6/16/14

Արևի ծագումը տեսնել


«Արևի ծագումը տեսնել» այս կամ այն լեռան կատարից, հորիզոններին իշխող բարձունքներից՝ մի շատ տարածված, շատ հաճելի զբոսանք է Շվեյցարիայում։ Արևի ծագումը տեսնելու համար մարդիկ այս երկրում այնպիսի նեղություններ են հանձն առնում, որ մեզանում կարող է նկատվել առնվազն հիմարություն։ Երևակայիր, սի՛րելիս, որ մարդիկ օրերով՝ գիշեր-ցերեկ մագլցում են Ալպերի կատարները, շատ անգամ անձրևի կամ ձյունի տակ, վտանգավոր առապարներով, սառցադաշտերով, ժայռերի ու մացառների մեջ, որպեսզի մի լեռնակատարից կամ արևի ծագումը դիտեն, կամ լայնարձակ հորիզոնների գեղեցիկ տեսարանների պատճառած հաճույքը մի քանի րոպեով ճաշակեն։ Վտանգներն այնքան մեծ են և այնպես հաճախ լեռնային տուրիստների համար, որ յուրաքանչյուր տարի մի քանի տասնյակի է հասնում զոհերի թիվը։
Մոլորվում են անծանոթ կիրճերում ու սառչում կամ հոսող ձյան հետ տարվում են անդունդները, կամ սխալ անզգույշ քայլով վայր են գլորվում ահագին բարձրություններից ու ջարդուփշուր լինում ձորերի մեջ։ Այնուամենայնիվ, բնության գեղեցկություններին, Ալպերի օդին սիրահար ճանապարհորդները չեն քաշվում ամեն տարի նույն վտանգավոր արահետները մագլցել և նորերը փնտրել, միշտ դեպի վեր, միշտ դերի վե՜ր։ Ինչ ուզում ես ասա, սի՛րելիս, բայց, ըստ իս, մի տրագիկական մեծություն, վեհություն կա դեպի լուսավոր բարձունքները, դեպի անհունը դիմող այս ըմբոստ հոգիների գեղեցիկ խենթության մեջ։ Քեզ չե՞ն գրավում բոցի շուրջը սավառնող և այրվող թիթեռները։ Նույն բանն է։
Անցյալ տարի ցանկությունս այնպես մեծ էր սրանց պես լեռնակատարների վրա շրջել, անծանոթ հովիտներում թափառել, մոտիկից տեսնել վտանգը, ճաշակել գեղեցիկ խենթության պատճառած քաղցր սարսափը, դողալ, բայց նայել մութ անդունդներին, լսել խորխորատների մեջ փշրվող ջրվեժների հառաչանքը, տեսնել այն զարմանալի ծառերը, որոնք, ասես երկրից խռոված, սիրում են անմատչելի բարձունքները, որտեղից նրանք ամառ թե ձմեռ փսփսում են աստղերի հետ, տնքում ու գանգատվում փոթորիկների տակ։ Այնպես էի ուզում գեթ մի անգամ արծիվների շնչած օդը շնչել, նրանց պես երկնքին մոտ զգալ ինձ, որ, չնայելով իմ բոլոր անկարողության, լեռնային ճանապարհորդություն կատարելու իմ խղճուկ անզորության, հանձն առա ուսանող ընկերներիս հրավերը մի լեռնակատար բարձրանալ, այն էլ ձմեռ ժամանակ։
Հունվարի տոներն էին։ Իմ ընկերներն էին մի գրիզոնցի երիտասարդ, մի գերմանացի՝ Հանովրից, և էլի մի ուրիշ ուսանող՝ դարձյալ Գերմանիայից։ Լոզանից ճանապարհ ընկանք երկաթուղով առավոտյան ժամի 4-ին։ Գնացքը լիքն էր նույն զբոսանքի գնացող ջահիլ աղջիկներով ու երիտասարդներով, օտարականներ ու տեղացիներ, պայուսակները թիկունքներին, լավ կապած, ոտներին լեռնային հաստ կոշիկներ, իսկ ձեռներին մի-մի հաստ, երկար գավազան։ Աղմուկ, ճիչ, ուրախություն, սրախոսություններ։ Լուսաբացից առաջ հասանք լեռան ստորոտը, և սկսվեց վերելքը։ Մեզանից առաջ քանի մի ուղեկիցներով հանդարտ բարձրանում էր մեր փիլիսոփայության երիտասարդ պրոֆեսսոր Միյյու, որ Ալպերի ջերմ սիրահար է և ամբողջ ամառ թափառում է լեռներում։
