29/07/2016

Ժողովուրդն իսկապե՞ս արժանի է իր ղեկավարությանը

Հաճախ կարելի է լսել, թե ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը և որ, ուրեմն, քանի դեռ ժողովուրդն ինքը չի փոխվել, ոչինչ չի փոխվի նրա կյանքում ու երկրում, եթե փոխվեն ղեկավարները։ Ես կտրականապես մերժում եմ այս մտայնությունը. ավելին՝ ես այն շատ վտանգավոր ու վնասակար եմ համարում։ Այսպես մտածելը մարդուն կարող է գցել հուսահատության գիրկը։ Որովհետև ո՞ր մի մարդն է իսկապես կարծում, թե կարելի է մի կարճ ժամանակում «փոխել» մի ամբողջ ժողովուրդ։ Կամ ո՞վ ու ո՞ր տեսությունն է ապացուցել, թե կան ավելի լավ և ավելի վատ ժողովուրդներ, և որ մենք այդ ավելի վատ կամ անկիրթ ժողովուրդներից մեկն ենք։

Գերմանացի ժողովուրդը, ինչպես գիտենք, տվել է մարդկությանը շատ մեծ գիտնականներ, մտածողներ ու մշակույթի անգերազանցելի գործիչներ։ Այս լուսավոր ազգը հանկարծ վարակվեց ֆաշիզմով, և բազմահազար ծառա ֆաշիստները խոշտանգեցին ու սպանեցին բազմամիլիոն մարդկանց։ Ֆաշիստ ծառաները կատարում էին հրամաններ, և նրանց մեջ կային և՛ ի բնե սադիստներ, և՛ մարդատյացներ, և՛ զանազան հոգեկան խանգարումներ ունեցող անհատներ, որոնք լավ պայմաններ էին գտել իրենց էությունը լիովին ու անարգել դրսևորելու համար։ Բայց ահա՛ Հիտլերը պարտվեց, ֆաշիստ պարագլուխներն ու ղեկավարները պատժվեցին։ Ի՞նչ եղավ այն բյուրավոր ծառա ֆաշիստներին, որ սիրով մարդ էին խոշտանգում ու սպանում։ Բոլորին լցրին բանտե՞րը, մեկուսացրի՞ն հասարակությունից, սպանեցի՞ն, ոչնչացրի՞ն։ Ո՛չ։ Նրանք շարունակեցին ապրել ու ծառայել իրենց երկրին ու ժողովրդին, բայց արդեն չունենալով այնպիսի պայմաններ, ուր կարող էին դրսևորել իրենց ցածր կրքերն ու ստոր ցանկությունները։

20/07/2016

Քաղաքացիական անհնազանդության մասին

Շատ եմ հավանում այս հեղինակի գաղափարները...


Հովարդ Զին (Howard Zinn - 1922-2010)

Արդյո՞ք քաղաքացիական անհնազանդությունը միշտ ճիշտ է



Կա մի տարածված փաստարկ ընդդեմ քաղաքացիական անհնազանդության։ Այն հետևյալն է. եթե ես արդարացնեմ քաղաքացիական անհնազանդության քո՛ գործողությունը, արդյո՞ք ստիպված չեմ լինի արդարացնելու ՑԱՆԿԱՑԱԾ մեկի քաղաքացիական անհնազանդությունը։ Եթե ես արդարացնեմ Մարտին Լութեր Քինգի օրինախախտումները, չպիտի՞ արդյոք արդարացնեմ նաև Կու Կլուքս Կլանի անօրինությունները։

Այս փաստարկը ծնունդ է քաղաքացիական անհնազանդության մասին սխալ պատկերացման։ Օրենքի խախտումն անիրավություն գործելու նպատակով (օրինակ՝ երբ Ալաբամայի կառավարիչն արգելում է սևամորթ աշակերտին հանրակրթական դպրոց ընդունվել, կամ գնդապետ Օլիվեր Նորթը զենք է գնում Կենտրոնական Ամերիկայի ահաբեկիչների համար) պաշտպանել չի կարելի։ Անկախ նրանից՝ սևամորթ երեխաներին դպրոցից զրկելն օրինական է (ինչպես էր նախքան 1954-ը), թե անօրինական (ինչպես է 1954-ից հետո), միևնույն է, դա սխալ է։ Գործողության արդարացման փորձաքարը ոչ թե դրա օրինականությունն է, այլ բարոյականությունը։