագիծ: Կարող է լինել միակի, կրկնակի, եռակի:

ԿՐԱԿԻ ԶՈՐԱՇԱՐԺ (ԶՈՐԱՇԱՐԺ ԿՐԱԿՈՎ), կրակի ղեկավարման կարևորագույն բաղկացուցիչ մաս է, որն ունի երեք ձև` կենտրոնացում, բաշխում և տեղափոխում:

ԿՐԱԿՈՑ, գնդակի դուրս նետումը զենքի փողից վառոդային գազերի էներգիայի շնորհիվ:

ԿՑԱՏԵՂԵՐԻ (ԱՐԱՆՔՆԵՐԻ, ԹԵՎԵՐԻ) ԱՊԱՀՈՎՈՒՄ, օպերատիվ մարտավարական միջոցառումներ և զորքերի գործողություններ` ուղղված զորամասերի, զորամիավորումների և միավորումների թևերը և դրանց միջև կցատեղիները (միջտարածքները) հակառակորդի գրոհներից և հարվածներից պաշտպանելուն, ինչպես նաև մարտական խնդիրները կատարելու ժամանակ այդ գրոհները և հարվածներն անդրադարձնելուն:


Հ




ՀԱԶԱՐԱՊԵՏ, հազար զինվորից բաղկացած զորական միավորի պետ՝ հրամանատար:

ՀԱԿԱԳԱԶ, պաշտպանական դիմակ՝ թունավոր նյութերի, գազերի, ծխի և այլնի ազդեցությունը չեզոքացնելու համար:

ՀԱԿԱԳՐՈՀ, պաշտպանվող կողմի հանդիպական գրոհը հակառակորդի հարձակումը հետ մղելու կամ հակահարձակման անցնելու համար, գրոհի դեմ ձեռնարկվող գրոհ: Հ-ն անցկացվում է բարենպաստ պայմաններում՝ պաշտպանության մեջ սեպված հակառակորդին ոչնչացնելու կամ պաշտպանության համար բնագծեր նվաճելու նպատակով:

ՀԱԿԱԳՐՈՀԻ (ՀԱԿԱՀԱՐՎԱԾԻ) ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄ, հարձակվող զորքերի կողմից իրականացվող մարտական գործողություններ, որոնք վարվում են հակագրոհող (հակահարվածող) հակառակորդի խմբավորումներին ջախջախելու և հարձակվող զորքերի օպերատիվ դասավորվածության (մարտակարգի) մեջ նրա ճեղքումը թույլ չտալու, հարձակումը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով:

ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄ, հակառակորդի հարձակողական գործողություններին պատասխան հարձակում:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴ, 1) ախոյան, 2) պատերազմում պետությանն (պետությունների դաշինքին) ընդդիմադիր կռվող պետության (պետությունների դաշինքի) զորքերի ընդհանուր անվանումը:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՈՒՄ, իրավիճակ, երբ զորքերի առջևի ստորաբաժանումները կամ առաջին էշելոնի գլխավոր ուժերն ի վիճակի են անզեն աչքով դիտարկել հակառակորդին և հաստիքային զենքով նրա հետ մարտ վարել:

ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՎՈՂ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ (ՀՏՂՀ), մինչև 6000 մ հեռավորության վրա տանկերի և այլ զրահավորված նշանակետերի դեմ պայքարելու համար ամենաարդյունավետ միջոցն է: Մյուս հակատանկային միջոցների համեմատ հիմնական առավելություններն են՝ հրաձգության ողջ հեռավորության վրա առաջին կրակոցից նշանակետը խոցելու բարձր հավանականությունը (70-90%), բարձր զրահախոցելիությունը, համեմատաբար փոքր քաշն ու չափսերը, բարձր շարժունակությունը:

ՀԱՂԹԱՀԱՆԴԵՍ, հաղթանակին նվիրված հանդես, հաղթանակի տոնակատարություն:

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ, անձնակազմի ծածուկ տեղաշարժի համար նախատեսված բաց տիպի ամրաշինական կառույց: ՀՈՒ որոշ տեղամասերում կարող են հրաձգային բջիջներ սարքավորվել:

ՀԱՄԱԶԱՐԿ, 1. մի քանի հրանոթների, հրթիռային համազարկի կայանքների, հրազենի և այլ զենքի միաժամանակյա կրակոց, հրթիռների արձակում: Հ. կիրառվում է արգելափակիչ կրակ, կրակային ալիք և կրակի հաջորդաբար կենտրոնացում իրականացնելու համար: Հ. հնարավորություն է տալիս մի քանի զինատեսակների հանկարծակի հարվածով հակառակորդին խոշոր վնասներ հասցնել, 2. առաջադրանքը կատարելու (նշանակետը խոցելու) համար արկերի, հրթիռների ծախսը հաշվարկելու միավոր, 3. միավորման, զորամասի ամբողջ սպառազինության կրակային հզորությունը հաշվարկելու միավոր (մեկ կրակոցով ծախսվող զինամթերքի գումարային քանակությունը):

ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ՄԱՐՏ, մարտ, որին մասնակցում են ցամաքային զորքերի և զինված ուժերի զորատեսակների տարբեր ստորաբաժանումներ, զորամասեր և միավորումներ, որոնց ջանքերը միավորված են ընդհանուր մտահղացմամբ և պլանով և համաձայնեցված են ըստ նպատակի, ժամանակի և տեղի: ՀՄ վարումը մեր օրերում մարտավարության տիրապետող հրամայական է: Առաջին անգամ կիրառվել է 1917թ. նոյեմբերին, Կամբրեի մոտ անգլիացիների հարձակման ժամանակ:

ՀԱՄԱԼՐՈՒՄ, զորքերն ուժեղացնելու նպատակով ստացվող ուժեր և միջոցներ:

ՀԱՅԴՈՒԿՆԵՐ, XV-XIX դդ. թուրք զավթիչների դեմ զինված պայքարի մասնակիցներ (առավելապես գյուղացիներ):

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ, պատերազմի պատճառով հայրենիքի սահմաններից դուրս գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև գաղթականների վերադարձը հայրենիք: Մեր օրերում Հ. աշխարհասփյուռ հայության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է:

ՀԱՆԴԻՊԱԿԱՆ ՄԱՐՏ, հարձակողական մարտի տարատեսակներից է: Դա հարձակում է այն հակառակորդի վրա, որը նույնպես ձգտում է իր խնդիրները լուծել հարձակմամբ: Նպատակն է կարճ ժամկետներում հարձակվող հակառակորդի ջախջախումը, նախաձեռնության խլումը և հետագա գործողությունների համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ, հակառակորդի՝ ավելի վաղ ընտրված օբյեկտի վրա հանկարծակի հարձակումն է: Կատարվում է հետախուզական կամ մարտական ապահովման նպատակով առանձնացված ստորաբաժանումների ուժերով՝ գերիներ վերցնելու, հակառակորդի վրա հոգեբանական ազդեցություն գործելու նպատակով, ինչպես նաև կարևոր օբյեկտ ոչնչացնելու համար: Ի տարբերություն որոնման, որը կատարվում է հնարավորության սահմաններում անաղմուկ, հետախույզների գործողությունների հիմքում ընկած է կրակի, հանկարծակիության և սրընթաց հարվածի խելացի զուգակցումը, իսկ սրընթաց հարվածն ավարտվում է, որպես կանոն, կարճ ձեռնամարտով:

ՀԱՆԿԱՐԾԱԿԻՈՒԹՅՈՒՆ, ռազմարվեստի սկզբունքներից մեկը, հակառակորդի համար անակնկալ գործողություններ, որոնք հնարավորություն են տալիս նրան անակնկալի բերել և հաջողության հասնել մարտում, օպերացիայում, իսկ որոշ դեպքերում նաև պատերազմում:

ՀԱՐԹԱՓՈՂ ԶԵՆՔ, հրազեն, որի փողանցքը հարթ է: Մինչև XIX դ. կեսերը գրեթե ամբողջ հրազենը եղել է հարթափող և փողաբերանից լիցքավորվող: ՀԶ կրակում էր գնդաձև գնդակներով: Փոխարինվել է ակոսավոր զենքով:

ՀԱՐՁԱԿՄԱ ԽԱՓԱՆՈՒՄ, հակառակորդի վրա գործողությունների ամբողջություն, որոնց արդյունքում նա հարկադրված է լինում դադարեցնել հարձակողական գործողությունները կամ էլ հրաժարվել տվյալ ուղղությամբ նախատեսված նպատակներին ձգտելուց:

ՀԱՐՁԱԿՈՒՄ, համազորային մարտի հիմնական տեսակներից է: Հ. նպատակն է` արագընթաց առաջխաղացումով ներթափանցել հակառակորդի մարտակարգի խորքը, ոչնչացնել և գերի վերցնել նրա կենդանի ուժը, գրավել տեղանքի նախատեսված շրջանները (բնագծերը): Հ. կարելի է վարել պաշտպանվող, հարձակվող, նահանջող հակառակորդի վրա: Հարձակվող հակառակորդի վրա հարձակվում են հանդիպական մարտով, նահանջող հակառակորդի վրա՝ հետապնդմամբ: Պաշտպանվող հակառակորդի վրա կարելի է հարձակվել նրա հետ անմիջական շփման պայմաններից կամ ընթացքից:

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱԼԻՔԱՁԵՎ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄՆԵՐՈՎ, ճառագայթաձև հարձակման տարատեսակ է: Միաժամանակ մի քանի ուղղություններով ռազմավարական հարձակում ծավալելու համար բավարար ուժեր չունեցող հարձակվող (նախաձեռնությանը տիրող) կողմը ճառագայթաձև հարձակումն իրականացնում է մի քանի փուլերով` համեմատաբար փոքր «ցատկերով», որոնք կոչվում են ալիքներ:

ՀԱՐՅՈՒՐՅԱԿ, սովորաբար 100 մարդուց կազմված զինվորական ստորաբաժանում, կազմակերպչական և մարտական միավոր:

ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏ, հարյուր զինվորից բաղկացած ստորաբաժանման պետ, հրամանատար:

ՀԱՐՎԱԾ, մարտի բաղադրամաս է: Հակառակորդի խմբավորումների և օբյեկտների միաժամանակ խոցումն է եղած բոլոր միջոցների և ուժերի հզոր ներգործությամբ: Հ. կարող է լինել.

ԱՋԱԿՑՈՂ, գլխավոր հարվածի ուղղությունից մեկ այլ ուղղությամբ ուժերի և միջոցների մի մասով հասցվող հարված: Հիմնականում իրականացվում է հակառակորդի ուշադրությունը գլխավոր հարվածի ուղղությունից շեղելու, նրա ուժերի և միջոցների մի մասը կաշկանդելու և ուժերով ու միջոցներով զորաշարժը բացառելու նպատակով:

ԳԼԽԱՎՈՐ, դիմադրող հակառակորդին ջախջախիչ հարված հասցնելու և օպերացիայում (մարտում) տրված առաջադրանքը կատարելու նպատակով ընտրված ուղղությամբ (շրջանում) զորքերի (ուժերի) հարձակողական գործողություններ:

ԹԵՎԱՅԻՆ, հարված հակառակորդի մարտակարգի (օպերատիվ դասավորվածության) թևին, հետագայուն նրա գլխավոր խմբավորման թիկունք դուրս գալու նպատակով:

ԿԱՆԽՈՂ, պատերազմի ժամանակ հակառակորդին նախօրոք հասցված հարված, նախքան նրա ակտիվ գործողությունների սկսելը: Հասցվում է հակառակորդին հանկարծակիի բերելու, նրան մեծ կորուստներ պատճառելու և նախաձեռնությունը նրա ձեռքից խլելու նպատակով:

ՀԱՏՈՂ Հ, հարձակվող զորքերի գործողությունների ձև, որը սովորաբար օգտագործվում է հակառակորդի խմբավորումը մասնատելու և հետագայում առանձին-առանձին նրանց ջախջախելու նպատակով:

ՀԱՐՎԱԾԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ, զորքերի գլխավոր խմբավորման հարվածի ուղղության փոփոխություն: Իրականացվում է, որպես կանոն, վերախմբավորում կամ զորաշարժ կատարելով:

ՀԱՈՒԲԻՑ, հրետանային զենքի տեսակ՝ նախատեսված թաքնված օբյեկտը գագաթնահար հետագծով հրաձգությամբ խոցելու համար: Առաջին հաուբիցները ստեղծվել են XV դ. Եվրոպայում (Իտալիա, Գերմանիա): Հաուբիցի փողն ակոսավոր է և ավելի կարճ, քան թնդանոթինը, արկի սկզբնական արագությունը նույնպես փոքր է:

ՀԵԾԵԼԱԶՈՐ, զորատեսակ: Եգիպտոսի, Հնդկաստանի, Չինաստանի, Միջագետքի երկրների բանակներում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում մինչև Հ. երևան գալը կիրառվել են ձի լծած մարտակառքեր: Հ. որպես զորատեսակ երևան է եկել Ք.ա. II հազարամյակի վերջին: Ք.ա. VI դ. Պարսկաստանում այն հիմնական զորատեսակ էր (ծանր և թեթև): Կանոնավոր Հ. Հին Հունաստանում առաջին անգամ օգտագործվել է Ք.ա. IV դ. և ավելի կատարելագործվել Ալեքսանդր Մակեդոնացու բանակում (ծանր, միջին և թեթև Հ.): Իր մարտունակությամբ և հզորությամբ հռչակված էր հայկական Հ.: Հին հռոմեական բանակում Հ. օժանդակ զորատեսակ էր լեգեոնի կազմում: Եվրոպայում ֆեոդալական զորքերի գլխավոր ռազմական ուժը կազմել է ասպետական Հ. (ծանրազեն, զրահակիր): Իր բարձր մարտունակությամբ XIII-XIV դդ. աչքի է ընկել մոնղոլական թեթև Հ.: XIV դ. հրազենի երևան գալով և հետևազորի դերի ուժեղացմամբ ասպետական ծանր Հ. կորցրել է իր նշանակությունը:

ԹԵԹԵՎԱԶԵՆ Հ., թեթև զինված զինվորներից կազմված հեծելազորի տեսակ: Հին աշխարհի բանակներում ի հայտ է եկել անկանոն հեծելազորի տեսքով:

ԾԱՆՐԱԶԵՆ Հ., ծանր զինված զինվորներից կազմված հեծելազորի տեսակ: Որպես առանձին տեսակ լայն կիրառում է գտել Հին Մակեդոնիայի բանակում (Ք.ա. IV դ.): Հրազենի տարածմանը զուգահեռ Ծ.Հ. կորցրել է իր նշանակությունը:

ՀԵՆԱԴԱՇՏ (ՌԱԶՄԱՀԵՆԱԴԱՇՏ), մարտական գործողությունների ընթացքում զորքերի կողմից զավթված և պահվող տեղանքի հատված, հետագա մարտական խնդիրների կատարումն ապահովելու նպատակով: Հայոց ռազմարվեստում Հ. ստեղծումը հազարամյակների պատմություն ունի, սակայն առավել լայնորեն կիրառվել է XII-XIIIդդ.: Հ. ստեղծումով հաջողության զարգացման ռազմավարությամբ հայոց ռազմարվեստում աչքի են ընկել Վահան Մամիկոնյանը, Աբաս Բագրատունին, Վահրամ Պահլավունին և Զաքարիա Զաքարյանը:

ՀԵՆԱԿԵՏ, 1. Ռազմական պաշտպանական գործողությունների ծավալման համար նպաստավոր տեղ, դիրք, ամրություն: 2. Ժամանակակից պաշտպանական մարտում դասակի և վաշտի կողմից զբաղեցվող տարածքը: Դասակի Հ-ն ներառում է ջոկերի դիրքերը, ՀՄՄների (զրահափոխադրիչների), ինչպես նաև Հ-ում տեղաբաշխված ու ավագ հրամանատարի պլանով խնդիրները կատարող այլ կրակային միջոցների կրակային դիրքերը: Վաշտի Հ-ը ներառում է նաև դասակների Հ-երը:

