5/20/16

Հնչյունատարբերիչ նշաններն ու հայերեն տառերը


Մի անգամ մեր ընթերցողներից մեկը հարցրեց, թե ինչպես կարելի է բարբառագիտական գրականության մեջ գործածվող հատուկ տարբերիչ (հնչյունատարբերիչ, դիակրիտիկ) նշանները մուտքագրել հայերեն տառերի հետ, և ես պատասխանեցի, որ, ցավոք, չգիտեմ։ Բայց այսօր գիտեմ։ Խոսքն անշուշտ յունիկոդային հայերեն տառերի հետ այդ նշանների գործածության մասին է։ Վերջին շրջանում տպագրված լեզվաբանական այն աշխատությունները կամ բարբառագիտական ժողովածուները, որ ձեռքս ընկել են, գործածում են արդեն դարն անցած և անհանձնարարելի ոչ յունիկոդային տառատեսակներ և հիմնականում միայն երկկետ տարբերիչ նշանը։ Իսկ մենք հիմա ձեզ կբացատրենք, թե ինչպես կարելի է երկկետ, սուղ և որոշ այլ նշաններ դնել անմիջապես հայերեն տառերի վրա (և ոչ թե կողքին)՝ գործածելով յունիկոդային տառատեսակներ։ Թեև յունիկոդային տառատեսակների մեծ մասն էլ կարելի է գործածել սրա համար (ծայրահեղ դեպքում), սակայն լավ արդյունք տալիս են Titus Cyberbit Basic և FMBF Tahoma  տառատեսակները, ինչպես կարող եք տեսնել ներքևում բերված նկարում։ Եթե չունեք այս տառատեսակները, ներբեռնեք յունիկոդային տառատեսակների մեր պատրաստած հավաքածուն այստեղից։

Նշանները գրելու համար պետք է օգտվել բազմաթիվ ծրագրերում գտնվող կամ առանձին ծրագրի տեսքով ներկայացվող գրանշանային աղյուսակներից (Character map) կամ իմանալ տվյալ նշանի յունիկոդային այլագիրը։ Այդ այլագիրը մուտքագրելու համար պետք է հիշել հետևյալ ստեղնային համադրությունները.

(Linux) Ctrl Shift U և այլագիր
(Windows) այլագիր և Alt X
(Macintosh) Option և այլագիր 

Առավել հանգամանորեն սա բացատրված է այստեղ՝

Նկարը, որ դրել ենք, կարող եք ներբեռնել և պահել ձեր համակարգչում։
Նկարում տրված են յունիկոդային անհրաժեշտ այլագրերը, որոնք կարիք չկա ամեն անգամ մուտքագրելու. բավական է, որ մի անգամ ձեզ անհրաժեշտ նշանը մուտքագրեք և այդուհետ կարող եք պարզապես պատճենել այն և գործածել հայերեն տառերի հետ (կամ էլ պատճենեք նկարի տակ մեր մուտքագրածից)։

Իսկ անմիջապես ներքևի աղյուսակում տեսնում եք նույն նշանները՝ հայերեն տառերի հետ, բայց նշանները կարող են աղավաղված կամ դիրքափոխված լինել (կախված ձեր դիտարկիչից և ձեր համակարգչում տեղակայված տառատեսակներից)։ Եթե չեք ցանկանում այլագրեր մուտքագրել, պարզապես պատճենեք ձեզ անհրաժեշտ նշաններն այս աղյուսակից։

̈ 0308

ա̈ ո̈ օ̈

́ 0301

բ́ դ́ ջ́

͑ 0351

ա͑ բ͑ գ͑
̊ 030a

ա̊ ո̊

̅ 0305

ա̅ ո̅ ո̅ւ

̇ 0307

ա̇ բ̇ գ̇ դ̇


5/12/16

Մեր վախը



Հայերս մի մե՜ծ վախ ունենք, որ դեռ չենք կարողանում հաղթահարել։ Թերևս դա կարելի է կրոնական վախ կոչել։ Գիտացված կրոնական կամ չգիտակցված կրոնական։ Մենք վախենում ենք մտքերից։ Մենք վախենում ենք գաղափարներից։ Չենք վախենում թշնամուց ու մահից։ Չենք վախենում մեղքից ու ստոր արարքներից. գողանում ենք, անիրավում, սպանում, թալանում, կեղծում, շնանում... Ու չենք վախենում։ Իսկ հանկարծ որ մեկն անկեղծորեն արտահայտի մի միտք, որ դուրս է ընդունվածից, մեր կրոնական կամ ազգային պատկերացումներից ու ավանդույթներից, վախենում ենք, վախից ուզում ենք արգելել այդ միտքը, բզկտել, կտրատել, թաքցնել, փակել, ջնջել, վերացնել...