Քանի դեռ ձյուն չկար, լավ էր․ ես էլ մյուսների պես կատակներով բարձրանում էի, բայց հենց որ հասանք ձյունին, երբ պետք էր տեղ-տեղ գավազանով ոտնատեղ փորել առաջ շարժվելու համար, իմ բանը դժվարացավ։ Քայլում էի ահագին ճիգ գործ դնելով՝ աշխատելով ծածկել իմ թուլությունը ընկերներիցս, որոնք ցատկրտում էին այծյամների պես, մանավանդ գրիզոնցի երիտասարդը։ Վերջինս իր եռանդի հավելվածը չգիտեր՝ ուր մաշեր․ վազում էր առաջ, հետո իր գավազանի վրա հենված՝ ցած էր սլլում մեզ մոտ, կրկին բարձրանում, կրկին վար գլորվում։ Լեռնային օդը նրան իստակ խենթ էր դարձրել։ «Մեզանում այսպես ենք անում»,– բացագանչում էր նա և շեղ բարձրությունից ցած սլլում սառած, հարթ ձյունի վրայից։ Լեռան որդի էր. Գրիզոնի կանտոնը Շվեյցարիայի ամենալեռնոտ մասերից մեկն է։ Վատ չէին նաև գերմանացիները, առանց ավելորդ գժությունների, առանց վերև-ներքև անելու, նրանք դանդաղ, բայց հաստատ քայլվածքով բարձրանում էին անդադար։ Ես ավելի և ավելի հետ էի մնում, ծածկել չէի կարող իմ անզորությունը․ գրիզոնցի երիտասարդը այդ առաջինը նկատեց և ծիծաղելով՝ ինձ մոտեցավ, որ փոխանակ գժությունների՝ ինձ օգնի։ Խելացի միտք էր․ նա կատակներ անելով քայլում էր իմ կողքից, ոտնատեղ էր փորում սառած ձյան մեջ և երբեմն ձեռքիցս բռնած՝ անցկացնում վտանգավոր տեղերից, ճիշտ մայր թռչունների պես, որոնք իրանց փետրակալած ձագերին թռչել են սովորեցնում։ Այս բոլորը շատ գեղեցիկ էր, ձյունապատ լեռան կեսից ավելի կտրել էինք արդեն, մնում էր մի հետին ճիգ գործ դնել կատարին հասնելու համար։ Ես նայում էի այդ գրավիչ բարձունքին, ուժ էի տալիս ոտներիս, գրիզոնցի ընկերս ոչինչ չէր խնայում ինձ օգնելու համար, բայց իզուր, վերելքը կամաց-կամաց դառնում էր ինձ համար անտանելի։
- Լսեցեք, բարեկամ, ես էլ չեմ կարող քայլել, անկարելի է։
- Կարող եք, կարող եք։
Գրիզոնցին էլի քաշում էր ինձ, էլի ոտնատեղեր փորում, կրկին բարձրություն թևակոխում ինձ հետ։
- Նայեցեք, թե մեր պրոֆեսսորը ինչպես է բարձրանում։
- Հա՛, բայց նա շվեյցարացի է։
- Իսկ ձեր երկիրը մի՞թե լեռնոտ չէ։
- Լեռնոտ է, սիրելիս, շատ լեռնոտ, բայց մենք երբեք չենք համարձակվի այսպիսի վերելքներ կատարել, վտանգավոր է։
Եվ ես բոլորովին ուժասպառ՝ պառկեցի ձյան վրա՝ խնդրելով ընկերներիս թողնել ինձ և ճանապարհը շարունակել։ Ես հանգստանալուց հետո կարող էի մենակ վար իջնել։ Գրիզոնցի ընկերս չհամաձայնեց, նա ինձ անընդունակ գտավ նույնիսկ մենակ վար գալու, ընկերացավ ինձ մինչև ապահով տեղերը և կրկին բարձրացավ նույն եռանդով։
Ես հետ դարձա ու հիացմունքով նայում էի նրա հետևից։ Տխրության մի խորին զգացմունք համակեց ինձ․ լեռնե՜ր, լեռնե՜ր, լավ է լեռնցի լինել, լեռնցի ծնվել և սնվել, շատ, շատ կողմերով լավ է․ երանի՜ ձեզ, շվեյցարացիներ։
