5/10/16

«Չի՛ կարելի» մեթոդը

Մի իրական պատմություն


ԿԳՆ-ն և Լեզվի պետական տեսչությունը ժողով գումարեցին և մի շատ կարևոր որոշում ընդունեցին, որը, հուսանք, վերջապես կբարձրացնի ՀՀ քաղաքացիների լեզվիմացության և գրագիտության մակարդակը։ Այսուհետ մեր կրթական համակարգում՝ վարից վեր, այսինքն՝ տարրական դպրոցից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ, ներդրվելու է լեզուների ուսուցման «Չի՛ կարելի» մեթոդը՝ Գ. Նալբանդյանի հեղինակությամբ։ Ովքեր ծանոթ չեն այս մեթոդին, կարդան «Պարզագույն ճշմարտությունները», որովհետև դրանք չգիտեն ու դրանց չեն հետևում «միայն տգետները»։






Պետք է նշել, որ այս որոշման ընդունումը անցավ բուռն քննարկումների արդյունքում, և անտեղի ու անիմաստ կրքեր շատ բորբոքվեցին։ Հատկապես շատ էր աղմկում մի հոգեբան, որ ոչ մի կերպ չէր ուզում հասկանալ այս մեթոդի արդյունավետությունը լեզուների ուսուցման մեջ։ Նա զառանցում էր, թե իբր այդ ոճով ընդհանրապես չի կարելի որևէ մարդու որևէ բան սովորեցնել, առավել ևս երեխաներին։ Ավելին, նա, մեջբերելով «պարզագույն ճշմարտություններից» երկուսը՝ կապված «թիվ» բառի հետ,

[«2. Չի՛ կարելի ասել. «Թիվ 34 դպրոցի տնօրեն», քանի որ «Թիվ»-ն էլ է թիվ, թվական, «34»-ն էլ: Ստացվում է անհեթեթ բան. «Թիվ թիվ դպրոցի տնօրեն»։ Պետք է ասել. «Համար 34 դպրոցի տնօրեն» կամ «34-րդ դպրոցի տնօրեն»: Հապա փորձենք համեմատել. համար 34 դպրոց = school number 34 = школа номер 34, մինչդեռ թիվ 34 դպրոց = школа цифра 34 = school digit 34: Իսկապես անհեթեթ է»:  

«3. Չի՛ կարելի ասել. «Նա ծնվել է 1962 թվին»: Պետք է ասել. «Նա ծնվել է 1962 թվականին»։]


հանդգնեց ասել, որ պարզագույն ճշմարտությունների հեղինակը, ամենայն հավանականությամբ, դպրոցում մաթեմատիկա չի սիրել, այդ պատճառով էլ «մուռը հանում է անշառ «թիվ» բառից» (սա մեջբերում է այդ հոգեբանի անկիրթ ուղղակի խոսքից)։ «Տգետ» հոգեբանին չկարողացան կարգի հրավիրել, ուստի ստիպված եղան կանչել հրեշտակներին, որոնք եկան ու այս խանգարիչին նիստերի դահլիճից տարագրեցին։

Եղավ մեկ այլ միջադեպ ևս։ Մի ծեր պրոֆեսոր ասում էր. «Բայց ի՞նչ կապ ունեն այստեղ ռուսերենի цифра-ն ու номер-ը, սիրելինե՛րս, չէ՞ որ...»։ Ու երկար ինչ-որ բաներ էր բացատրում. կարծեմ հիշեց արևմտահայերենը, թե գրաբարը, միգուցե Խորենացուն..., հետո խոսեց «թիվ» ու «թվականի» հետ կապված երկրորդ պարզագույն ճշմարտության վերաբերյալ՝ էլի գրաբարից ինչ-որ անհասկանալի բաներ բացատրելով։ Մի խոսքով՝ նստավարի համբերությունը հատավ, և նա բացականչեց արդարացի վրդովմունքով. «Յա ա՜յ քեզ բո՜ղկ. բա կարող է՞, կենդանի ռուսերենը թողած, մեռած գրաբարով ճշտենք հայերենի հարցերը»։

Երբ կարդացին պարզագույն ճշմարտություններից հետևյալը՝

«Այնուհետեւ-ը մի շփոթեք Այնուհետ-ի հետ։
Այնուհետեւ նշանակում է ինչ­որ բանից հետո։
Այնուհետ նշանակում է այնու` նրա հետ»։

Մի շփոթեք առաջ եւ առջեւ բառերը։
Ես սանրվում եմ հայելու առջեւ ­ ճիշտ է։
Ես սանրվում եմ հայելու առաջ ­ սխալ է։
Նա վազեց առաջ ­ ճիշտ է....»,



մի կին զարհուրած վեր թռավ տեղից, բերանը բացեց, ուզում էր բան ասել, բայց սիրտը բռնեց, այլայլվեց, շրխկաց աթոռին ու հուզմունքից սկսեց... հոնգուր-հոնգուր լաց լինել։ Մեկն արագ վազեց, թաշկինակ տվեց, որ կինն աչքերը սրբի, մի ուրիշը վազեց ջուր բերելու։ Կարծեմ նյարդերից ու սրտից թույլ այդ կնոջ անունը Գրահավաք էր։


Ամենավճռորոշ միտքը հնչեցրեց նստավարը. նա, որպես ապացույց այն բանի, որ պարզագույն ճշմարտություններն արժանացել են ոչ միայն լայն հասարակության ջերմ ընդունելությանը, այլև մասնագետ լեզվաբանների, հիշեցրեց այն խիստ կարևոր փաստը, որ պարզագույն ճշմարտությունների մի զգալի մաս, արդեն շուրջ 5 տարի, հաստատուն տեղ է գրավել հայերեն ուսուցանող համացանցային ամենաակտիվ հարթակում՝ ֆեյսբուքյան «Մայրենի լեզվի դասեր» խմբում՝ նիշքերի բաժնում, և լեզվի ոչ մի համբավավոր ու հեղինակավոր մասնագետ ոչ մի կծու, թթու կամ դառը խոսք դրանց հասցեին չի ասել։ «Բա՜»,– ցուցամատն ու բութը տնկեց նստավարը։


Ահա այսպես ընթացավ նիստը։ Ամենակարևորը, սիրելի՛ ժողովուրդ, այն է, որ պարզագույն ճշմարտություններն ընդունվեցին, և «Չի՛ կարելի» մեթոդով շուտով բոլորը շատ լավ հայերեն կսովորեն, ինչպես նաև այլ լեզուներ։ Շնորհավորում եմ բոլորիս։