10/03/2016

Հայկական ձայնանիշերով գրքեր համացանցում

Այստեղ ներկայացնում ենք Համբարձում Լիմոնճյանի ստեղծած հայկական ձայնանիշերի համակարգով տպագրված այն գրքերը, որոնք կան համացանցում։

Հայկական ձայնանիշերը ստեղծվել են կոստանդնուպոլսեցի երաժիշտ և տիրացու Համբարձում Լիմոնճյանի կողմից 1813-ին և մշակվել ու կատարելագործվել նրա աշակերտների ձեռքով։ Ձայնանիշերը մեր միջնադարյան խազերի պատկերներն ունեն, բայց այլ ընթերցում. դրանք համապատասխանեցված են եվրոպական ձայնանիշերին և ընթերցվում ու կիրառվում են նույն սկզբունքով, ինչ եվրոպական ձայնանիշերը։ Այսինքն՝ դրանք խազեր չեն։



 Հայկական ձայնանիշերի ընթերցման երկու սկզբունք կա, որոնք կարելի է կոչել  կոստանդնուպոլսյան և էջմիածնական։ Վերջինը գործածվում է ներքոբերյալ գրքերի մեծ մասում։

Գրքերի շարքում կա նաև երկու ձեռնարկ, որոնցով, ցանկության դեպքում, կարող եք սովորել նոտագրման այս համակարգը։ Հատկապես հեշտ կլինի սա նրանց համար, ովքեր տիրապետում են եվրոպական նոտագրման համակարգին։ Հայկական ձայնագրության այլ ձեռնարկներ ևս կան, օրինակ՝ Ռոբերտ Աթայանինը՝1950 թ. լույս տեսած, սակայն, ցավոք, դրանք թվայնացված տարբերակով չկան, ուստի ձեզ առաջարկել առայժմ չենք կարող։ Վարժությունների համար ձեզ հավանաբար պետք կգա Կոմիտասի երկերի 14-հատորյակի 13-րդ հատորը, որում երգերը ներկայացված են թե Կոմիտասի գրառմամբ՝ հայկական ձայնանիշերով, թե եվրոպական ձայնանիշերով զուգահեռ  տրված փոխարկմամբ։

Կոմիտասը, քաջ տիրապետելով թե՛ եվրոպական նոտագրությանը և թե՛ լիմոնճյանական համակարգին, ժողովրդական երգերի հավաքագրման ընթացքում գործածում էր ոչ թե եվրոպական, այլ հայկական ձայնանիշերը։ Սրա պատճառը հայրենասիրությունը չէր, այլ հայկական ձայնանիշերի գործածության հարմարությունը։ Դրանցով կարելի է մեղեդին գրառել շատ ավելի արագ, քան եվրոպական ձայնանիշերով։ Բացի դրանից, հայկական ձայնանիշերը չեն պահանջում հնգագծով հատուկ թուղթ. դրանցով կարելի է գրել ցանկացած թղթի կտորի վրա, ինչպես տառերով։ Այս իսկ պատճառով Գրահավաքը շատ կուզեր տեսնել հայկական ձայնանիշերի վերակենդանացումը մեզանում։ Պարզ է, որ սիմֆոնիա կամ դաշնամուրային սոնատ գրողը դժվար թե կարիքն ունենա դա անելու հայկական ձայնանիշերով, բայց ամենօրյա գործածության որոշ դեպքերում, հատկապես երբ ցանկանում ես արագորեն գրի առնել որևէ մեղեդի, որ լսեցիր կամ սեփական ուղեղումդ ծնվեց, հայկական ձայնանիշերը նույնիսկ կարող են անփոխարինելի լինել (օրինակ՝ երբ ձեռքիդ տակ չկա հնգագծով թուղթ, իսկ դու  ուզում ես արագ գրի առնել մեղեդին՝ չմոռանալու համար)։

Հայկական ձայնանիշերի այս համակարգն այժմ դեռևս գործածվում է Ստամբուլի  որոշ հայկական եկեղեցիներում, ուր կան այս համակարգին տիրապետող անձինք, հիմնականում՝ սարկավագներ ու դպիրներ։ Համենայն դեպս, շուրջ 20 տարի առաջ իրավիճակն այդպիսին էր Ստամբուլում. թե այսօր այն փոխվել է, չգիտեմ։ Հայկական ձայնանիշերին այսօր տիրապետում են նաև երաժիշտ-երաժշտագետներ, ինչպես նաև Գրահավաքի նման քթածակամուտ անհանգիստ հոգիները ։))) (այնպես որ եթե ձայնանիշերը սովորել որոշեք և հարցեր ունենաք, սիրով կօգնենք՝ ինչով կարողանանք)։

Ժողովածուներ

  ◈ Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1877
  ◈ Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի, Վաղարշապատ, 1878. կամ այստեղ
  ◈ Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ ուղղափառ առաքելական եկեղեցւոյս Հայաստանեայց, Վաղարշապատ, 1875
  ◈ Ձայնագրեալ Տաղարան ի պէտս սպասաւորաց Հայաստանեայց սրբոյ եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1900
  ◈ Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց, հետեւակք օրհնութեանց տէրունական տօնից, այլ եւ կարգ հանգստեան եւ անդաստանի շարականաց ի լրումն ձայնքաղի, Վաղարշապատ, 1882
  ◈ Շար Ակնայ ժողովրդական երգերի. ձայնագրեց Կոմիտաս Վարդապետ, Սբ Էջմիածին, 1895

Հայկական ձայնանիշերով նմուշներ կան նաև հետևյալ գրքում՝

  ◈ Մուրադեան Պ., Մուշեղեան Ա., Արմաշի դպրեվանքը, Երեւան, 1998  

Հայկական ձայնագրության ձեռնարկներ

Թաշճեան Նիկողայոս
   ◈ Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոց, Վաղարշապատ, 1874

Երզնկեանց Եզնիկ
  ◈ Դասագիրք հայկական ձայնագրութեան, հտ. Ա, Վաղարշապատ, 1880 

Հայկական ձայնագրության համակարգի մասին

 Հիսարլեան Արիստակէս
   ◈ Պատմութիւն հայ ձայնագրութեան եւ կենսագրութիւնք երաժիշտ ազգայնոց 1768-1909 (վարձատրեալ Իզմիրեան մրցանակաւ), Կ. Պոլիս, 1914    

No comments:

Post a Comment

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։