Այս տարի, երբ տանտերս ինձ առաջարկեց Վիմիսի մոտ բարձրացող Նիզըն լեռը բարձրանալ, ես ակամա հիշեցի իմ անցյալ տխուր փորձը և պատմեցի իմ արկածը։ Նա ժպտաց ու հավատացրեց, թե նույն դժվարություններն այստեղ չեն կարող լինել. նախ՝ այժմ ամառ է, երկրորդ՝ դեպի Նիզըն լավ ճանապարհ կա, և երրորդ՝ այնքան բարձր չէ, ընդամենը 2200 մետր։ Եվ այդ Նի՜զընը... ինչ սիրուն լեռ է․ բարձրանում է նա իմ լուսամուտի հանդեպ՝ որպես մի հսկա պիրամիդ՝ ամբողջապես ծածկված անտառներով ու կանաչով։ Երկրորդ փորձ. գնում ենք բարձրանալու։ Վերելքը կատարելու ենք լուսնկա գիշերով։
Ճանապարհն սկսվում է սահանքավոր աղմկվող Կանդար գետակի ափերից։ Ի դեպ է ասել, որ այս երկրում գետերն ու գետակները իրավունք ունեն աղմկվել ու բողոքել․ շվեյցարացին նրանց սեղմել, խեղդել է քարե պատերի մեջ, համարյա ամբողջ երկարությամբ, մեծամեծ թումբերով նրանց ընթացիկ կատաղի թափը մեղմել ու չափի տակ դրել։ Ջրերն էլ այստեղ ընտանի են ու ձեռնասուն։
Կանդարի ափին՝ Նիզընի ոտքի տակ, մի թեև փոքր, բայց սիրուն հարթություն կա, որի վրա տեղ-տեղ երևում են շվեյցարական կոկիկ, սիրուն խրճիթներ՝ ցաքուցրիվ, իրարից հեռու՝ խռոված մանուկների պես։ Եվ խրճիթների առաջ տարածվում են մարգագետինները, ուր աշխատում են գյուղացիք աշնանը վայել եռանդով։ Աշխատանքը բազմաջան չէ, նրանք գերանդիներով խոտ են հնձում կամ տեղ-տեղ գետնախնձորներ հանում։ Այս է բոլորը․ ի՜նչ աղքատ է այս երկիրը մերի համեմատությամբ։
Բարձրանում ենք․ մի գալարուն ճանապարհ օձապտույտ մանվածներով ձգվում է դեպի վեր՝ դեպի Նիզընի կատարը, որ մերթ ծածկվում է ծառերի տակ, մերթ հայտնվում հպարտ ու գեղեցիկ։
Երեկոյան հովը մեղմիվ փչում է, ծառերի մեջ աղմկում են թռչունները, ավելի բարձրից լսվում է մեզանից առաջ գնացածների կանչվռտոցն ու երգը, անտառային մթնոլորտը՝ բուրալից ու գաղջ, շնչում ենք լայն կրծքով և բարձրանում կատակելով։
Այս վերելքն այնքան հաճելի է, այնպես գրավիչ։ Ճանապարհի յուրաքանչյուր պտույտ մեր առաջ բաց է անում ավելի լայն տեսարաններ, լայն հորիզոններ, և մենք հաճույքով հետ ենք դառնում նայում դեպի վար՝ հեռուն, ուր գեղանկար Օբերլանդը ձգվում է իր լճերով, գետակներով, անտառներով ու գյուղերով։
Արևը մայր մտավ, և մենք արդեն կես ճանապարհին ենք։ Անտառը դադարեց, այժմ քայլում ենք կանաչների և խոտերի միջից, որ ուշ աշնանն էլ շվեյցարական լեռներում պակաս չեն։ Այստեղից դեպի վեր հովիվների աշխարհն է. նրանք այստեղ են իրանց կովերով, եզներով, ոչխարներով։ Անտառի եզրով ձգվում է փայտյա մի անվերջ ցանկապատ, որ մերթ իջնում է ձորերը, մերթ բարձրանում կատարները ծառերի քմահաճույքի համեմատ։ Հովիվների շինածն է այդ, որպեսզի անասունները չիջնեն՝ անտառներում մոլորվեն կամ գյուղերը մտնեն։