Այս մասին մտածեցի այսօր, երբ Լեռ Կամսարին նվիրված ֆեյսբուքյան էջում կարդացի 1961-ին նրա գրածը Նարեկացու մասին* (https://web.facebook.com/permalink.php?story_fbid=1209830805724311&id=260317210675680) և ապա աչքի անցկացրի մի երկու մեկնաբանություն։ Կամսարի թոռնուհին (Վանուհի Թովմասյանը) այս գրվածքը հրապարակել է, բայց սրտում վախ ունի և հարցնում է. «Ժողովրդիս ռեակցիան եմ ստուգում, որ հասկանամ՝ նման պամֆլետները դնե՞մ գրքերում, թե՞ ոչ․․․ Ձայն հանեք․․․ Էնպես չլինի, որ հանկարծ ազգիս ինքնասիրությունը վիրավորվի․․․»։ Մեկը պատասխանում է. «Միանշանակ չպետք է ընդունել, սա շաաատ սուբյեկտիվ է, շատերը կարող են Կամսարի այս անբռնազբոս մոտեցումը լրիվ այլ նպատակների ծառայեցնել, կարծում եմ չպետք է թույլ տալ էս միտքը իբրև գործիք ծառայի ոմանց ձեռքին, անկախ Ձեր կամքից ջուր լցնեք հակահայ ու հակաքրիստոնեական ջրաղացին...»։

5/10/16

«Չի՛ կարելի» մեթոդը

Մի իրական պատմություն


ԿԳՆ-ն և Լեզվի պետական տեսչությունը ժողով գումարեցին և մի շատ կարևոր որոշում ընդունեցին, որը, հուսանք, վերջապես կբարձրացնի ՀՀ քաղաքացիների լեզվիմացության և գրագիտության մակարդակը։ Այսուհետ մեր կրթական համակարգում՝ վարից վեր, այսինքն՝ տարրական դպրոցից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ, ներդրվելու է լեզուների ուսուցման «Չի՛ կարելի» մեթոդը՝ Գ. Նալբանդյանի հեղինակությամբ։ Ովքեր ծանոթ չեն այս մեթոդին, կարդան «Պարզագույն ճշմարտությունները», որովհետև դրանք չգիտեն ու դրանց չեն հետևում «միայն տգետները»։

Մաստակաշինվելով մաստակաշինվել

Անբան Հուռին գրում է, որ արդեն ինչքան ժամանակ է՝ քունն ու հանգիստը կորցրել է, քանի որ ինչ-որ գրագետներ շուրջ 20 տարի առաջ գնացել, ձեռքից հունական մաստակը տարել են, մնացել է անգործ ու տառապում է։ Ուներ-չուներ, մի զբաղմունք ուներ, այն էլ ձեռքից տարել են վաղուց։ Վերադարձրե՛ք մաստակը Հուռիին, աղաչում է մեր աղջիկը։

Ծամոնն էլ մյուս կողմից է ընկճախտի մեջ ընկել. իրեն դավաճանված է զգում. «Այդքան երկար ու ձիգ տարիներ ես՝ մաքուր, զտարյուն հայս, ծառայեցի իմ ժողովրդին, բայց հանկարծ մի հույն մաստակ, որի դեմ ես ոչինչ չունեի, բնավ չէի ընդդիմանում, որ մերթընդմերթ այստեղ-այնտեղ երևար, եկավ իմ բոլոր իրավունքներն ու պատիվը ձեռքիցս առավ, հիմա ամենուր է՝ խանութներում, հեռուստաէկրաններին, համացանցում, անգամ դպրոցներում... Վերականգնե՛ք իմ ոտնահարված իրավունքները»։

Ժողովո՛ւրդ, պետք է այս երկու դժբախտներին օգնության ձեռք մեկնենք։ Որ ազգովին «կպնենք», մի բան դուրս կգա հաստատ։ Մենք դա բազմիցս ապացուցել ենք։ Մաստակները ամեն տեղից հավաքենք-ճամփենք Հուռիին՝ Լոռվա մարզ, գյուղ Դսեղ։ Իսկ մեր եղբայր Ծամոնին վերականգնենք իր նախկին փառք ու պատվի մեջ. նա դրան արժանի է։