ՀԵՌԱԴԻՏԱԿ, հոդակապով միմյանց միացված զուգահեռ դիտափողերից կազմված օպտիկական սարք: Ռազմական գործում կիրառվում է մարտի դաշտը դիտարկելու, նշանակետերը հետախուզելու, անկյունները չափելու և հեռավորությունները որոշելու համար:

ՀԵՏ ՔԱՇՎԵԼԸ (ՆԱՀԱՆՋ ՆԱԽՕՐՈՔ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲՆԱԳԻԾ), գերակշռող հակառակորդի հարվածի տակից զորքերի կողմից զբաղեցված բնագծերի (շրջանների) հարկադրյալ կամ կանխամտածված լքումը և նրանց հետբերումը ավելի նպաստավոր դիրք հետագա գործողությունների համար:

ՀԵՏԱԳԻԾ, թռիչքի ընթացքում գնդակի (նետի կամ այլ նետվող գործիքի) ծանրության կենտրոնի կազմած կոր գիծը: Վերազանցման անկյան մեծության հետ մեծանում են Հ. բարձրությունը և հորիզոնական հեռավորությունը, սակայն դա կատարվում է մինչև որոշակի սահման: Այս սահմանից հետո Հ. շարունակում է մեծանալ, իսկ հեռավորությունը՝ փոքրանում է:

ԳԵՏՆԱՄԵՐՁ Հ., առավելագույն հեռավորության անկյունից փոքր վերազանցման անկյուն ունեցող Հ.: Հ. գետնամերձությունն ազդում է ուղիղ կրակոցի, խոցվող ծածկված և մեռյալ տարածքների հեռավորության մեծության վրա:

ԳԱԳԱԹՆԱՀԱՐ Հ., առավելագույն հեռավորության անկյունից մեծ վերազանցման անկյուն ունեցող Հ.:

ԼԾՈՐԴՎԱԾ Հ., տարբեր վերազանցման անկյունների դեպքում նույն հորիզոնական հեռավորությունն ունեցող Հ.:

ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԴԱՐԱՆ, հետախուզության ձև: Կատարում է հետախուզական դետքը`գերիներ, հակառակորդի փաստաթղթեր, սպառազինության ու տեխնիկայի նմուշներ վերցնելու նպատակով: Դրա էությունն այն է, որ խմբի ստորաբաժանումը նախօրոք ու թաքուն տեղաբաշխվում է հակառակորդի շարժման սպասվող կամ հավանական ուղիներում` նրա վրա հանկարծակի հարձակվելու համար:

ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԽՈՒՄԲ (ՋՈԿԱՏ), ստեղծվում է զորային հետախուզության ստորաբաժանման հատուկ նախապատրաստված անձնակազմից: Նախատեսված է հակառակորդի թիկունքում օբյեկտներ բացահայտելու համար:

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ, զորքերի գործողությունների մարտական ապահովման կարևորագույն տեսակ: Կազմակերպվում է հակառակորդի և տեղանքի մասին տեղեկություններ հավաքելու համար: Հ. դերի բարձրացմանը զուգընթաց բարձրանում են նաև դրան ներկայացվող պահանջները, որոնցից հիմնականներն են. նպատակասլացությունը, անընդհատությունը, ակտիվությունը, ճիշտ ժամանակին լինելն ու օպերատիվությունը, գաղտնիությունը, կոորդինատները որոշելու ճշգրտությունը: Տվյալները հայթայթվում են տարբեր ձևերով: Դրանցից հիմնականներն են դիտարկումը, գաղտնալսումը, հետախուզական դարաններն ու հարձակումները, տեղացի բնակիչների հարցումներն ու գերի փախստականների հարցաքննությունները, հակառակորդից բռնագրավված փաստաթղթերի ուսումնասիրությունը:

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏՈՎ, 1. հետախուզության ձև, 2. հատուկ առանձնացված ստորաբաժանումների կողմից հակառակորդի մասին տվյալների հայթայթում: Մարտով հետախուզությունը կատարվում է այն դեպքում, երբ հետախուզության մյուս եղանակները չեն կարող հրամանատարությանն ապահովել հակառակորդի մասին անհրաժեշտ տվյալներով, կամ երբ չկա դրանք այլ եղանակներով ձեռք բերելու հնարավորություն: Երկրորդ աշխարհամարտի ընթացքում մարտով կատարվող հետախուզությունը լայն կիրառություն է գտել և, որպես կանոն, տվել է դրական արդյունքներ:

ՀԵՏԱԽՈՒՅԶ, գործող և հավանական հակառակորդի մասին տվյալներ հայթայթող, ուսումնասիրող և ընդհանրացնող անձ:

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ, հարձակողական մարտի տարատեսակներից է: Իրականացվում է հակառակորդի պաշտպանության խորքում՝ նահանջող հակառակորդի վրա հարձակվելիս:

ՀԵՏՄՂՈՒՄ, կրակոցի ժամանակ զենքի (փողի) շարժումը դեպի հետ:

ՀԵՏԵՎԱԿ (ՀԵՏԵՎԱԶՈՐ), ցամաքային զորքերի տեսակ: Նախատեսված է մարտում հակառակորդին ջախջախելու և նրա տարածքը գրավելու համար: Մարտ է մղում օրվա բոլոր ժամերին, տարվա բոլոր եղանակներին, ամենատարբեր տեղանքում: Ամենահին զորատեսակն է, որը հասարակության զարգացմանը զուգընթաց զգալի փոփոխություններ է կրել: Հին աշխարհում (Եգիպտոս, Հունաստան, Հռոմ ևն) Հ. եղել է գլխավոր զորատեսակ: Միջին դարերում Հ. նշանակությունը նվազել է: Տարբերվում էր ծանր և թեթև Հ:

ԹԵԹԵՎԱԶԵՆ Հ., թեթև զինված զինվորներից կազմված հետևակի տեսակ: Նախատեսված էր մարտը սկսելու, մարտի ընթացքում հիմնական ուժերի թևերը և թիկունքը պաշտպանելու, հետախուզություն վարելու և այլ խնդիրներ կատարելու համար: Հին աշխարհում կազմված էր նետաձիգներից, պարսատիկավորներից ևն: XVIII-XIXդդ. ԹՀ համարվում էին եգերները:

ԾԱՆՐԱԶԵՆ Հ., հետևակի տարատեսակ: Նախատեսված է մարտում (ճակատամարտում) հակառակորդին վճռական հարված հասցնելու համար: Գոյություն է ունեցել Հին աշխարհի երկրներում: Ի տարբերություն թեթև հետևակի` այն գործել է խիտ սեղմված շարքերով:

ՀԵՏԵՎԱԿԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ (ՀՄՄ), հետևակը տեղափոխելու և մարտի դաշտում իր սպառազինությամբ աջակցելու համար նախատեսված հզոր սպառազինությամբ, թրթուրավոր (անվավոր), զրահավորված, բարձր շարժունակությամբ օժտված, լողացող մարտական մեքենա: Այն հնարավորություն է տալիս հիմնականում գետնի վրա կռվող հետևակը մեքենայից կռվողի ձևափոխելու համար: Առաջին ՀՄՄ-ն սպառազինության մեջ ընդունվել է 1966թ. ԽՍՀՄ-ում:

ՀԵՔՍՈԳԵՆ, բրիզանտային պայթուցիկ նյութ: Անգույն բյուրեղանման փոշի: Կիրառվում է զինամթերքները հանդերձավորելու, դետոնատորներ պատրաստելու և պայթեցման գործում: Առաջին անգամ ստացվել է 1838թ.:

«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ» ԳՐՈՀ, պաշտպանվող հակառակորդին սարսափեցնելու (վախեցնելու), նրա հոգեվիճակը կտրուկ և խիստ ապակայունացնելու, դիմադրելու կամքը ճնշելու նպատակով իրականացվող գրոհ: Ներառում է արտաքին էֆեկտի տարրեր, նոր զինատեսակների անակնկալ կիրառում ևն:

ՀՈՂԱԹՈՒՄԲ (ՀՈՂԱՊԱՏՆԵՇ, ԲՐՈՒՍՏՎԵՐ), հողային լիցք խրամատի կամ խրամուղու առջև, որը ծառայում է հրազենից կրակելու հարմարավետությունը, հրաձիգներին հրաձգային զենքերի գնդակներից, բեկորներից պաշտպանելու և հակառակորդի դիտարկումն ապահովելու համար:

ՀՈՊԼԻՏՆԵՐ, Հին հունական քաղաք-պետությունների բանակների հիմքը կազմող զինվորներ: Սպառազինված էին երկար ծանր նիզակներով, կարճ սրով և լրիվ մետաղական պաշտպանական հանդերձանքով (սաղավարտ, վահան, զրահ, սռնապաններ): Մարտնչում էին փաղանգի մարտակարգում (շարքում):

ՀՐԱԶԵՆ (ՀՐԱՁԳԱՅԻՆ ԶԵՆՔ), զենք, որում փողից գնդակի (արկի) դուրս նետումը կատարվում է վառոդի գազերի էներգիայի օգտագործմամբ:


ՓՈՔՐ (ՆՈՐՄԱԼ, ԽՈՇՈՐ) ՏՐԱՄԱՉԱՓԻ Հ., փողի տրամաչափը կազմում է համապատասխանաբար` մինչև 6,5 մմ, 6,5-9 մմ և 9-15 մմ:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ Հ., նախատեսված է հրազենի նյութական մասի, հրաձգության եղանակներն ու կանոններն ուսումնասիրելու համար:

ԱՆՀԱՏԱԿԱՆ Հ., հրաձգության ժամանակ պահվում են անմիջականորեն հրաձիգի կողմից, նախատեսված են մոտ հեռավորության վրա հակառակորդին խոցելու համար:

ԱՆՁՆԱԿԱՆ Հ., ատրճանակներ, որոնք նախատեսված են մերձամարտի և ինքնապաշտպանության համար:

ԱՎՏՈՄԱՏ (ԻՆՔՆԱՁԻԳ) Հ., վերալիցքավորումը և հերթական կրակոցն իրականացվում է ավտոմատ՝ ի հաշիվ վառոդային գազերի էներգիայի:

ՀԵՏՄՂՄԱՆ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ԳՈՐԾՈՂ Հ., ավտոմատիկան աշխատում է կրակոցի ժամանակ փողի կարճ ընթացքով կամ ազատ փակաղակի հետմղման էներգիայի օգտագործման սկզբունքով:

ԽՄԲԱԿԱՅԻՆ Հ., անձնակազմի (հաշվարկի) կողմից սպասարկվող Հ.: Նախատեսված են հիմնականում մեծ հեռավորության վրա հակառակորդին խոցելու համար:

ՈՉ ԱՎՏՈՄԱՏ Հ., վերալիցքավորումը կատարվում է հրաձիգի ջանքով: Լինում են միալիցք, պահեստատուփով և թմբուկավոր (ռևոլվերներ, սպորտային հրացաններ և այլն):

Հ. ՄԱՐՏԱԿԱՆ ԱՐԱԳԱՁԳՈՒԹՅՈՒՆ, կրակ, որը կատարվում է մեկ րոպեում` հստակ պահպանելով կրակի վարման օրենքները և հիմունքները, հաշվի առնելով զենքի վերալիցքավորման ժամանակը, կրակի կարգավորումը և կրակի տեղափոխումը մեկ նպատակից մյուսի վրա:

Հ. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱԳԱՁԳՈՒԹՅՈՒՆ (ԿՐԱԿԻ ՏԵՄՊ), ավտոմատ հրազենից արձակված անընդմեջ կրակ, որը նշած զինատեսակը կարող է տալ միավոր ժամանակում:

ՀՐԱԿՆԱՏ, բաց (երբեմն կափարիչով ծածկվող) նեղ ճեղք պաշտպանական կառույցներում, խրամուղու հողաթմբի, զրահամեքենաների, զրահավահանի, ամրոցի պատի վրա կրակի վարման և դիտարկման համար:

ՀՐԱՁԳԱՅԻՆ ՇՂԹԱ, ջոկի, հրաձգային (մոտոհրաձգային) դասակի և վաշտի մարտակարգ, որտեղ զինծառայողները տեղավորված են ըստ ճակատի մեկ գծով (Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` մոտ 1 մ, մեր օրերում` 6-8 մ միջտարածությամբ):

ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԻՂ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ, վարվում է բաց կրակային դիրքերից, երբ հրանոթը (զենքը) անմիջականորեն ուղղվում է նշանակետի վրա:

ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԿՐԱԿԱԴԻՐՔԻՑ, հրետանու հրաձգություն կրակային դիրքից չդիտարկվող նշանակետերի վրա, որի դեպքում հրանոթը նշանակետի վրա ուղղվում է. հորիզոնական հարթությունում՝ ուղղորդման կետի օգնությամբ, ուղղաձիգ հարթությունում՝ կողային մակարդակի օգնությամբ:

ՀՐԱՄԱՆ, ենթականերին ուղղված հրամանատարի գրավոր կամ բանավոր կարգադրություն, որը պահանջում է կոնկրետ գործողությունների, այս կամ այն կանոնի կատարում կամ հրամանատարի կողմից հաստատագրված կարգ, դրություն:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏ (ՎՐԱՆ), մարտադաշտին (տեղաբաշխման ժամանակ՝ սեփական զորքին) հետևելու համար հարմար վայր, որտեղ գտնվելով՝ հրամանատարն արդյունավետորեն կազմակերպում է զորքի կենսագործունեությունը:

ՀՐԱՆԵՏ, զենք, որը նախատեսված է հակառակորդին այրվող հրախառնուրդով խոցելու համար: Հրանետը լինում է ձեռքի, ինքնագնաց և տանկային:

ՀՐԱՆՈԹ, հրետանային հրազենի ընդհանուր անվանումը:

ՀՐԱՑԱՆ, մենահատ կրակով հակառակորդին ոչնչացնելու համար նախատեսված հրազեն, որը մեր օրերում գրեթե ամբողջությամբ փոխարինվել է ավտոմատներով:

ԲԵՐԴԱՆԻ Հ., ռուսական բանակում XIX դ. վերջին սպառազինության մեջ գտնված ամերիկացի Խ. Բերդանի հրացանի ժողովրդական անունը: Լայնորեն կիրառվել է XIX դ. հայդուկային ջոկատների կողմից:

ՄԱՈՒԶԵՐԻ Հ., գերմանացի տաղանդավոր զինագործ Պ.Մաուզերի հրացանների (նույն կերպ` ատրճանակների) ժողովրդական անունը: XX դ. սկզբին ՄՀ-ներով էին սպառազինված շուրջ երկու տասնյակ պետությունների բանակներ: ՄՀ-ով էին զինվում համիդիե գնդերը դեռևս 1894-96թթ. հայկական ջարդերի ժամանակ: Այն Առաջին համաշխարհային պատերազմում թուրքական բանակի ասկյարների հիմնական հրազենն էր: Նրանցից խլած ՄՀ-ով զինվում էին նաև հայկական ինքնապաշտպանական ջոկատները:

ՄՈՍԻՆԻ Հ., պաշտոնական գրագրություններում «1891թ. օրինակի հետևակային հրացան»: Ռուսական և մի շարք այլ պետությունների բանակներում սպառազինության վերցված հրացանների ժողովրդական անունը: Լայնորեն կիրառվել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայդուկային ջոկատների կողմից:

ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅՈՒՆ, հրետանային կրակի ենթարկում:

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶԵՆՔ (ՀՐԵՏԱՆԻ), հրազենի տեսակ, զանազան կառուցվածք ու տրամաչափ ունեցող հրանոթների ընդհանուր անվանումը: ՀԶ նախատեսված է հակառակորդի հրետանու, զրահապատ և թռչող մարտական միջոցների դեմ պայքարի, կենդանի ուժի և կրակային միջոցների ոչնչացման ու ճնշման, մարտական այլ խնդիրներ կատարելու համար: Հրետանային զենքը լինում է վերգետնյա, ավիացիոն, առափնյա և նավային: Ըստ արկին արագության հաղորդման եղանակի տարբերում են փողային և ռեակտիվ, իսկ ըստ փողանցքի կառուցվածքի՝ ակոսավոր և հարթափող հրետանային զենքեր: Ըստ տեղաշարժման եղանակի լինում են բուքսիրային, ինքնաշարժ (շարժիչով սարքավորված), ինքնագնաց (թրթուրավոր կամ անվավոր անվաշրջանակով), տանկային և այլ ՀԶ: Դրանց տեսակներից են թնդանոթը, հաուբիցը, ականանետը, անհետգլորք հրանոթը, ռեակտիվ համակարգերը:

ՓՈՔՐ (ՄԻՋԻՆ, ԽՈՇՈՐ) ՏՐԱՄԱՉԱՓԻ ՀԶ, հրանոթ, որի փողի տրամաչափը կազմում է համապատասխանաբար` 20 մմ-ից մինչև 76 մմ, 76 մմ-ից մինչև 152 մմ և ավելի քան 152 մմ:

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԽՈՒՄԲ, մի քանի հրետանային ստորաբաժանումներից (զորամասերից, միավորումներից) կազմված միասնական հրամանատարությամբ ժամանակավոր կազմավորում, որը հատկացվում է մարտի ժամանակ համազորային զորամասի (զորամիավորման, միավորման) շահերից ելնելով առաջադրանք կատարելու համար:

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԿՐԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐ, հրետանու կրակի դասակարգումն ըստ ներգրավվող հրետանային միջոցների քանակի: Ըստ լուծվող մարտավարական խնդիրների՝ ոչնչացման, ճնշման, ուժասպառ անելու, ավերման, ծխապատման (կուրացման), լուսավորման և այլն:

Ըստ վարման եղանակների՝ ուղիղ նշանառմամբ, փակ կրակային դիրքերից և այլն:

Ըստ կրակի տեսակների` առանձին նշանակետի ուղղությամբ վարվող կրակ, անհանգստացնող կրակ, անշարժ արգելափակիչ կրակ, շարժական արգելափակիչ կրակ, զանգվածային կրակ, կենտրոնացված կրակ, կրակի հաջորդական կենտրոնացում, կրակային տարափ, կրակային վրա տալ, խափանիչ կրակ, վազող կրակ:

ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ, նշանակետերը հրետանային արկերով խոցելու համար նախատեսված սպառազինության համակարգի տեսակ: ՀՀ սպառազինությունը և զինամթերքը միավորում է կրակի ղեկավարման, հրաձգության և հետախուզության ապահովման միջոցներին:

ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶԵՆՔ, համակարգ, որտեղ ոչնչացման միջոցները նշանակետին են հասցվում կառավարվող կամ չկառավարվող հրթիռներով. ներառում է միջուկային կամ սովորական լիցքով հրթիռ, արձակման կայանք, ստուգման-արձակման սարքավորումներ, նշանառության, հրթիռի թռիչքի կառավարման, տրանսպորտային և այլ միջոցներ:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԶ, նախատեսված է հակառակորդի կարևոր ռազմավարական օբյեկտներ (միջուկային հարձակման միջոցներ, վարչաքաղաքական և ռազմարդյունաբերական կենտրոններ, զորքերի խոշոր խմբավորումներ) ոչնչացնելու համար:

ՕՊԵՐԱՏԻՎ-ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԶ, նախատեսված է հակառակորդի օդանավակայաններ, երկաթուղային հանգույցներ, մարտավարման կայաններ և օպերատիվ-մարտավարական գոտում գտնվող այլ օբյեկտներ ոչնչացնելու համար:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԶ, ներառում է արձակման ինքնագնաց տեղակայանքներ, հակատանկային կառավարվող և չկառավարվող հրթիռներ: Ցամաքային զորքերի ՄՀԶ նախատեսված է հակառակորդի մարտավարական գոտում գտնվող օբյեկտները ոչնչացնելու համար:

ՀՐԿԻԶՈՂ ԶԵՆՔ, հակառակորդի վրա անմիջականորեն հրկիզող նյութերով ազդող և դրանցով հրդեհներ առաջացնող զենք: Ներառում է զինամթերքը (հրահեղուկ խառնուրդը) և նշանակետին հասցնելու միջոցը:


ՀՈՒՆԱԿԱՆ ԿՐԱԿ, հին հրկիզող խառնուրդ, կիրառվել է ծովամարտերում և ամրոցները պաշարելիս: Հավանաբար կազմված է եղել ազոտից, ծծմբից, նավթից, խեժից և ջրում չհանգչող այլ նյութերից: Նետելու համար օգտագործվել են պղնձյա խողովակներ (նավերի վրա), ձեռքի սիֆոններ, «բոցավառ եղջյուրներ», ինչպես նաև նետող մեքենաներից նետվող տակառներ և կավե կճուճներ: Հույների կողմից Հ.Կ-ի կիրառման մասին առաջին հիշատակումները պատկանում են 673թ., վերջինները՝ 1453թ.:



Ձ





ՁԱԳԱՐ, ռումբի կամ արկի պայթելուց գետնի մեջ բացված կոնաձև փոս:

ՁԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (ԲԱԼԻՍՏԻԿԱ), նետված մարմնի (գնդակ, արկ, ական ևն) շարժումն ուսումնասիրող գիտություն:

ՁԵՌՆԱՄԱՐՏ, ձեռնակռիվ, սվինամարտ:

ՁԵՌՔԻ ԳՆԴԱՑԻՐ, հրաձգության ժամանակ հրաձիգի կողմից պահվող Գ.: Հիմնականում մշակվում են ավտոմատների հիմքի վրա և ավտոմատներից տարբերվում են հենակների առկայությամբ, երկարատև հրաձգության համար նախատեսված ծանր փողով և տարողունակ փամփշտատուփով: Առաջին նմուշներից առավել արդյունավետն ու տարածվածը անգլիական «Լյուիսի» ՁԳ-ն էր (1915թ.):

ՁԵՌՔԻ ՆՌՆԱԿ, նախատեսված են մերձամարտ վարելու համար: ՁՆ լինում են՝ մարտական (բեկորային կամ հակատանկային) և աջակցող:

ԲԵԿՈՐԱՅԻՆ ՁՆ, նախատեսված են մերձամարտում պայթած նռնակի բեկորներով հակառակորդի կենդանի ուժը և կրակամիջոցները ոչնչացնելու համար:

ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՁՆ, նախատեսված են մերձամարտում պայթած նռնակի էներգիայի շնորհիվ հակառակորդի զրահատեխնիկան և ամրաշինական կառույցներում գտնվող կենդանի ուժը ոչնչացնելու համար:

ԾԽԱՏՈՒ ՁՆ, նախատեսված են ծխաքողարկում ստեղծելու, ավիացիային ու հրետանուն ազդանշաններ հաղորդելու համար:

ՀՐԿԻԶՈՂ ՁՆ, նախատեսված են հրդեհի օջախներ առաջացնելու համար:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՆ, նախատեսված են առանց մարտական նռնակները ծախսելու անձնակազմին նռնականետում ուսուցանելու համար:

ՁԵՌՔԻ ՆՌՆԱԿԱՆԵՏ, հրաձիգի ուսից, ձեռքից կամ հենակից նռնակ նետող զենք:

ՁԻԱՎՈՐՆԵՐ, ձիավորք, ձիավարժք, հեծելվորք, ասպետք, մանր ու միջին ազնվականների դաս Կիլիկյան Հայաստանում: Հասարակական-տնտեսական վիճակով գտնվել են ավատապետական սանդուղքի երրորդ աստիճանում: Համապատասխանում են Արշակունյաց և Բագրատունյաց Հայաստանի ազատների (ոստանիկներ, սեպուհներ) դասին: Հողի գերագույն տերերից՝ թագավորներից և ավատառու բարձրադաս ազնվականներից ստանալով կալվածներ և ռոճիկ (հռոգ), վասալ Ձ. նրանց համար կատարել են զինվորական ծառայություն (գերազանցապես հեծելազորային), վարել գործակալական մանր պաշտոններ: Պարտավորությունները խախտելու դեպքում ավատատերն իրավունք է ունեցել հետ գրավել պայմանով ձիավորին հատկացված կալվածը, դատել նրան: Ըստ «ձիավորեցման հրահանգի», ձիավոր ասպետի աստիճան ստանալու համար Ձ. հրապարակայնորեն քննություն են հանձնել ձիավարժությունից, զինախաղերից: Ձիավորեցման արարողությունները սովորաբար կատարել են նշանավոր իրադարձությունների ու տոնահանդեսների ժամանակ: Ձ. խաղաղ ժամանակներում բնակվել են իրենց հատկացված կալվածքներում, զբաղվել տնտեսությամբ, զինախաղերով: Կրել են կապույտ համազգեստ՝ ոսկեգույն խաչի և հայկական այրուձիի նշաններով:



Ճ





ՃԱԿԱՏ, ռազմական միավորի դասավորվածության առջևի գիծը, տարածությունը:

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ, ռազմական գործողություն, կռիվ:

ՎՃՌԱԿԱՆ Ճ., պատերազմող կողմերի գլխավոր ուժերի վճռական ընդհարումը տեղանքի սահմանափակ շրջանում, որտեղ հակառակորդներից մեկի բանակի ջախջախումով կարող է որոշվել ողջ պատերազմի ելքը:

ՃԱՄԲԱՐ, զորքերի մշտական տեղակայման վայրից դուրս գտնվող ժամանակավոր կայան:

ՃԱՌԱԳԱՅԹԱՁԵՎ (ՀՈՎՀԱՐԱՁԵՎ) ՀԱՐՁԱԿՈՒՄ, մեկ կենտրոնից (ռազմավարական բազայից) միաժամանակ մի քանի ուղղություններով իրականացվող հարձակում` հակառակորդին ապակողմնորոշելու և նրա ռեզերվները գլխավոր հարվածների ուղղությամբ կենտրոնացնելու հնարավորություն չտալու նպատակով: Հեռահաղորդակցության միջոցների անկատարության պատճառով զորավարները դժվարանում էին փոխգործողություններ կազմակերպել տարբեր ուղղություններում գործող զորքերի (զորամասերի) միջև, որի պատճառով հին և միջին դարերում հազվադեպ է կիրառվել:

ՃԵՂՔՈՒՄ (ՄԱՐՏԱԿԱՐԳԻ, ԶՈՐՔԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱՄ ԵՐԹԱՅԻՆ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ), ճակատի նեղ տեղամասում հակառակորդի պաշտպանության երկփեղկումն է:


Մ





ՄԱՐՏ, զորքերի, ինչպես նաև օդուժի, նավատորմի ուժերի մարտավարական գործողությունների հիմնական ձևն է: Զորամիավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների կազմակերպված և նպատակով, տեղով ու ժամանակով համաձայնեցված հարվածներն է, կրակը (խոցումը) և զորաշարժը՝ հակառակորդին ոչնչացնելու (ջախջախելու), նրա հարվածները հետ մղելու և սահմանափակ շրջանում կարճ ժամանակի ընթացքում այլ խնդիրներ կատարելու նպատակներով: Ժամանակակից Մ. կարող է լինել համազորային, հակաօդային, օդային և ծովային: Մ. երկկողմանի երևույթ է, որտեղ հակամարտում են ուժերի և միջոցների երկու խմբավորումներ միևնույն նպատակով՝ հաղթել հակառակորդին: Մ-ում հաղթանակի հասնելու միջոցներն են զենքը, տեխնիկան ու մարդիկ: Այդ դեպքում զենքի ու տեխնիկայի արդյունավետությունը կախված է մարդու կողմից դրանք գրագետ ձևով կիրառելուց (իրավիճակի բոլոր առանձնահատկությունների հաշվառմամբ):

ՄԱՐՏԱԴԱՇՏ, տարածք, որի սահմաններում անց են կացվում (վարվել են) մարտական գործողություններ:

ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ (ԽՆԴԻՐ), մարտում նշված ժամկետում որոշակի նպատակի հասնելու համար զորքերին կամ առանձին զինծառայողին տրված առաջադրանք:

ՄԱՐՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, զորքերի մարտական գործողությունների համակողմանի ապահովումն անհրաժեշտ միջոցներով և տվյալներով: Մարտական ապահովման տեսակներն են՝ հետախուզություն, պահպանություն, քիմիական ապահովում, պաշտպանություն զանգվածային խոցման զենքից, ռադիոէլեկտրոնային պաշտպանություն, մարտավարական քողարկում, ինժեներական ապահովում:

ՄԱՐՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ, մարտական առաջադրանքների, զինվորական ծառայության հետ կապված` բանակում պատմականորեն ձևավորված և սերնդեսերունդ փոխանցվող կանոնների, ավանդույթների և զինծառայողների վարվելակարգի նորմեր:

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ստորաբաժանումների, զորամասերի, միավորումների, զինված ուժերի բոլոր զորատեսակների միավորման կազմակերպված գործողությունները՝ մարտական առաջադրանքները կատարելու համար: Մարտական գործողությունների հիմնական ձևերն են պաշտպանությունը և հարձակումը: Դրանք վարվում են օպերացիաների, ճակատամարտերի և մարտերի տեսքով:

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ, մարտական գործողությունները կանգնեցնելու ձևերից մեկը: Առավելապես օգտագործվում է տեղական զինադադարի պայմաններն ապահովելու համար և սահմանափակվում է ըստ ժամանակի, տարածքի և նպատակների: Օգտագործվում է մասնակի խնդիրներ լուծելու` վիրավորներին հավաքելու և նրանց փոխանակելու, բանագնացներ ուղարկելու և այլ նպատակների համար: Առանձին անձանց կողմից դադարեցման պայմանների խախտումը դիտարկվում է որպես պատերազմի օրենքների և ավանդույթների խախտում:

ՄԱՐՏԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ, գործոնների և պայմանների ամբողջություն, որոնցում իրականացվում են մարտի նախապատրաստումը և վարումը:

ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱՑԻՆ (ՏԱՊԱՐ), հնագույն կտրող-հարվածող սառը զենք: Փայտե բռնակի վրա ամրացված ձգված սեպ կամ լայնաբերան սայր էր:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, մարտական գործողությունների հետևանք, որի արդյունքում ամբողջությամբ և ժամանակին կատարվել են ստորաբաժանումներին, զորամասերին և միավորումներին մարտում տրված մարտավարական առաջադրանքները:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, բարձր մարտական պատրաստականության մեջ գտնվող պլանավորված կամ հանկարծակի ծագող խնդիրները և մարտական գործողությունները վարելու համար հատուկ առանձնացված ուժերի և միջոցների հերթապահության հատուկ ձև: Իրականացվում է հակառակորդի հարձակման սկիզբը ժամանակին բացահայտելու, առավել կարևոր օբյեկտներն անհապաղ խոցելու, պետական սահմանի խախտումը կանխելու նպատակով:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ, զորքերի (ուժերի) անձնակազմի գիտելիքների, կարողությունների և հմտությունների համալիր, նրա բարոյահոգեբանական և ֆիզիկական հատկությունները, ստորաբաժանումների, զորամասերի, միավորումների, կառավարման օրգանների պատրաստվածությունը և ներդաշնակությունը, ինչպես նաև տարբեր իրավիճակներում մարտական գործողություններ վարելու կամ առաջադրված այլ խնդիրներ կատարելու նրանց կարողությունը:


ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՄԱՆ, մարտի (օպերացիայի) նախապատրաստման ժամանակ զորքերին (ուժերին) առաջադրվող մարտական խնդիրների ձև: ՄՀ բոլոր ձևակերպումներն արտահայտվում են հակիրճ և միանշանակ: ՄՀ կարող է տրվել բանավոր և գրավոր, տեղանքի վրա կամ էլ քարտեզով:

ՄԱՐՏԱԿԱՆ ՇՓՈՒՄ (ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՈՒՄ), կռվող կողմերի զորքերի փոխադարձ տեղաբաշխումը, որի դեպքում նրանք խոցման միջոցներով կարող են ազդել միմյանց վրա:

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, մարտում զորքերը պահպանելու համար հատկացվող ուժեր և միջոցներ, մարտական և նախամարտական կարգերի տարածք հակառակորդի հետախուզության մուտքը թույլ չտալու, պահպանվող զորքերի վրա հակառակորդի հանկարծակի հարձակումը կանխելու համար:

ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ, զորքերի (ուժերի) վիճակը, որը թույլ է տալիս նշված ժամկետներում մարտական գործողություններ սկսել, և դրանց ընթացքում հաջողությամբ կատարել մարտական առաջադրանքները: Զինված ուժերում նախատեսված է ՄՊ մի քանի աստիճան: Որքան բարձր է զորքերի ՄՊ, այնքան քիչ ժամանակ է նրանց պետք մարտական առաջադրանքները կատարելուն նախապատրաստվելու համար: ՄՊ բարձրագույն աստիճանը որոշվում է զորքերի (ուժերի) կողմից անհապաղ մարտական առաջադրանքները կատարելու կարողությամբ:

ՄԱՐՏԱԿԱՆ ՏԱԳՆԱՊ, զորամասի անհապաղ բերումը մարտական խնդիրներ կատարելու պատրաստվածության:

ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ, մարտ վարելու համար նախատեսված կամ հարմարեցված տեխնիկական միջոցներ:

ՄԱՐՏԱԿԱՌՔ, ռազմակառք, հատկապես ռազմական նպատակներով օգտագործվող երկանիվ կամ քառանիվ մարդատար թեթև կառք: Մ-ին լծում էին մեկ կամ երկու և ավելի զույգ ձի (մասամբ նաև ջորի): Մարտիկի պաշտպանության նպատակով Մ. առջևից և կողերից պատվում էր 0,5 մ և ավելի բարձր թափքակողերով: Մ-ում տեղավորվում էին հիմնականում մարտիկը և կառավարը: Մ-ի թափքում ամրացվում-պահվում էին նետերի կամ տեգերի կապարճը, նիզակը և անհրաժեշտ այլ զենքեր: Հին աշխարհի զորքերում Մ-երի մարտիկները կազմում էին հատուկ ջոկատներ, որոնք գործում էին հետևազորի առջևից կամ թևերից: Մ-երի ջոկատների հարվածները խառնաշփոթություն էին առաջացնում հակառակորդի շարքերում՝ հետևազորի համար ստեղծելով նպաստավոր պայմաններ: Մ-երն օգտագործվում էին նաև հաղթական կամ հանդիսավոր շքահանդեսներում ու մարզական մրցույթներում: Հայկական լեռնաշխարհում Մ-երի պեղածոներ են հայտնաբերվել Ք.ա. XIV-VII դդ. ժամանակաշրջանին վերաբերող դամբարաններում: Արդեն Ք.ա. I հազարամյակի սկզբներից ռազմարվեստում, որպես առավել ճկուն ու հարվածային զորատեսակ, առաջնակարգ դիրք է գրավում հեծելազորը (այրուձին)՝ աստիճանաբար փոխարինելով Մ-երի ջոկատներին:

ՄԱՐՏԱԿԱՐԳ, զորքերի դասավորվածությունը մարտ վարելու համար: Այն պետք է համապատասխանի իրավիճակի պայմաններին և նպաստի մարտի նպատակին հասնելուն:

ՍԱՆԴՂԱՁԵՎ Մ., առաջին գծում անհարթ (կենտրոնը կամ թևերից մեկն առաջ կամ հետ ընկած) դասավորություն:

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՔՈՂԱՐԿՈՒՄ, նպատակն է հասնել ստորաբաժանումների գործողությունների անսպասելիության և դրանց մարտունակության պահպանման: Քողարկման խնդիրները սեփական ստորաբաժանումների գաղտնիությունն ապահովելն ու հակառակորդին մոլորության մեջ գցելն է դրանց կազմի, դրության և մարտի մտահղացման վերաբերյալ:

ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ, մարտական տեխնիկայի մարտական և շահագործման հնարավորությունները որոշող նրա քանակական և որակական ցուցանիշների ամբողջություն:

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ռազմարվեստի բաղկացուցիչ մասերից է, որն ուսումնասիրում է զորքերի դիրքը, զորաշարժն ու գործողությունները տարբեր մարտատեսակներում: Այլ կերպ ասած` մարտավարությունն ուսումնասիրում է մարտի բնույթն ու դրան զինված ուժերի մասնակցությունը: Ընդգրկում է բոլոր տեսակի մարտական գործողությունների (հարձակում, պաշտպանություն, հանդիպական մարտ, մարտավարական վերախմբավորում և այլն) ուսումնասիրումը, մշակումը, նախապատրաստումը և վարումը: Մարտավարությունը բաժանվում է ընդհանուր մարտավարության և զորատեսակների ու հատուկ զորքերի մարտավարության:

ՄԱՐՏԻԿ (ԿՈՄԲԱՏԱՆՏ), պատերազմող կողմերի զինված ուժերի կազմի մեջ մտնող և մարտական գործողություններում անմիջականորեն մասնակցություն ունեցող, այսինքն` կռվող անձ: Մ. են նաև աշխարհազորի և կամավորական ջոկատների անդամները: Մ. պարտավոր է պահպանել պատերազմի օրենքները և ավանդույթները: Մ. են համարվում նաև ռազմաբժշկական, ռազմաիրավաբանական, թիկունքի անձնակազմը, զինվորական հոգևորականները և ռազմական լրագրողները:

ՄԱՐՏԻ ՄՏՑՎԵԼՈՒ ԲՆԱԳԻԾ, տեղանքի պայմանական գիծ (տեղանքի գոտի), որից երկրորդ էշելոնը կամ համազորային ռեզերվը սկսում են մարտական գործողությունները:

ՄԱՐՏԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ, զորքերի մարտական գործողություններ, նրանց հետքաշումը կամ այլ ուղղությամբ զորաշարժն ապահովող հեռավորության վրա հակառակորդից պոկվելու նպատակով: ՄԴԳ իրականացվում է ծածուկ և հանկարծակի, սովորաբար գիշերը կամ սահմանափակ տեսանելիության այլ պայմաններում:

ՄԱՐՏԿՈՑ, մի քանի թնդանոթների խումբ, որոնք կազմում են մեկ հրետանային միավոր և գտնվում են մեկի հրամանատարության տակ:

ՄԱՐՏՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ, հետախուզության ձև: Հատուկ առանձնացված (հին և միջին դարերում` թեթևազեն կամ միջին հեծելազորի) ստորաբաժանումների կողմից հակառակորդի մասին տվյալների հայթայթումը: ՄՀ կատարվում է այն դեպքում, երբ հետախուզության մյուս եղանակները չեն կարող հրամանատարությանն ապահովել հակառակորդի մասին անհրաժեշտ տվյալներով կամ երբ չկա դրանք այլ եղանակներով ձեռք բերելու հնարավորություն:

ՄԵՆԱՄԱՐՏ, զենքի կիրառմամբ կամ առանց զենքի հակառակորդ երկու մարտիկների կռիվը՝ սահմանված կանոնների պահպանմամբ:

ՄԵՌՅԱԼ ՏԱՐԱԾՔ, ծածկված տարածքի այն մասը, որտեղ տվյալ հետագծի դեպքում նպատակը չի կարող խոցվել:

ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ), մի քանի զորամասերից, սովորաբար տարբեր զորատեսակներից (ուժերից), հատուկ զորքերից (ծառայություններից), ինչպես նաև ապահովման և սպասարկման զորամասերից կազմված զինվորական կազմավորում:

ՄԻԼԻՑԻԱ, XV դ. կեսերից եվրոպական որոշ երկրներում պատերազմի ժամանակ հավաքվող աշխարհազորի անվանումը: Ռուսաստանում XIX դ. սկզբներից տեղային զորքերի` Կովկասի ժողովուրդներից կազմավորվող անկանոն հեծելազորի անվանումը:

ՄԻԼԻՑԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՋՈԿԱՏՆԵՐ (ՄՀՆՋ), ահաբեկչության և ավազակության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման նպատակով կազմավորված`ոստիկանության լավ պատրաստված և բանակային հանդերձանքով ու զենքով զինված մարտական ջոկատներ (խմբեր): 1988-1991թթ. հայկական բնակավայրերի վրա ավազակային հարձակումներ գործելու և դրանց բնակիչներին բռնի ուժով տեղահանելու նպատակով ադրբեջանական իշխանությունների կողմից օգտագործվող հիմնական ուժերն էին:

ՄԻՋՆԱԲԵՐԴ, ինքնուրույն պաշտպանությանը հարմարեցված և խիստ ամրացված կառույց քաղաքի կամ ամրոցի մեջ:

ՄԻՋՆԱՊԱՐԻՍՊ, արտաքին և ներքին պարիսպների միջև գտնվող պարիսպ:

ՄԿՈՒՆԴ, Զենքի հնագույն տեսակ է՝ մեծ գեղարդ (նիզակ կամ տեգ): Սկզբում պատրաստել են քարե, ապա՝ պղնձե, բրոնզե և երկաթե շեղբերով, որոնք ամրացվել են փայտե կոթերին: Շատ տարածվել է միջին դարերում: Մ. կրող զինվորները կոչվել են մկունդավորներ:

ՄՇՏԱԿԱՆ ԲԱՆԱԿ, մշտապես պահվող բանակ (խաղաղության և պատերազմի ժամանակ), ի տարբերություն աշխարհազորի և միլիցիոն բանակի, որոնք կազմավորվում են միայն պատերազմի ժամանակ:

ՄՈԲԻԼԻԶԱՑՈՒՄ, ռազմական ուժերը խաղաղ իրադրությունից պատերազմականի բերելը, պատերազմի համար զորահավաքի կատարումը:

ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ, մոտորացված հետևակի անվանումը:

ՄՈՒՇԿԵՏ, փողաբերանից լիցքավորվող մեծատրամաչափ ծանր պատրույգավոր հրացան: Ստեղծվել է 1521թ. Իսպանիայում: Առավել տարածված Մ. ունեին 25 մմ տրամաչափ, 7-10 կգ քաշ, կրակում էին մոտ 50 գ գնդակներով, հրաձգության հեռավորությունը` մինչև 250 մ: XVII դ. վերջերին փոխարինվեցին առավել թեթև կայծքարե կողպեքով հրացաններով:

ՄՈՒՇԿԵՏԱԿԻՐ, մուշկետով զինված մարտիկ, հրազենով զինված հետևազորի առաջին անվանումներից:

ՄՏԱՀՂԱՑՈՒՄ (ՄԱՐՏԻ), զորքերի (ուժերի) խմբավորման կողմից տրված մարտական առաջադրանքի կատարման գլխավոր մտահղացումը: Մարտի որոշման հիմքը: ՄՄ որոշվում են. հիմնական ջանքերի կենտրոնացման շրջանները (գլխավոր և այլ հարվածների ուղղությունները), հակառակորդին ջախջախելու ձևերը (որ խմբավորումները, որտեղ, ինչ հաջորդականությամբ և ինչպես ջախջախել, հակառակորդին խոցելու և խաբելու (մոլորեցնելու) կարգը), զորքերի (ուժերի) խմբավորումը և նրանց մարտակարգը:


Յ





ՅԱԹԱՂԱՆ, հատող-ծակող սառը զենք: Սայրը գտնվում է շեղբի ծռված մասում: Առանց խաչարդի բռնակը գլխի մասում ձեռքի դաստակի հենման համար լայնացված է: Ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 80 սմ, շեղբի երկարությունը՝ 60, քաշն առանց պատյանի՝ 0,8 կգ: Յ. թուրքական ենիչերիների զենքերից է, որը կիրառվել է նաև Մերձավոր Արևելքի, Բալկանների և Հարավային Կովկասի բանակներում:


Ն




ՆԱԽԱՄԱՐՏԱԿԱՆ ԿԱՐԳ, ստորաբաժանումների, զորամասերի, զորամիավորումների դասավորվածությունն է մարտակարգի ծավալվելու համար: Ն-ը պետք է ապահովի հարձակվող ստորաբաժանումների, զորամասերի, զորամիավորումների միաժամանակյա դուրս գալը գրոհի անցման բնագիծ և մարտակարգի ծավալումը հարձակման ողջ ճակատում:

ՆԱՀԱՆՋ, հակառակորդի գերակշռող ուժերի հարվածների տակից սեփական ստորաբաժանումները հետ քաշելու, ժամանակ շահելու և ավելի նպաստավոր դիրք (բնագիծ, շրջան) զբաղեցնելու նպատակով կատարվող զորաշարժ:

ՆԵՏ ՈՒ ԱՂԵՂ, հնագույն հեռահար զենք: Գործածվել է որսորդության և ռազմական նպատակներով: Օգտագործել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները (բացի Ավստրալիայի և Միկրոնեզիայի բնիկներից)՝ միջին քարի դարից մինչև XVII դ., որոշ ժողովուրդներ մինչ այժմ: Հասարակ աղեղը բաղկացած է փայտյա (երբեմն՝ մետաղյա) ճկված ձողից և ծայրերը պիրկ կապող լարից (բուսական թել, աղիք), նետը՝ եղեգնյա կամ բարակ փայտյա ձողից (մի ծայրին սլաք, մյուսին փետուր ագուցված): Կատարելագործված աղեղի փայտե հիմքը արտաքինից պատվել է ջլերով, ներսից՝ եղջյուրից պատրաստված թիթեղներով: Բռնակի միջին մասը և ծայրերը երբեմն ամրացվել են ոսկրե վրադիրներով:

Աղեղնափայտի և լարի միջև եղած տարածությունը կոչվում է լիճ: Որքան լայնալիճ է աղեղը, այնքան այն առաձգական է և հեռանետ: Նետերն ունեցել են ոսկրե, քարե հետագայում՝ մետաղյա սլաքներ: Պահվել են պատյանում, որը կոչվում է կապարճ, աղեղնարան, աղեղնաբուն: Միջին դարերում ՆՈՒԱ երկար ժամանակ գործածվել է հրազենին զուգահեռ: Հայկական լեռնաշխարհում ՆՈՒԱ-ի մեծ ու փոքր տեսակներ օգտագործվել են հնագույն ժամանակներից: ՆՈՒԱ է պատկերված Հայաստանի տարածքում գտնված մի շարք հնագույն առարկաների վրա (խեցեղեն, բրոնզե գոտիներ ևն): Հայաստանի տարբեր հնավայրերում հայտնաբերվել են մեծ քանակությամբ երկաթե նետասլաքներ, որոնք բաժանվում են վեց խմբի (ճանկավոր, եռանիստ ակոսավոր, տերևաձև տափակ, կոնաձև քառանիստ, սրածայր երկարավուն և անկանոն սրածայր): Դրանք ունեն տարբեր չափեր ու գործածվել են որոշակի նպատակներով (մարմնի վրա խոր վերք բացելու, զրահներ ծակելու ևն): Գործածվել են նաև թունավոր նետասլաքներ: Հին և միջնադարյան ժանակներում գործել են նետաձիգների զորամասեր: Ք.ա. V դ. հույն հեղինակ Քսենոփոնը գովեստով է խոսում Հայաստանում տարածված լայնալիճ (3 կանգուն) աղեղի և երկար (2 կանգուն) նետերի մասին, որոնց դեմ անզոր են եղել հույն զինվորների զրահները: Միջին դարերում նույնպես հայերը հռչակված են եղել որպես քաջ աղեղնավորներ և հմուտ նետաձիգներ:

ՆԵՏԱՁԻԳ, նետեր արձակող թեթևազեն զինվոր:

ՆԵՏՈՂ ԶԵՆՔԵՐ (ՄԵՔԵՆԱՆԵՐ), հին և միջին դարերում հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու և պաշտպանական կառույցներն ավերելու նպատակով կիրառվող ռազմական մեքենաներ: Նետող մեքենաների կառուցվածքը հիմնված է ոլորված և ձգված թելքերի (ջլեր, մազեր ևն) էներգիայի օգտագործման վրա: Նետող մեքենաները հայտնի էին դեռ Հին Արևելքում (Ասորեստանում, Հնդկաստանում ևն), Հին Հունաստանում և Հին Հռոմում: Այդ մեքենաները բաժանվում էին բալիստների և կատապուլտների: IV դարում սկսեցին կիրառել նետող մեքենաների նոր տեսակ` ֆրանդիբոլը:

ՆԵՐԽՈՒԺՈՒՄ, մեկ կամ մի քանի պետությունների զինված ուժերի մուտքը մի այլ պետության տարածք՝ առանց նրա կառավարության հետ համաձայնության: Ն. համարվում է ագրեսիայի ակտ և, որպես կանոն, իրականացվում է հանկարծակի:

ՆԻԶԱԿ, մոտիկից և հեռվից (նետմամբ) խոցող հնագույն զենք: Գործածվել է որսի ժամանակ և մարտերում: Սկզբում Ն. սրածայր փայտե ձող է եղել: Հետագայում 1,5 մ-ից մինչև 5 մ երկարությամբ ձողի ծայրին ամրացրել են սուր շեղբեր (քարե կամ ոսկրե, հետագայում՝ մետաղյա): Հայկական լեռնաշխարհում տերևաձև և դաշունաձև շեղբերով բազմաթիվ մեծ ու փոքր նիզակներ են գտնվել բրոնզի և երկաթի դարաշրջանների հնավայրերից: Հայաստանում եղել է ծանրազեն (զրահակիր) հեծելազորի գլխավոր զենքը: Հնում նիզակը իշխանության խորհրդանիշ է համարվել: Պատերազմում պարտված հակառակորդին ու գերիներին նիզակներից պատրաստված յուրահատուկ «լծի» տակով անցկացնելու հին սովորույթը համարվել է անարգանքի ու ստորացման նշան: Հայ պատմիչները վկայում են պարտված երկրում, որպես քաջության նշան, արքայի կամ զորավարի նիզակը կանգնեցնելու հին հայկական սովորույթի մասին:

ՆՇԱՆԱԿԵՏ, օբյեկտ, որն ընտրվել կամ պետք է ընտրվի խոցելու համար:

ՈՉՆՉԱՑՆԵԼ Ն., ամբողջությամբ զրկել մարտունակությունից:
ՃՆՇԵԼ Ն., այնպիսի կորուստներ հասցնել նրան, որոնց դեպքում այն ժամանակավորապես կորցնում է մարտունակությունը, սահմանափակվում է զորաշարժը կամ խախտվում է կառավարումը:

ԿՈՐԾԱՆԵԼ Ն., շարքից հանել Ն-ը:

ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐ (ՆՇԱՆՈՑՆԵՐ), հրազենը կամ հրթիռային զենքը նշանակետին ուղղելու համար նախատեսված սարքեր և մեխանիզմներ: ՆՀ օգնությամբ հրազենին տրվում է անհրաժեշտ դիրքը: ՆՀ լինում են մեխանիկական, օպտիկական, էլեկտրոնաօպտիկական, ռադիոլոկացիոն, ավտոմատ և ոչ ավտոմատ:

ՆՇԱՆԱՌՈՒՄ, տարածության մեջ զենքին ուղղություն հաղորդելը: Լինում է՝ ուղիղ Ն., ոչ ուղիղ Ն., կիսաուղիղ Ն.:

ՆՌՆԱԿ, նախատեսված են մերձամարտ վարելու համար: Մարտական Ն. լինում են բեկորային և հակատանկային: Հակատանկային Ն. ներկայումս կորցրել են իրենց նշանակությունը, քանի որ նրանք ի վիճակի չեն խոցելու ժամանակակից տանկերի զրահը և կարող են օգտագործվել միայն թեթև զրահավորված նշանակետերը խոցելու համար: Աջակցող Ն. լինում են ծխատու, հրկիզող և ուսումնական:

ՆՌՆԱԿԱՆԵՏ, մերձամարտում հակառակորդին նռնակով խոցելու համար նախատեսված զենք: Ն. դասակարգվում են ակտիվ, ակտիվ ռեակտիվ և ռեակտիվ, հակատանկային և հակահետևակային, միալիցք, ինքնալիցք և ավտոմատ, ձեռքի, հաստոցավոր և հրացանային:

ՀԱՍՏՈՑԱՎՈՐ Ն., ունեն հետևակային հաստոց, որոշ նռնականետներ կարող են տեղակայվել մարտական մեքենաների, ուղղաթիռների և նավերի վրա:


ՀՐԱՑԱՆԱՅԻՆ Ն., կարող են անմիջապես հագցվել հրացանի (ավտոմատի) փողի մեջ կամ ամրացվել փողի վրա (տակը): Հրաձգության համար օգտագործում են անգնդակ կամ մարտական փամփուշտներ:



Շ





ՇԱՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ, անձնակազմին շարային կեցվածքի, ձգվածության, ճարպկության և դիմացկունության, հրամանների և զենքով ու առանց զենքի շարային վարժաձևերի ճիշտ և հստակ կատարման, ինչպես նաև ստորաբաժանումների, զորամասերի ներդաշնակ գործողությունների ուսուցանում: ՇՊ զգալիորեն ներազդում է զորքերի առօրյա և ընդհանուր գործունեության բոլոր կողմերի վրա՝ կոփում է զինծառայողների կամքը, կատարելագործում մարմնին տիրապետելու ունակությունը, շարային կեցվածքը, զարգացնում ուշադրությունը, դիտողականությունը, կոլեկտիվիզմի զգացողությունը, համառությունը: Վարժաձևերի հստակ, համաձայնեցված և միաժամանակյա կատարումը ոգեշնչում է զինծառայողներին, վստահություն ներշնչում սեփական գործողությունների նկատմամբ, ամրապնդում կատարողական կարգապահությունը: Ստորաբաժանումների անձնակազմին համատեղ գործողությունների նախապատրաստելու հիմքը եղել և մնում է շարքը: Ուսուցման ոչ մի այլ ձև պետի կարգադրությունն ու հրամանն այնքան արագ, հստակ ու միասնաբար կատարելու հնարավորություն չի ընձեռում, որքան շարքը:

ՇԱՐԱՍՅՈՒՆ (ԶՈՐԱՍՅՈՒՆ), շարք, որտեղ զինծառայողները տեղավորված են մեկը մյուսի թիկունքում՝ ծոծրակի ուղղությամբ, իսկ ստորաբաժանումներն իրար հետև՝ կանոնադրությամբ կամ հրամանատարի կողմից սահմանված հեռավորության վրա: Շ. կարող են լինել միաշարասյուն, երկշարասյուն, եռաշարասյուն և ավելի: Շ. կիրառվում են ստորաբաժանումներն ու զորամասերը երթային կամ ծավալուն շարքով շարելու համար:

ՇԱՐՔ, զինծառայողների, ստորաբաժանումների ու զորամասերի՝ կանոնադրությամբ սահմանված դասավորությունը հետիոտն ու մեքենաներով՝ համատեղ գործողությունների համար:

ՇԵՂԲ, կտրող, հատող և ծակող շեղբավոր զենքի մարտական մասը: Շ. կարող է լինել ուղիղ և ծռված, մեկ և երկսայրանի, տափակ, օվալաձև, եռանիստ ևն:

ՇՏԱԲ, զորքերի կառավարման հիմնական օրգան` նրանց մարտական և ամենօրյա գործունեությունը ղեկավարելու համար:

ՇՐՋԱՆՑՈՒՄ, զորաշարժի տեսակ, որի ժամանակ ստորաբաժանումը դուրս է գալիս հակառակորդի թիկունք:

ՇՐՋԱՊԱՏՈՒՄ, հիմնական զորքերից (ուժերից) հակառակորդի խմբավորման մեկուսացումը` ոչնչացնելու կամ գերեվարելու նպատակով:

ՇՐՋԱՊԱՏՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ, շրջապատման ճակատը ճեղքելու և շրջապատված զորքերը դուրս բերելու նպատակով իրականացվող մարտական գործողություններ: Իրականացվում է ինքնուրույն կամ շրջապատումից դուրս գտնվող զորքերի աջակցմամբ:

ՇՐՋԱՓԱԿՈՒՄ, օբյեկտը` նրա արտաքին կապերը խզելու միջոցով, մեկուսացնելուն ուղղված մարտական գործողություններ: Շ. օբյեկտ կարող են հանդիսանալ առանձին պետություններ, քաղաքներ, զորքերի խոշոր խմբավորումներ, տնտեսական շրջաններ, կղզիներ ևն: Շ. նպատակ կարող են լինել. պետության ռազմատնտեսական հզորության քայքայումը, հակառակորդի զինված ուժերի շրջափակված խմբավորման ուժերի և միջոցների հյուծումը, նրա հետագա ջախջախման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, հակառակորդին կապիտուլացվելու (հանձնվելու) հարկադրումը, ինչպես նաև մի այլ ուղղությամբ զորքերի (ուժերի) տեղափոխում թույլ չտալը: Շ. կարող է լինել լրիվ կամ մասնակի: Ռազմավարական մասշտաբների շրջափակմանը սովորաբար նախորդում է (կամ իրականացվում է միաժամանակ) տնտեսական շրջափակումը:

ՇՔԵՐԹ, պաշտոնական տոնակատարությունների, պետական և ռազմական նշանակության կարևոր միջոցառումներին նվիրված տոնակատարությունների և այլ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև զորավարժությունների ավարտից հետո զորքերի հանդիսավոր ստուգատես:



Ո





ՈՐՈՆՈՒՄ, հետախուզության ձև: Կազմակերպվում է գերիներ վերցնելու նպատակով և անցկացվում է, որպես կանոն, հարձակումից առաջ, առավելապես գիշերն ու սահմանափակ տեսանելիության այլ պայմաններում: Խումբը (ստորաբաժանումը) գաղտնի մոտենում է օբյեկտին, հանկարծակի հարձակվում է դրա վրա՝ գերիներ, փաստաթղթեր, սպառազինության ու հանդերձանքի նմուշներ վերցնելու նպատակով և արագորեն նահանջում է դեպի յուրային զորքերի դիրքերը:

ՈՐՈՇՈՒՄ (ՄԱՐՏԻ), հրամանատարի կողմից որոշված մարտական առաջադրանքների կատարման կարգը և ձևերը: Ներառում է մարտի մտահղացումը, զորքերի (ուժերի) խնդիրները, փոխգործողության հիմնական հարցերը, ղեկավարման կազմակերպման հիմունքները և ապահովման հիմնական տեսակների խնդիրները: ՄՈ հանդիսանում է զորքերի (ուժերի) ղեկավարման հիմքը:



Պ





ՊԱՀԱԿԱԽՈՒՄԲ, պահակություն անող զինվորների խումբ:

ՊԱՀԱԿԱԿԵՏ, պահակային հսկողության տալ գտնվող կետ, օբյեկտ:

ՊԱՀԵՍՏԱԶՈՐ (ՌԵԶԵՐՎ), տարբեր զորատեսակների կազմավորումներ, մարդկային ռեսուրսներ, սպառազինություն և այլ նյութական միջոցներ, որոնք նախատեսված են նոր զորախմբեր ստեղծելու և գործող զորախմբերն ուժեղացնելու (համալրելու), պատերազմի (պատերազմաշրջանի), օպերացիայի և մարտի ժամանակ ծագող նոր խնդիրներ կատարելու, գործող բանակը համալրելու համար:

ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, նպատակն է թույլ չտալ հակառակորդի հետախուզության, նրա օդային դեսանտի (աերոմոբիլային խմբերի) թափանցումը սեփական ստորաբաժանումների գործողությունների (տեղաբաշխման) շրջան, պահպանվող ստորաբաժանումներին ապահովել ծավալման (մարտական պատրաստության բերելու) և մարտի մեջ մտնելու ժամանակով ու ձեռնտու պայմաններով: Կախված կատարելիք խնդիրների բնույթից՝ ստորաբաժանումները պահպանվում են. մարտում՝ մարտական, երթում՝ երթային, տեղում տեղաբաշխվելիս՝ պահակային պահպանությամբ: Բացի դրանից, բոլոր դեպքերում կազմակերպվում է անմիջական պահպանություն:

ԱՆՄԻՋԱԿԱՆ Պ., կազմակերպվում և իրականացվում է բոլոր պայմաններում, մշտապես՝ անկախ գործողությունների բնույթից, հակառակորդի հեռացումից, տարվա եղանակից և օրվա ժամանակից:

ԵՐԹԱՅԻՆ Պ., կազմակերպվում է ճակատից, թևերից և թիկունքից: Ճակատից ստորաբաժանումները պահպանվում են դետքային ջոկերի (տանկերի), գլխամասային դետքերի և գլխամասային երթային ուղեկալների կողմից: Գլխավոր ուժերը պահպանելու համար սպառնալից թևերից ուղարկվում են կողային երթային ուղեկալներ, ստորաբաժանումների պահպանությունը թիկունքից իրագործվում է թիկունքային երթային ուղեկալների կողմից:

ՄԱՐՏԱԿԱՆ Պ., որպես կանոն, ուղարկվում է հակառակորդի հետ շփման բացակայության պայմաններում, երբ պաշտպանվող զորքերի դիմաց չեն ստեղծվում ապահովման ու առաջավոր դիրքի գոտիներ:

ՊԱՀԱԿԱՅԻՆ Պ., նախատեսված է տեղում տեղաբաշխվելիս ստորաբաժանումները պահպանելու համար:

ՊԱՅԹՅՈՒՆ, 1. պայթուցիկ նյութի պինդ (հեղուկ) վիճակից արագ վերածումը գազային վիճակի, որն ուղեկցվում է պոտենցիալ էներգիան մեխանիկականի վերածմամբ: Որպես կանոն, պայթյունի ժամանակ տեղի է ունենում թթվածնի և պայթուցիկ նյութի այրվող տարրերի (ջրածին, ածխածին, ծծումբ և այլն) միացման ռեակցիա, 2. վայրկյանում մի քանի հարյուր (հազար) մետր արագությամբ ընթացող և գազերի ճնշման կտրուկ մեծացմամբ ուղեկցվող նյութի ձևափոխման պրոցես, որը շրջակա առարկաների վրա խիստ ավերիչ ազդեցություն է ունենում:

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ, քիմիական միացություններ ու խառնուրդներ, որոնց կիրառումն ուղեկցվում է ջերմության անջատումով և մեծ քանակությամբ խիստ տաքացած գազերի առաջացմամբ։ Ըստ կիրառման` ՊՆ բաժանվում են չորս խմբի՝ հրահրող, փշրող (բրեզենտային), նետող, պիրոտեխնիկական խառնուրդներ:

ՊԱՅԹՈՒՑԻՉ, հատուկ սարք, որը նախատեսված է որոշակի արտաքին ներգործություններով (սեղմում, էլեկտրամագնիսական դաշտ ևն) հրետանային արկը, ավիառումբը, ականը պայթեցնելու համար: Ըստ օգտագործվող մեխանիզմների լինում են հպումային (ժամացուցային, պնևմատիկ) և ոչ հպումային (էլեկտրամագնիսական):

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, տարվում են ինժեներական արգելափակոցների պատրաստման ժամանակ, օբյեկտների արագ փլուզման (պայթեցման), ինժեներական արգելափակոցներում, ինչպես նաև փլուզումներում անցումներ բացելու, չպայթած զինամթերքի պայթեցման համար, հանքարդյունաբերությունում, սառցաբացազատման համար` ձմեռային պայմաններում գետանցումներ պատրաստելիս, կամուրջները սառցահոսքից պաշտպանելու նպատակով և այլն:

ՊԱՇԱՐՈՒՄ, ամրոցը (ամրացված քաղաք) կամ ամրոցատիպ այլ կետ գրավելու համար վարվող մարտական գործողության ձև: Ամրոցը շրջապատվում էր զորքերով, նրա շուրջ պաշարողական ամրակառույցներ էին կառուցվում, պաշարող զորքերի համար պատրաստվում էր ամրացված ճամբար: Պ. սովորաբար ավարտվում էր ամրոցի գրոհով:

ՊԱՇԱՐՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ, գրոհողներին պատսպարելու, ինչպես նաև պարիսպը գրոհելու և կործանելու նպատակով ամրոցները պաշարելու ժամանակ օգտագործվող տեխնիկական միջոցներ: Պ.Տ-ի մեջ մտնում էին տեղափոխվող և տեղաշարժվող վահաններ, մի քանի հարկանի հետգցովի կամրջակներով պաշարողական աշտարակներ, գրոհային աստիճաններ, նետող զենքեր, բաբաններ, խոյեր ևն:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ, պաշտպանվող զորքերի անընդհատ ներազդեցությունը հարձակվող հակառակորդի վրա: Պաշտպանությունը կազմակերպելու և վարելու հիմնական պահանջներից է: ՊԱ-ն մարտի (ճակատամարտի) ընթացքում հակառակորդի հարձակմանը պատրաստվելու և գրոհի, ինչպես նաև առավել վտանգավոր տեղամասերում պահեստազորով զորաշարժի ժամանակ նրան հարվածներ հասցնելն է:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵԶՐ, հակառակորդին մոտիկ առաջին էշելոնի ուժերի դիրքերը միավորող պայմանական գիծը:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՂՔՈՒՄ, հարձակողական գործողություններ վարելու ձև: Իրականացվում է հակառակորդի կողմից զբաղեցված ամրացված բնագծերը (գոտիները, դիրքերը) երկփեղկելու համար, հետագայում պաշտպանության խորքում հարձակումը զարգացնելու և թևերի ուղղությամբ զորաշարժ կատարելու նպատակով:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ, պաշտպանությունում հրամանատարի որոշմանը համապատասխան որոշակի չափերով, ինժեներական տեսանկյունից նախապատրաստված, շրջանային պաշտպանությանը հարմարեցված ու գումարտակի զբաղեցրած տեղանքի շրջան: Գումարտակային ՊՇ լայնությունն ու խորությունը, խրամուղիների, ստորաբաժանումների և կրակամիջոցների միջև ընկած հեռավորությունները հաստատուն մեծություններ չեն:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽՈՑՄԱՆ ԶԵՆՔԻՑ, կազմակերպվում և իրականացվում է հակառակորդի միջուկային, քիմիական և կենսաբանական (մանրէաբանական) զենքի ազդեցությունը, ատոմային և քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների ավերումների արդյունքներն առավելագույնս նվազեցնելու, ինչպես նաև ստորաբաժանումների մարտունակությունը պահպանելու և դրանց մարտական խնդիրների հաջող կատարումն ապահովելու նպատակով:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ, զորքերը, մարտական տեխնիկան և նյութական միջոցները հակառակորդի խոցման միջոցներից պաշտպանելու համար նախատեսված ամրաշինական կառույցներ:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, մարտի հիմնական տեսակներից է: Նպատակ ունի կասեցնել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը, առավելագույն կորուստներ պատճառելով նրան` պահել տեղանքի կարևոր շրջաններն ու դրանով իսկ ստեղծել պայմաններ վճռական հարձակման անցնելու համար: Կարող է կազմակերպվել՝ կանխամտածված կամ ստիպողաբար, հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության կամ նրա հետ անմիջական շփման պայմաններում: Պ. կարող է լինել դիրքային և զորաշարժային:

ԱԿՏԻՎ Պ., պատերազմող կողմերից մեկի կողմից պաշտպանական գործողությունների վարում ոչ միայն տարածքը պահելու, այլև հիմնականում հակառակորդի խոշոր ուժերը հյուծելու և արյունաքամ անելու նպատակով:

ԴԻՐՔԱՅԻՆ Պ., հիմնական տեսակն է: Հիմնվում է զբաղեցրած շրջանների սահմաններում ստորաբաժանումների ստեղծած մի շարք պաշտպանական դիրքերը պահելու, ստորաբաժանումների խոցող հնարավորություններն առավելագույնս օգտագործելու և տեղանքի ավելի ամբողջական ինժեներական սարքավորման վրա:

ԶՈՐԱՇԱՐԺԱՅԻՆ Պ., վարվում է հակառակորդին կորուստներ հասցնելու, ժամանակ շահելու և սեփական ուժերը պահպանելու նպատակներով, նախօրոք նշված ու դեպի խորքը էշելոնացված բնագծերում հետևողական պաշտպանական մարտերի միջոցով՝ զուգակցված կարճատև հակահարձակումների հետ:

ՊԱՏԱՆԴ, հակառակորդի կողմից բռնությամբ կալանված և պահվող քաղաքացի, որի ազատագրումն ուղղակի կամ անուղղակի կերպով կախված է պատերազմող կողմին պարտադրվող պայմանների ընդունումից:

ՊԱՏԵՐԱԶՄ, զինված ընդհարում երկու կամ ավելի պետությունների միջև:

ԶՈՐԱՇԱՐԺԱՅԻՆ Պ., լայնամասշտաբ զորաշարժային գործողություններով առանց կայուն ռազմաճակատի և արագ փոփոխվող իրադրությամբբնութագրվող պատերազմ: Կարող է կիրառվել ամբողջ պատերազմի կամ էլ նրա որոշ էտապներում:

ՏԵՂԱՅՆԱԿԱՆ Պ., սահմանափակ քաղաքական նպատակներով, ռազմական գործողությունների ծավալման տարածքով, կիրառվող զինված ուժերի և միջոցների քանակով և որակով բնութագրվող պատերազմ:

ՊԱՏԵՐԱԶՄԱՇՐՋԱՆ, ընդհանուր մտահղացմամբ միավորված և պատերազմի կարևոր քաղաքական ու ռազմավարական նպատակներին նպատակաուղղված ռազմական գործողությունների թատերաբեմում տարակազմ զորախմբերի օպերացիաների, մարտերի, հարվածների և մարտական գործողությունների ամբողջություն: Որպես կանոն, ընդգրկում էր համեմատաբար ակտիվ մարտական գործողությունների (վաղ գարնանից մինչև ուշ աշուն) մեկ կամ մի քանի շրջափուլ:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ, որևէ կողմի հայտարարությունը պետության կամ պետությունների դաշինքի հետ խաղաղ հարաբերությունները դադարեցնելու և պատերազմական վիճակի անցնելու մասին:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՆՔՆԵՐ ԵՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, պատերազմող կողմերի և չեզոք պետությունների իրավունքները և պարտականությունները կանոնակարգող միջազգային իրավական նորմերի և բարոյական սկզբունքների ամբողջություն:

ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԿՈՂՄ, միջազգային իրավունքում՝ պատերազմի կամ զինված ընդհարման մասնակից, որը հետևում է պատերազմի սահմանված օրենքներին և ավանդույթներին:

ՊԱՏԻՎ, արտաքին մի նշան, իբրև մի հայտնի զարդարանք կամ զգեստի մասը և այլն, որը թագավորը պարգևում էր նախարարներին, գահի հետ միասին, և որ այդ նախարարի սերունդները ժառանգաբար կրում էին: Պ-ի և նրա տեսակների մասին մեզ հասած տեղեկությունները քիչ են, այնպես որ դժվար է որոշել Պ-ներ բաշխելու օրենքները և նրանց տեսակները: Խորենացին հիշում է Բագարատին շնորհված Պ-ը` երեք շարք մարգարիտներից վարսակալ` առանց ոսկու և արծաթի: Ուրիշ տեղ Խորենացին հիշում է Արտաշեսի շնորհած Պ-ը Մուրացան նախարարին` պսակ հակնթապատ, երկու ականջներին գինդեր, մի ոտքին կարմիր կոշիկ, ոսկեղեն գդալ, պատառաքաղ և ոսկեղեն բաժակ: Նույն Պ-ը Արտաշեսը շնորհում է Սմբատին` բացի գինդերից և կարմիր կոշիկներից: Եղիշեն ավելի մանրամասն նկարագրում է Վասակի ունեցած Պ-ները, որ նա հագավ թագավորի մոտ ընթրիքի գնալու համար:

ՊԱՏՄՈՒՃԱՆ , տղամարդու երկար ու լայն թիկնոցանման վերնազգեստ:

ՊԱՐԵԿ, զինծառայողների խումժ, նշանակված հակառակորդին հետևելու, որոշակի շրջան (գոտի, տեղամաս) պահպանելու և ծածկելու համար:

ՊԱՐՍԱՏԻԿ, հակառակորդի վրա քար նետելու ձեռքի զենք: Պատրաստվել է կաշվե փոկից (նաև բրդյա կամ բուսական թելերից), որի լայնացող միջնամասում դրել են քար կամ կապարագունդ: Պ. թափով պտտեցնելով գլխավերևում, ապա մի ծայրը բաց թողնելով, պարունակությունը նետել են դեպի նշանակետ: Պ. գործածել են որսորդության մեջ, ինչպես նաև մի շարք երկրների բանակներում: Պ-ով շուրջ 200 մ տարածությունից կարելի էր լրջորեն վնասել անգամ զրահավոր հակառակորդին:

ՊԱՐՍՊԱՄԱՐՏ, պարսպի համար մղվող մարտ, պարիսպներից ներս թափանցելու՝ պարիսպները գրավելու համար մղվող մարտ:



Ջ





ՋԱՆՔԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ, օպերացիայի (մարտի) ժամանակ զորքերի գլխավոր խմբավորման գործողությունների ուղղության զգալի փոփոխություն: Իրականացվում է, որպես կանոն, վերախմբավորում կամ զորաշարժ կատարելով:

ՋԱՐԴ, հակամարտող կողմերի մեծաքանակ զորքերի ճակատամարտ, որն աչքի է ընկնում զանգվածային կորուստներով և ավարտվում կողմերից մեկի լիակատար հաղթանակով:

ՋՈԿԱՏ, զորքերից առանձնացված հատուկ զինված խումբ, զորախումբ, ինքնուրույն զինված խումբ:

ԱՌԱՋԱՊԱՀ Ջ., մարտի ժամանակ ինքնուրույն առաջադրանքներ կատարող ուժեղացված ստորաբաժանում: Մարտակարգի տարր է: Հարձակման ժամանակ ապահովում է գլխավոր ուժերի կազմակերպված մարտի մեջ մտնելը (մարտակարգի ծավալվելը): Պաշտպանությունում գործում է ապահովման գոտում: Առաջապահ ջոկատ կարող է առանձնացվել նաև ռազմերթի ժամանակ՝ մարտի մեջ մտնելու մտադրության դեպքում:

ԳՐՈՀԱՅԻՆ Ջ., ամրացված շրջանների վրա հարձակվելիս, քաղաքում (բնակավայրում), լեռներում և այլ պայմաններում մարտ վարելիս լավ ամրացված առանձին հենակետերի և կարևոր օբյեկտների բռնագրավման և ոչնչացման համար կազմավորված ժամանակավոր խմբավորում:

ԹԵՎԱՆՑՈՂ (ՇՐՋԱՆՑՈՂ) Ջ., հակառակորդին թևից (թիկունքից) հարվածներ հասցնելու, նրա տեղաբաշխման խորքում կարևոր օբյեկտներ զավթելու և պահելու նպատակով ստեղծված հատուկ կազմավորում:



Ռ





ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, նպատակներով, խնդիրներով, տեղով ու ժամանակով փոխկապակցված միջոցառումների և հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների հայտնաբերմանը, ռադիոէլեկտրոնային ճնշմանն ու հետագա ոչնչացմանն ուղղված ստորաբաժանումների գործողությունների համալիր:

ՌԱԶՄԱԲԵՐԴ, ռազմական բերդ, պատերազմի համար ամրացված և զենքով ու զինամթերքով ապահովված բերդ:

ՌԱԶՄԱԳԵՐԻ (ԳԵՐԻ), պատերազմի ժամանակ թշնամու ձեռքն ընկած զինված ուժերի մեջ մտնող անձինք (այդ թվում` պարտիզաններ, Դիմադրության շարժման մասնակիցներ և այլ մարտիկներ): ՌԳ շարքին են դասվում նաև որոշ ոչ մարտիկներ՝ զինվորական թղթակիցներ, առևտրական նավատորմի և քաղաքացիական ավիացիայի անձնակազմի անդամներ ևն:

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, կյանքի ներքին և միջազգային պայմանների իրավիճակ, որոնք չեզոքացնում կամ բացառում են անհատին, հասարակությանը, պետությանը ռազմական բռնության միջոցներով վնասումը:

ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, ցամաքում, ծովում և օդում ռազմական գործողություններ նախապատրաստելու և իրականացնելու տեսություն և պրակտիկա: Ռ. տեսությունը ռազմագիտության կարևոր ճյուղն է: Ռ. բաղկացուցիչ մասերն են ռազմավարությունը, օպերատիվ արվեստը և մարտավարությունը:

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱ (ՀԵՆԱԿԵՏ), զինված ուժերի միավորումների և զորամասերի (ուժերի և միջոցների) տեղաբաշխումը, մարտական և ամենօրյա գործունեությունն ապահովող, ռազմական տեսանկյունից հարմար տեղավորված և հատուկ կահավորված շրջան (տեղանքի հատված):

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ, պետության ռազմական կազմակերպության նկատելի ձևափոխությունների ամբողջություն` ուղղված փոփոխված արտաքին պայմաններին նրա համապատասխանելիությանը: ՌԲ պայմանավորվում է օբյեկտիվ պայմաններով, որպես կանոն` պատերազմում կրած պարտությամբ կամ էլ հաղթանակով, պետության հասարակական-քաղաքական կառուցվածքի ձևափոխմամբ և միջազգային իրադրության փոփոխություններով, սպառազինության նոր տեսակների հայտնվելով, տնտեսական դրդապատճառներով, զինված պայքարի միջոցների և ձևերի, դրանց արտադրության մակարդակի փոփոխմամբ ևն:

ՌԱԶՄԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ, հրապարակման համար չնախատեսված ռազմական բնույթի տեղեկություն: ՌԳ բացահայտումը, ձեռքբերումը և տարածումը համարվում են պետական հանցագործություն և քրեորեն պատժելի են:

ՌԱԶՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտելիքների համակարգ պետությունների, պետությունների խմբավորումների պատերազմների բնույթի, օրենքների, վարման եղանակների մասին: ՌԳ տվյալներն օգտագործվում են ռազմական տեսություններ մշակելու ժամանակ: ՌԳ կառուցվածքն ու բովանդակությունը կապված են պետության ազգային գաղափարախոսության և ռազմական հայեցակարգի (դոկտրինի) հետ: Ռազմական պատմության և տեսության առաջին ուսումնասիրությունները երևան են եկել Ք.ա. V դ.: Ռազմական գիտելիքների զարգացման գործում կարևոր նշանակություն է ունեցել Հին Հռոմի մղած պատերազմների փորձի ընդհանրացումը: Միջին դարերում պատերազմներն իրենց նպատակներով և մասշտաբներով սահմանափակ էին, և ռազմատեսական միտքը մեծ զարգացում չի ստացել:

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 1. կողմերի հակամարտությունը պատերազմում, 2. քաղաքական և ռազմական նպատակներին հասնելու համար զինված ուժերի, ռազմավարական և օպերատիվ խմբավորումների կազմակերպված կիրառումը: ՌԳ վարվում են օպերացիաների, ճակատամարտերի, մարտական գործողությունների, այդ թվում` մարտերի և հարվածների ձևով, կարող են լինել պաշտպանողական և հարձակողական:

ՌԱԶՄԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ, պատերազմող կողմերի միջև ամբողջ ճակատով կամ նրա որևէ մասում ռազմական գործողությունների (օպերացիաների) դադարեցում: Դադարեցվում են մարտական գործողությունները, բայց կողմերը մնում են պատերազմական դրության մեջ: ՌԳԴ հիմնական ձևերն են համընդհանուր կամ տեղային մարտական գործողությունների դադարեցումը (հրադադարը) և հաշտության կամ խաղաղության կնքումը (կապիտուլացումը):

ՌԱԶՄԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ, գործոնների և պայմանների ամբողջություն, որոնցում իրականացվում են մարտի նախապատրաստումը և վարումը:

ՌԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, պետության իրավական համակարգի մի մասը, որը կարգավորում է ռազմական համակարգի և զինված ուժերի գործունեության հասարակական հարաբերությունները:

ՌԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ, օբյեկտը` նրա արտաքին կապերը խզելու միջոցով մեկուսացնելուն ուղղված մարտական գործողություններ: ՌՇ օբյեկտ կարող են հանդիսանալ առանձին պետություններ, քաղաքներ, զորքերի խոշոր խմբավորումներ, տնտեսական շրջաններ, կղզիներ ևն: ՌՇ նպատակ կարող են լինել. պետության ռազմատնտեսական հզորության քայքայումը, հակառակորդի զինված ուժերի շրջափակված խմբավորման ուժերի և միջոցների հյուծումը, նրա հետագա ջախջախման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, հակառակորդին կապիտուլացվելու (հանձնվելու) հարկադրումը, ինչպես նաև մի այլ ուղղությամբ զորքերի (ուժերի) տեղափոխում թույլ չտալը: ՌՇ կարող է լինել լրիվ կամ մասնակի: Ռազմավարական մասշտաբների շրջափակմանը սովորաբար նախորդում է (կամ իրականացվում է միաժամանակ) տնտեսական շրջափակումը:

ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 1. ռազմական գործի զարգացման ընթացքը հին ժամանակներից ցայսօր, 2. գիտություն, որն ուսումնասիրում է անցյալի պատերազմները և զինված ուժերը, ռազմարվեստի և ռազմական մտքի զարգացումը, ընդհանրացնում է անցած պատերազմների վարման և նախապատրաստման փորձը: Այս տեսակետից ՌՊ ռազմական գիտության, ինչպես նաև պատմական գիտության մի մասն է: ՌՊ կարևորագույն բնագավառներն են պատերազմների պատմությունը, զինված ուժերի շինարարության պատմությունը, ռազմարվեստի պատմությունը, ռազմական մտքի պատմությունը:

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, երկրի քաղաքացիների մեջ Հայրենիքի հանդեպ սիրո, նրա զինված պաշտպանության պատրաստականության նպատակաուղղված ձևավորում: Իրականացվում է պետության սահմանադրության, «Պաշտպանության մասին» օրենքի և երկրի պաշտպանության հարցերը կանոնակարգող այլ օրենսդրական ակտերի համաձայն: ՌԴ հիմնական խնդիրներն են քաղաքացիների հայրենասիրական ինքնագիտակցության ձևավորումը, բանակի մարտական և հերոսական ավանդույթների հանդեպ վստահության դաստիարակությունը: Այն իրականացվում է ընտանիքի, դպրոցի, աշխատանքային կոլեկտիվի, պետական իշխանության մարմինների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ստեղծագործական միությունների համատեղ ջանքերով: Երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության, նրանց առաջիկա զինվորական ծառայությանը նախապատրաստելու գործին զգալի աջակցություն են ցուցաբերում զորամասերի հրամանատարությունը և ամբողջ անձնակազմը:

ՌԱԶՄԱՎԱՐ (ԱՎԱՐ), հակառակորդից զավթած, նրա կողմից մարտադաշտում լքված կամ հանձնվելու (կապիտուլացման) դեպքում հանձնած, զենք, ռազմական հանդերձանք, տրանսպորտի միջոցներ (ձիեր, մեքենաներ ևն), ռազմական տեխնիկա և այլ նյութական արժեքներ: Ողջ Ռ-ը համարվում է հաղթող կողմի սեփականությունը և օգտագործվում է ինչպես ռազմական, այնպես էլ այլ նպատակներով (որպես պարգև նվիրել մարտում աչքի ընկած հրամանատարներին և մարտիկներին):

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ (ԱՌԱՋԱԴՐԱՆՔ), պատերազմի ժամանակ որոշվող խոշոր առաջադրանք, որի կատարումը կարող է վճռել պատերազմի ելքը կամ կտրուկ փոփոխություններ մտցնել ռազմական գործողությունների թատերաբեմում:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՇՏ, պաշտպանության գլխավոր շերտի (երկրի կենտրոնական կամ տնտեսական ու քաղաքական առումով առավել կարևոր նահանգների), ամրացված շրջանի և սահմանային ամրությունների առջևում հակառակորդին ընդհարման մեջ ներքաշելու համար նախապատրաստված տարածք՝ նրա առաջխաղացումը դանդաղեցնելու, ուժերը վաղօրոք հյուծելու և պաշտպանական գլխավոր շերտում (ռազմավարական առումով կարևոր շրջանում) վճռական ընդհարման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ռազմարվեստի բարձրագույն ոլորտն է, որն ընդգրկում է երկրի և նրա զինված ուժերի` պատերազմին նախապատրաստվելու տեսական և գործնական սկզբունքները, պատերազմի և ռազմավարական օպերացիաների կազմակերպումն ու վարումը:

ՌԱԶՄԵՐԹ, շարժունակ հեծյալ զորախմբերի թափանցումը հակառակորդի թիկունք նրա կարևոր օբյեկտները (կամուրջներ, անցումներ ևն) ոչնչացնելու, մատակարարումը խափանելու, հակառակորդի ուժերը շեղելու նպատակով: Տե՛ս նաև` ԵՐԹ:

ՌԵԱԿՏԻՎ ԱՐԿ, հրետանային ռազմամթերք, որի շարժումը հիմնված է նրա մեջ տեղավորված վառելիքի այրման գազերի ռեակտիվ գործողության վրա: Բաղկացած է գլխամասից և պոչամասից: Գլխամասը կարող է լինել բեկորաֆուգասային, կումուլյատիվ կամ այլ տիպի լիցքով: Պոչամասն ունի անծուխ վառոդով լցված խցիկ, փողրակ և կայունարար, որով ապահովվում է ռեակտիվ արկի ճշգրիտ թռիչքը:

ՌՄԲԱԿՈԾԵԼ, օդային հարձակման միջոցներով ռումբեր նետել, ռումբերով հարվածել:



Ս





ՍԱԴՐԱՆՔ (ՌԱԶՄԱԿԱՆ), պետության կամ քաղաքականության այլ սուբյեկտի կողմից սահմանափակ քանակությամբ զինված ուժերի կանխամտածված կիրառումը ռազմաքաղաքական իրադրությունը սրելու, հակառակորդի զինված ուժերի մարտունակությունը ստուգելու, այլ պետության ներքին գործերին իր միջամտությունն արդարացնելու, պատերազմ սկսելու համար ռազմական միջադեպ ստեղծելու և այլ նպատակների համար:

ՍԱԿՐ, կացնատիպ կտրող սառը զենք: Ունի փայտե կարճ կոթ և կիսալուսնի ձևի 0,2-0,3 մ երկարությամբ սայր:

ՍԱՂԱՎԱՐՏ, 1. մետաղյա գլխաման սառը զենքի հարվածներից պաշտպանվելու համար, 2. հատուկ ձևի մետաղյա գլխարկ, որը պատում է զինվորի գլուխն ու ծոծրակը:

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ, պատերազմ վարելու միջոցների կամ որոշակի նշանակության տարրերի (պաշտպանական Ս. ևն) ամբողջություն:

ՍԱՌԸ ԶԵՆՔ, ձեռնամարտի զենք: Պայմանականորեն դասակարգվում է. Ըստ կառուցվածքի՝ շեղբավոր (դաշույն, թուր, սուր, սուսեր, դանակ, սվին ևն), կոթավոր (ալեբարդ, սակր, գեղարդ, նիզակ, տեգ ևն) և հարվածային (գուրզ, մարտական կացին ևն): Ըստ խոցման՝ ծակող, հատող, ծակող-հատող, ծակող-կտրող, հարվածող-հատող և հարվածող-փշրող: ՍԶ հայտնի է հնուց, և մինչև այժմ էլ որոշ նմուշներ օգտագործվում են զորքերում (դաշույն, դանակ, սվին, սուսեր):

ՍՊԱՐԱՊԵՏ, սպահապետ, սպայապետ, ասպահապետ, ասպարապետ, սպարապետության գործակալի՝ զինված ուժերի գլխավոր հրամանատարի անվանումը հին և միջնադարյան Հայաստանում: Անմիջապես ենթարկվել է թագավորին և գործել է նրա հրամանով: Ղեկավարել է ինչպես արքունի զորաբանակը, այնպես էլ իշխանական (նախարարական) զորամասերը:

ՍՊԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, զինված ուժերը կառավարող արքունի գործակալություն հին և միջնադարյան Հայաստանում: Գործակալը՝ գլխավոր հրամանատարը, կոչվել է սպարապետ: IV-V դդ. Ս. ժառանգաբար վարել են Մամիկոնյանները: IX-XI դդ. Ս. վարել են Բագրատունիների, ապա Պահլավունիների ներկայացուցիչները: Կիլիկյան Հայաստանում Ս. հիմնականում վարել են Ռուբինյանների և Հեթումյանների ներկայացուցիչները, սակայն այն չի եղել այդ տների մենաշնորհը:


ՍՎԻՆ, (պատմ.) նիզակի ծայրին ագուցվող սլաքաձև խոցող ծայրակալ:

ՍՎԻՆԱՄԱՐՏ, հրացաններին ամրացված սվիններով միմյանց հարվածելով մարտ:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ, որպես կանոն, մշտական և միատարր կազմ ունեցող զինվորական կազմավորում: Մտնում է ավելի խոշոր Ս. կամ զորամասի կազմի մեջ:

ՍՈՒԼԹԱՆ, գերագույն կառավարչի տիտղոս մահմեդական երկրներում: X-XIIIդդ. Ս. տիտղոսը սովորաբար կրում էին կայսերական իշխանություն ունեցող կամ տրոհված սուլթանության տիտղոսակիր տոհմի կրտսեր ներկայացուցիչների կողմից ստեղծված պետությունների տիրակալները:

ՍՈՒՐ, երկար, դանակի նման երկսայր սառը հատող և խոցող զենք: Ձեռնամարտում գործադրվող հատող և ծակող սառը զենք: Բաղկացած է միսայրի կամ երկսայրի, սուր կամ բութ ծայրով պողպատյա շեղբից և երախակալից (դաստապան): Երբեմն շեղբը երախակալից բաժանվում է խաչաձև կռվանով: Սուրը կրել են կողքից կախվող պատյանի մեջ: Սրի նորքարեդարյան նախատիպերը եղել են ոսկրե կոթերին ամրացված վանակատե շեղբերը: Ք.ա. II հազարամյակում տարածված են եղել բրոնզե սրերը: Մետաղյա հնագույն սրերը բաժանվում են հատողների և ծակողների, ավելի ուշ՝ ծակող-հատողների: Ք.ա. I հազարամյակում երևան են եկել երկաթյա (հաճախ բրոնզե երախակալով) երկար սրերը: Սկյութները գործածել են կարճ սրեր: Ք.ա. I հազարամյակի 2-րդ կեսից հետևակը և ծանրազեն հեծելազորը գործածել են երկար (հռոմեական հետևակը գործածել է կարճ և լայն) հատող սրեր: Հայկական լեռնաշխարհում բրոնզե տարատեսակ սրեր հայտնաբերվել են մ.թ.ա. II հազարամյակի հնավայրերից: Միջին դարերում պողպատյա սուրը եղել է Հայոց զորքերի հիմնական զինատեսակներից: Հայ պատմիչները սուրը հաճախ անվանել են «երկսայրանի», «պողովատ», «պողովատիկ»:


Վ




ՎԱՀԱՆ, հատող, հարվածող կամ խոցող սառը զենքերից պաշտպանվելու հնագույն զինատեսակ: Մարտիկը կրել է սովորաբար ձախ ձեռքին (ներսի կողմից հարմարեցված կաշվե, փայտե կամ մետաղե հատուկ բռնակի միջոցով), իսկ աջ ձեռքով գործադրել է հարձակողական զենքը: Տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում են տարբեր ձևերի (կլոր, ձվադիր, եռանկյուն, ուղղանկյուն, բազմանկյուն ևն) ու չափերի Վ-ներ: Հնագույն Վ-ները պատրաստվել են փայտից կամ հյուսվել ծառի դալար ճյուղերից, դիմացկուն դարձնելու համար դրանք պատել կաշվով, ավելի ուշ՝ նաև մետաղյա թիթեղներով: Ք.ա. II հազարամյակում տարածում են գտել նաև բրոնզե Վ-ները: Վանի թագավորության զորաբանակում կաշեպատ ու թիթեղապատ փայտե Վ-ներից բացի, օգտագործվել են նաև բրոնզե շրջանաձև Վ-ներ: Վանի արքաների բրոնզե Վ-ները, որոնք ունեն 0,7-1 մ տրամագիծ, արտաքին կողմից դրվագված են կենդանիների (առյուծ, ցուլ) բարձրաքանդակ պատկերներով, սեպաձև արձանագրությամբ (արտահայտում են կրողի անունը): Դրանք ներսի կողմից ունեն մեկ մեծ և երկու փոքր բռնակներ (մեծը՝ բռնելու, փոքրերը կաշեփոկերով բազկին ամրացնելու համար): Ծանրազեն հետևակայինները կրել են երկար (մարդահասակ) Վ-ներ, որոնք (վահանափակ շղթաներ ստեղծելու եղանակով) հակառակորդից պատնեշել են զորաճակատը և յուրայինների համար հարձակվելու կամ պաշտպանվելու հնարավորություն ստեղծել: Միջնադարյան զորաբանակներում տարբեր չափերի ու ձևերի Վ-ներ կրել են թե՛ հետևակային, թե՛ հեծելակ մարտիկները: Զենք ու զրահի կատարելագործման հետ Վ-ներն աստիճանաբար փոքրացվել են: Գործածությունից աստիճանաբար դուրս են մղվել հրազենի զարգացման ընթացքում: Այժմ Վ. գործադրվում է ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանումներում: Վ. համարվել է զինվորական պատվի ու հաղթանակի խորհրդանիշ: Հնում Վ-ի վրա երդվել են ռազմիկները: Վիրավոր կամ զոհված մարտիկներին մարտադաշտից տարել են Վ-ի վրա: Մարտի ժամանակ Վ-ի կորուստը դիտվել է մեծագույն անպատվություն: Մարտիկի Վ-ին դիպչելը նշանակել է մենամարտի հրավեր: Մարտում զոհվածի դին ծածկել են Վ-ով:

ՎԱՂՐ (ՃԿԻՌ), երկար շեղբով կացնաձև զենքի տեսակ: Կրել են ազդրի վրա: Միջնադարյան Հայաստանում եղել են վաղրավորների զորամասեր: Մովսես Խորենացու վկայությամբ՝ Վ-ով է սպանվել Հայոց Երվանդ վերջին թագավորը:

ՎԱՌ, ծագում է պահլավերեն գրեթե նույն ձևով արտասանվող բառից և նշանակում է ասեղնագործած զարդարուն արքայական դրոշակ կամ նրբաթել քող: Միջնադարյան հայ պատմիչների կողմից բազմիցս կիրառված «խաչվառ» ձևը, որը նշանակում էր խաչակիր կամ խաչի դրոշակ, ևս Վ. բառի կիրառության օրինակ է:


ՎԱՌՈԴ, պինդ վիճակում գտնվող պայթուցիկ միացությունների կամ խառնուրդների հավաքական անվանում: Վ. պայթյունային քայքայումն ընթանում է հիմնականում շերտավոր այրման միջոցով և ջերմությունից բացի անջատում են մեծ քանակությամբ գազային նյութեր: Ի տարբերություն այլ պայթուցիկ նյութերի, Վ. այրումը ճնշումների մեծ միջակայքում (0,1-1000 մպա) կայուն ընթացող պրոցես է: Վ. այրման արագությունը կախված է նրա բաղադրությունից, սկզբնական ջերմաստիճանից և ճնշումից: Տարբերում են պլաստիֆիկացված, անծուխ և տարասեռ կամ խառնուրդային Վ.:

ՍԵՎ Վ., ներկայացնում էր սելիտրայի, ծծումբի և փայտածուխի մեխանիկական խառնուրդ: Եվրոպայում սկսել են օգտագործել XIII դարից (Ռ. Բեկոնը 1442թ. գտավ ՍՎ պատրաստելու եղանակը): Մինչև անծուխ վառոդի հայտնաբերումը ՍՎ հրազեններում և լեռնային գործում օգտագործվող միակ պայթուցիկ նյութն էր: ՍՎ ներկայումս օգտագործվում է նռնակների պայթուցիչների, հեռապայթող խողովակների, պայթուցիչների լցավորման և բիքֆորդյան լարերի պատրաստման համար:

ԱՆԾՈՒԽ Վ., պիրոքսիլինի և նիտրոգլիցերինի հիմքի վրա սինթեզված վառոդ: Պիրոքսիլինային ԱՎ ստացել է Պ.Վյելը 1884թ. Ֆրանսիայում, իսկ նիտրոգլիցերինայինը` Ա.Նոբելը 1888թ. Նորվեգիայում: Մեր օրերում ԱՎ օգտագործվում են հրաձգային զենքերի, նռնակների, արկերի, ականների լիցքերը պատրաստելու համար:

ՎԱՐՁԿԱՆ ԲԱՆԱԿ, զինվորական ծառայություն կատարելու համար արհեստավարժ զինվորներից հավաքագրվող բանակ: Ծագել է Ք.ա. III հազարամյակում Եգիպտոսում: Հիմնականում համալրվում էր օտարերկրացի վարձկաններով:

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄ, զորաշարժի տեսակ, զորքերի կողմից իրականացվում է կարգը (երթային և մարտական), որում նրանք մինչ այդ գտնվում էին, փոխելու նպատակով:

ՎԵՐՋԱՊԱՀ, երթային պահպանության օրգան: Գլխավոր ուժերի հետքաշումն ապահովելու նպատակով հիմնական ուժերից առանձնացվող ստորաբաժանում: Վ. կազմը և գլխավոր ուժերից նրա հեռավորությունը որոշում է գլխավոր հրամանատարը` ելնելով պահպանվող զորքերի կազմից, տեղանքի պայմաններից, հակառակորդի դիրքից և գործողությունների բնույթից: Վ. խնդիրն է՝ դիմակայել հարձակվող հակառակորդին` ապահովելով նրանից գլխավոր ուժերի պոկվելը և նրանց կազմակերպված հետքաշումը:

ՎԻՐԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, մարդու մկանային համակարգի, կմախքի և ներքին օրգանների վնասվածություն (ամբողջության խախտում), որը կարող է խախտել դրանց ձևն ու գործունեությունը:

ՎՐԱՆ, դաշտային պայմաններում արագ հավաքվող կտորե շինություն, անձնակազմը, պահեստները, մարտական տեխնիկան, բուժհաստատությունները, արհեստանոցները ևն տեղավորելու համար:



Տ





ՏԱՆԿ, հզոր զենքով, ամբողջովին զրահապատ, բարձր անցունակության մարտական թրթուրավոր մեքենա, որը կարող է հաղթահարել արգելքներ և արգելափակոցներ: Հիմնական մասերն են. պտտվող աշտարակով զրահավորված իրանը, զենքի համալիրը, դիտման, նշանառման և այլ հարմարանքներ, ուժային տեղակայանքը, ուժային փոխանցումը՝ կառավարման հաղորդակներով, ընթացքային մասը, էլեկտրասարքավորումը, կապի միջոցները, հակահրդեհային և հակաատոմային պաշտպանության համակարգերը ևն: Ժամանակակից Տ. սարքավորված է ստորջրյա վարման համար նախատեսված հարմարանքով: Տ. իրանը և աշտարակը պատրաստվում են լեգիրված զրահային պողպատից: Հիմնական զենքը թնդանոթն է, օժանդակը՝ գնդացիրները: Տարբերվում են թեթև, միջին, ծանր և լողացող Տ.: Առաջին անգամ Տ. կիրառվել է անգլիական բանակում, 1916թ. սեպտեմբերի 15-ին Սոմա գետի մոտ հարձակման ժամանակ: 1960-ական թթ. տարբեր երկրներում սկսել են թողարկել մեկ հիմնական տիպի Տ., որը նախատեսված է զանազան մարտական խնդիրների լուծման համար: Նոր մշակումների շնորհիվ, ժամանակակից բազմաշերտ զրահով կառուցված տանկերը, պահպանելով միջին տանկերի քաշը, ձեռք են բերել ծանր տանկերի պաշտպանվածություն և սպառազինություն (մարտական քաշը` 40-50 տ, անձնակազմը` 3-4 մարդ, թնդանոթի տրամաչափը` 105-152 մմ, արագությունը՝ 50-70 կմ/ժ):

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ, ռազմավարական շրջանի մաս, որի սահմաններում տեղավորված է պետության (պետությունների) ռազմատնտեսական ներուժը և ռազմական գործողությունները (ագրեսիայի) սկսելու դեպքում կարող են մեծամասշտաբ մարտական օպերացիաներ վարվել և ստացվել պատերազմի որոշ կամ բոլոր ռազմավարական նպատակները:


ՏԵԳ (ՆԵՏԱՆԻԶԱԿ), նետելու նիզակ, նիզակի նման նետողական զենք:

ՏԵՂԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ, հրամանատարի կողմից հակառակորդի և տեղանքի տեսողական ուսումնասիրումը որոշում կայացնելու կամ այն ճշտելու համար անհրաժեշտ տվյալներ ստանալու նպատակով: Մարտը կազմակերպելու հրամանատարի աշխատանքի բաղկացուցիչ մասերից է:

ՏԵՂԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ռելիեֆի, բուսականության և տեղի առարկաների առանձնահատկությունները, որոնք թույլ են տալիս նվազեցնել խոցման միջոցների ազդեցությունը: Առավել լավ պաշտպանական հատկություններով օժտված է ձորակներով ու իջվածքներով կտրտված լեռնային տեղանքը:

ՏՈՂԱՆ, շարք, որում զինծառայողները տեղավորված են կողք կողքի մեկ գծի վրա, միմյանցից կանոնադրությամբ որոշված կամ հրամանատարի կողմից նշված հեռավորության վրա:

ՏՐԱՄԱՉԱՓ, 1. հրաձգային զենքերի փողանցքի ուղղորդող մասի տրամագիծը: Ակոսավոր Զ-ի մոտ այն չափվում է ակոսների դաշտերով (օրինակ` ՌԴ) կամ դրանց առվակներով (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա ևն): Տ. հիմնականում արտահայտվում է միլիմետրերով: Բացառություն է ԱՄՆ-ը, որտեղ Տ. ավանդաբար ընդունված է արտահայտել դյույմի հարյուրերորդական մասերով, իսկ Մեծ Բրիտանիայում այն արտահայտվում է դյույմի հազարերորդական մասերով: Որսորդական Տ. արտահայտվում է 1 անգլիական ֆունտ (453.6 գ) կապարից ձուլված գնդակների քանակով: 2. Ավիացիոն ռումբերի Տ. որոշվում է նրանց կշռով (կիլոգրամներով կամ ֆունտերով):



Ց





ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ, զինված ուժերի տեսակ, որոնք կոչված են լուծելու ռազմավարական և օպերատիվ մարտավարական խնդիրներ գործողությունների ցամաքային թատերաբեմում: Իրենց մարտական հնարավորություններով ՑԶ կարող են ինքնուրույն կամ զինված ուժերի այլ տեսակների հետ համագործակցելով հետ մղել հակառակորդի ներխուժումը, ճեղքել հակառակորդի պաշտպանությունը և իրականացնել ռազմավարական հարձակում: Հին աշխարհում ՑԶ կազմված էին հետևակից և հեծելազորից կամ մեկ զորատեսակից, առավել զարգացած երկրների ՑԶ ունեին նաև պաշարողական և նետող տեխնիկա: Միջնադարյան Եվրոպայում (IX-XIV դդ.), ՑԶ գլխավոր զորատեսակը ասպետական ծանր հեծելազորն էր, հետևակը կատարում էր օժանդակ դեր:

ՑՐՎԱԾ ՇԱՐՔ (ՆՈՍՐ ՄԱՐՏԱԿԱՐԳ), ճակատով կտրտված (տարաբաժանված) մարտակարգ: Սովորաբար այն կիրառել են գլխավոր ուժերի առջևում գործող հետևակի ջոկատները (ստորաբաժանումները, զորամասերը): Նրանց մարտական նշանակությունը սահմանափակվում էր հակառակորդի հետ մարտի (ճակատամարտի) մեջ մտնելը և գլխավոր ուժերի գրոհի նախապատրաստումը: ՑՇ հայտնի է հին ժամանակներից (նետաձիգները, պարսատիկավորները, նիզակներ նետողները գործել են ՑՇ կազմում):

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մարտական և այլ գործողություններ, հակառակորդին մոլորեցնելու, սպասվող մարտական գործողությունների բնույթի, գլխավոր հարվածի ուղղության (հիմնական ջանքերի կենտրոնացման շրջանի) մասին նրան ապատեղեկացնելու և նրա ուժերը կեղծ ուղղությամբ շեղելու նպատակով:

ՑՌՈՒԿ, նավի առջևի մասում սարքված հարմարանք էր, որի սայրը նախատեսված էր խոյահարում իրականացնելու համար։ Խոյահարման նպատակն էր հակառակորդի նավը ջրի մակերեսից ցածր վնասելով ջրասույզ անել։



ՈՒ





ՈՒԺԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ, նշված շրջաններում ուժերի (զորամասերի, զորամիավորումների և միավորումների) հավաքը և տեղաբաշխումը:

ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ, իրականացվում է հրամանատարի կողմից մարտի որոշման ժամանակ: Ընդ որում, որոշվում են գլխավոր և այլ ուղղություններում գործող զորախմբերը (ուժերի խմբավորումները), առաջին և երկրորդ էշելոնների, ռեզերվի կազմը և մարտակարգի այլ տարրեր:

ՈՒԺԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՏՈՒԹՅՈՒՆ, մարտական գործողությունների շրջանի (ուղղության, տեղամասի) զորքերով (մարտական տեխնիկայով) հագեցվածության աստիճանը, գնահատվում է ճակատի մեկ կիլոմետրին ընկնող ուժերի և միջոցների միջին քանակով:

ՈՒՂԻՂ ԿՐԱԿՈՑ, կրակոց, որի դեպքում հետագծի բարձրությունը չի գերազանցում նպատակի բարձրությունը: ՈՒԿ հեռավորությունը կախված է նպատակի բարձրությունից և հետագծի գետնամերձությունից:

Փ





ՓԱԿԱՂԱԿ, զենքի հիմնական մասը հանդիսացող դետալներից է: Փ. նախատեսված է փամփուշտը փամփշտանոց մղելու, փողանցքը փակելու, կրակոցի իրագործման և պարկուճն արտանետելու համար: Այդ պատճառով Փ. ունի համապատասխան տարրեր՝ մղիչ, մարտական ելուստներ, նետիչ: Փ. երկայնական առանցքի անցքում տեղադրված է հարվածիչը, որի զարկանը ջարդում է հրապատիճը:

ՓԱՂԱՆԳ, Հին Հունաստանի, Հին Մակեդոնիայի, ինչպես նաև Հին Հռոմի բանակների մարտակարգ (Ք.ա. VI - Ք.հ. IV դդ.): Ծանր սպառազինված հետևակի խիտ դասավորված տողան էր, ուներ 8-16 տողան (որոշ դեպքերում մինչև 25), յուրաքանչյուրում` 800-1000 ծանրազեն զինվոր: Օժտված էր մեծ հարվածային ուժով, բայց դանդաղաշարժ էր և կարող էր գործել միայն հարթ տեղանքում: Փ-ի խոցելի տեղերը եղել են թևերը և թիկունքը: Դրանց ապահովումը դրվում էր հեծելազորի և թեթևազեն հետևակի վրա:

ՓԱՄՓՈՒՇՏ, հրաձգային զենքի և որոշ թնդանոթների ռազմամթերք, որի պարկուճի մեջ զետեղված են գնդակը (արկը), վառոդալիցքը և բոցավառիչը: XVII դ. ի հայտ եկած առաջին Փ. ունեին թղթե պարկուճ, որի մեջ տեղադրում էին վառոդալիցքը և գնդակը: 1960-ական թթ. երևան եկան թղթե Փ., որոնց պարկուճում զետեղված էին վառոդալիցքը, գնդակը և պատիճը: Շուտով դրանք փոխարինվեցին մետաղական Փ.: Կախված զենքի տեսակից՝ տարբերում են ատրճանակի, հրացանի, հրանոթի և որսորդական հրացանի Փ.: Լինում են մարտական, օժանդակ և ուսումնական Փ.:

ՓԱՅՏԱՀՈՂԱՅԻՆ ԿՐԱԿԱԿԵՏ (ԴԶՈՏ), հրետանա-գնդացրային կրակ վարելու համար նախատեսված փայտից, հողից, քարից և այլ նյութերից պատրաստված դաշտային ամրաշինական կառույց:

ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ (ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ), մարտի նպատակներին հասնելու համար ստորաբաժանումների, զորամասերի, միավորումների և զորատեսակների, մարտակարգի տարրերի և տարբեր զինատեսակների համաձայնեցված համատեղ գործողություններն են ըստ խնդիրների (օբյեկտների), ուղղությունների, բնագծերի (շրջանների), տեղի և տրված առաջադրանքները կատարելու ձևերի: Կախված մարտական գործողությունների մասշտաբից` տարբերում են ռազմավարական Փ., օպերատիվ Փ. և մարտավարական Փ.:


Ք





ՔԻՄԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, կազմակերպում և իրականացնում են ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական (մանրէաբանական) վարակումից կորուստներն առավելապես նվազեցնելու կամ բացառելու, օդակախույթներով (ծխերով) քողարկման և հակառակորդին հրկիզիչ զենքով կորուստներ պատճառելու նպատակով:

ՔՈՂԱՐԿՈՒՄ, մարտական ապահովման տեսակ: Միջոցառումների համալիր` ուղղված զորքերը և օբյեկտները հակառակորդից թաքցնելու և նրան զորքերի (ուժերի) առկայության, տեղաբաշխման, կազմի, վիճակի, գործողությունների և մտադրությունների, ինչպես նաև հրամանատարության պլանների մեջ մոլորեցնելու համար:



Օ





ՕՂԱԶՐԱՀ, տարբեր երկարությամբ թևերով կամ էլ առանց թևերի շապիկի տեսքով օղակներից հյուսված պաշտպանական սպառազինություն: Հայտնվել է Հին Արևելքի երկրներում Ք.ա. I հազարամյակում:

ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՎԵՍՏ, ընդգրկում է զինված ուժերի միավորումներով համատեղ և առանձին օպերացիաների (առանձին ուղղություններում խոշոր մարտական գործողությունների) մշակելու և վարելու տեսական ու գործնական հարցերը: ՕԱ սահմանում է մարտավարության խնդիրներն ու զարգացման ուղիները:


No comments:

Post a Comment

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։