Գիշեր է արդեն, բայց այս լեռնակատարին խաղաղություն չկա։ Բազմաթիվ մեծ ու փոքր զանգակների ձայները խառնվում են ու տարածվում անտառներում անթիվ արձագանգներով։ Այդ զանգակները կախված են անասունների պարանոցներից, որպեսզի հսկողությունը նրանց վրա հեշտ լինի։ Հսկող չկա սակայն, կովերն ու եզները ահագին խմբերով փռված են լեռնալանջերին, հանդարտ արածում են լուսնի գունատ շողերի տակ և կարծես պատկանում են ոչ մարդկանց, այլ լեռնային ոգիներին։ Կարո՞ղ ես երևակայել, սիրելիս, թե որքան գրավիչ է այս բոլորը՝ արածող անասունների ստվերները, նրանց զանգակների ձայնը, մեզնից վար՝ մթին տվող անտառները, ավելի բարձր՝ լեռնակատարը, այս գիշերային հովը, որ սկսում է մրսեցնել, ամբողջ այս լեռնային բնությունը, որ չգիտես՝ ինչ մի առանձին, գաղտնի թովչություն ունի, որ գերում է, որ մարդու էությունը համակում է մի անորոշ, թախծոտ, բայց ախորժելի զգացմունքով։
Ճանապարհին տեղ-տեղ մենք անցնում ենք անասունների հոտերի միջով, լսում ենք նրանց առողջ, երջանիկ փնչոցը մոտիկից, նրանք բարձրացնում են գլուխները, մի վայրկյան մեզ նայում, ապա կրկին շարունակում արածել։ Մի քանի հատ նրանցից ընկնում են մեր առաջը, փակում են լեռնային նեղ շավիղը և բարձրանում են մեզ հետ դեպի վեր գնալու սիրուն բնազդով։ Հարկավոր է լինում մի մեծ պտույտ գործել նրանցից ազատվելու համար։ Պահապան չկա, հոտերն արածում են առանց հսկողության։ Բարձրից լսվում է մի սուլոց, և իսկույն մեր առջևն է հայտնվում մի գյուղացի պատանի՝ միակ հովիվը այս բոլոր հոտերի։ Նա մոտ տասնևյոթ տարեկան է և, ինչպես բոլոր հովիվները, անհոգ արտաքին ունի։ Լայնեզր ցողե գլխարկը, որ իջել է մինչև ականջները, իր ստվերի տակ ծածկել է նրա դեմքը․ ահագին գավազան ունի ձեռքին, խոշոր կոշիկներ, որոնց մեխերը աղմուկ են հանում քարերի վրա։ Նա մեզ բարևեց, իր կովերին ինչ-որ բան ասաց, քշեց հակառակ կողմը ու անցավ։ Միառժամանակ լեռնաշավղի վրա մերթ երևում և մերթ ծածկվում էր քարերի հետևում նրա անորոշ ստվերը․ նա իջնում էր ոչ իսկական ճանապարհով, այլ կտրուկ շավիղներով կամ ինչպես պատահի։ Շուտով նրա սուլոցն էլ լռեց, և մնաց միայն զանգակների ձայնը և լեռնային հովի սլսլոցը։
Լեռնակատարը հեռու չէ. էլի մի քանի պտույտ, և մենք կանգնած ենք մի փոքրիկ հյուրանոցի առաջ, որ հաստատված է այս բարձրության վրա բազմաթիվ այցելուներին մի քանի անհրաժեշտ հարմարություններ տալու համար։ Այցելուն այստեղ համեմատաբար ոչ թանկ գնով պատրաստ գտնում է տաք և փափուկ անկողին առանձին սենյակում, ամենատեսակ գինիներ և լավ ճաշ։ Ուշ գիշեր է․ քայլել ենք ընդամենը վեց ժամ։ Թեթև ընթրիքից հետո ես դուրս եմ գնում՝ լուսնի լուսով Ալպերին նայելու, եթե հնար է։ Հեռուն միայն կաթնագույն մշուշ է, որի մեջ անորոշ կեպով գծագրվում են լեռների ստվերները, ներքև Թուն լճի ափերում պլպլում են բազմաթիվ ճրագներ, իսկ ավելի հեռու Ինտերլակենը ամբողջապես բոցավառված է երևում ելեկտրական ճրագներով։ Խորին լռություն է, որ հնար է տալիս միանգամայն մոռանալ աշխարհը՝ ներքևում թողած գունատ իրականությունը։ Թվում է, թե երկինքը կախվել է վար, վար, և նա՛ է այս լռության տերը, նա՛ է պահանջում, որ ամեն ինչ և ամենքը լռեն ու խորհեն։