5/7/16

ԽՆԴՐԱՆՔ

Սիրելի ընթերցողներ, Մի խնդրանքով եմ դիմում ձեզնից նրանց, ովքեր գործածում են Մակինտոշ համակարգիչ և ծանոթ են Ukelele ծրագրին։ Ցավոք, ես OS X ՕՀ-ով աշխատող գործիք չունեմ (ընտանիքումս էլ ոչ ոք չունի), այլապես ոչ մեկիդ չէի հանդգնի անհանգստացնել։ Իմ խնդրանքը կատարելու համար ձեզնից չափազանց քիչ ժամանակ կխլվի։ Եվ սա պետք է անել ո՛չ անձնապես ինձ համար, այլ հայագիտությամբ զբաղվող այն անձանց, ովքեր գործածում են Մակինտոշ տիպի համակարգիչներ։ Ձեզնից ովքեր վաղուց են հետևում մեր բլոգի նյութերին կամ ուշադիր զննել են մեր բլոգը, հիշում են կամ նկատել են, որ մենք երկու տարի առաջ ստեղծել էինք Հյուբշման-Մեյե-Բենվենիստի հնչյունային այբուբենի համար մի ստեղնաշար, որը նույն անգլերեն տարածված ստեղնաշարն է, պարզապես վերին տողը (թվերի մասը) փոխարինված է անհրաժեշտ գրանշաններով, ինչպես տեսնում եք այս նկարում և կարող եք կարդալ մեր հետևյալ գրառման մեջ՝ http://grahavak.blogspot.am/2014/05/blog-post_27.html 


(Ընդհանրապես հայերենի տառադարձության և հնչյունային այբուբենների մասին կարող եք կարդալ այստեղ՝ http://grahavak.blogspot.am/2014/05/blog-post_15.html

Բայց ես պատրաստել եմ ստեղնաշարը միայն լինուքսյան և ուինդոուսյան համակարգերի համար, ուստի Մակինտոշ գործածողները, ցավոք, չեն կարողանա դրանից օգտվել։ Ուինդոուսյան ստեղնաշարը պատրաստելու համար ես Լինուքսում օգտվեցի (իմ համակարգիչը միայն լինուքսյան բաշխումով է աշխատում) ուինդոուսյան համապատասխան ծրագրից՝ Wine-ի միջոցով, բայց վերջում ստեղծված .klc նիշքը տեղակայման համար անհրաժեշտ գործարկելի նիշքի վերածելու համար դիմեցի ուրիշին, քանի որ իմ լինուքսյան համակարգում դա անել այլևս հնարավոր չէր։ Իսկ Մակինտոշի համար նույն ստեղնաշարը ստեղծել ես չեմ կարող, ուստի դարձյալ պիտի դիմեմ ուրիշների օգնությանը։ Այս ստեղնաշարը չափազանց հեշտացնում է այն մարդկանց աշխատանքը, ովքեր կարիք ունեն հայերեն բառերը ներկայացնելու տառադարձությամբ։ Այսպիսի մի ստեղնաշարի բացակայությունն է, կարծում ենք, ստիպել ստեղծելու հայերենի ուրիշ տառադարձական համակարգեր, որ այսօր լայնորեն գործածվում են, բայց հանձնարարելի չեն այն պարզ պատճառով, որ հակագիտական են։ Օրինակ՝ շատ է տարածվել վերջին տարիներին Ամերիկյան Կոնգրեսի գրադարանի մշակած տառադարձական համակարգը, բայց այն չի ներկայացնում հայերեն յուրաքանչյուր տառ միայն մեկ գրանշանով. սա ոչ ճիշտ մոտեցում է։ Ահա այս պատճառով էլ խիստ ցանկալի է, որ մարդիկ զանազան տառադարձական համակարգեր գործածելու փոխարեն, ունենալով համապատասխան ստեղնաշարը, շարունակեն գործածել արդեն վաղուց հայագիտությանը հայտնի և հարմար Հյուբշման-Մեյե-Բենվենիստի հնչյունային այբուբենը հայերենի համար։ Եթե Ձեզնից որևէ մեկը ժամանակ և ցանկություն ունի Ukelele ծրագրով պատրաստելու այս ստեղնաշարը, ապա անգլերեն ստեղնաշարի վերին տողի գրանշանների յունիկոդային այլագրերը (կոդերը) հետևյալն են.

key { [ 0x1002018, asciitilde ] };
key { [ 0x1000113, 0x1000112 ] };
key { [ 0x100014D, 0x100014C ] };
key { [ 0x1000259, 0x100018E ] };
key { [ 0x1000142, 0x1000141 ] };
key { [ 0x1000121, 0x1000120 ] };
key { [ 0x100010D, 0x100010C ] };
key { [ 0x1000161, 0x1000160 ] };
key { [ 0x100017E, 0x100017D ] };
key { [ 0x10001F0, parenleft ] };
key { [ 0x100030C, parenright ] };
key { [ minus, underscore ] };
key { [ 0x1001E59, 0x1001E58 ] };


Ստեղնաշարի անունը դրել ենք "Armenian (IPA)"։