Այստեղ՝ լեռան վրա, ես ավելի լավ եմ հասկանում, սիրելիս, թե ինչու են ծնվել կրոնները, բոլոր միստիկ վարդապետությունները, հանդերձյալից, երկնքից, տիեզերքի նպատակից, բնության մութ, խոլական ույժերից խոսող այնքան հավատալիքները, որոնցով մարդը հնագույն ժամանակներից պաշարել է իր հոգին ու գլուխը։ Այստեղ ամեն ինչ թվում է անհուն, հավիտենական, որովհետև ամեն առարկայի միայն սկիզբն է երևում, իսկ վախճանը կորչում է մի խորհրդավոր շամանդաղի մեջ, որ երկնքից է կախված։
Պառկում ենք քնելու՝ խնդրելով մեզ զարթեցնել առավոտյան ժամի 5-ին՝ արևի ծագումը տեսնելու համար։ Աղախինները, սակայն, այդ նեղությունը կրելու պետք չեն զգում, և ժամը 5-ը չեղած՝ հյուրանոցի պատերի տակ լսվող երգը, ծիծաղը, աղմուկը մեզ զարթեցնում է․ մեզանից ավելի ուշ ճանապարհ ընկած այցելուների մի ահագին բազմություն է այն, որ այժմ միայն հասնում է կատարին։ Դուրս ենք գալիս, էլ քնել անկարելի է։ Հյուրանոցի նախասենյակներում, աստիճանների վրա, ընդարձակ սեղանատանը, դրսում՝ պատերի տակ, իրար կողքի թափթփված են երիտասարդների և ջահիլ աղջիկների ահագին բազմություն։ Սա մի խայտաբղետ ամբոխ է․ կան ուսանողներ, ուսանողուհիներ, աղախիններ, բանկային փոքրիկ պաշտոնյաներ, գյուղացիներ, արհեստավորներ, բանվորներ, շվեյցարացիներ և օտարներ, կան բանվորական կամ արհեստավորական ամբողջ ընկերություններ, որոնք միասին եկել են իրանց կյուրակեն Նիզընի վրա անցկացնելու։ Յուրաքանչյուրը թիկունքին կապած ունի իր պաշարը և ձեռքին մի ահագին գավազան։ Մի փոքր հանգստանալուց հետո իրար հետևից ամենքը դուրս են գնում և լեռան ամենաբարձր կետում հարմարավոր դիրքեր գրավում արևի ծագման բոլոր մանրամասնությունները լավ տեսնելու համար։
Արևելքը շառագունում է կարծես Ալպերի հետևում բռնկած մի հսկայական հրդեհից, որի բոցերը չեն երևում։ Արևմուտքում երկնքի կապուտակ ֆոնի վրա՝ գունատ հորիզոնի շրթունքին, կախվել է լրիվ լուսինը՝ խղճուկ ու անփայլ, առանց իր ընկեր աստղերի։ Բայց բազմությունը գիշերային լուսատուին չի նայում. բոլոր հայացքները դարձել են դեպի արևելք, ուր արշալույսի առաջին նուրբ ցնցուղները Ալպերի թիկունքից ձգվել են ուղիղ բազմերանգ գծերով մինչև երկնակամարի կեսը։ Այնպիսի ժամ է, որ կարծես բնության մեջ ամեն ինչ, հևքը բռնած, նայում է միայն մի կետի՝ հորիզոնի այն բոցավառ մասին։ Եվ այն ներքևի լճերը, որոնք լեռների ոտների տակ սարսռում են առավոտյան հովի առաջ, և այս անճոռնի ժայռերը, որոնք կարծես արևին նայելու համար է, որ չեն ուզում թարթել իրանց խոռոչե ահռելի աչքերը, և մանավանդ այս զարմանալի, ձյունապատ Ալպերը, որոնք, քնից զարթնած հսկաների պես, իրար թիկունքի, իրար գլխի վրայից աշխատում են առաջին շողերը գողանալ, բոլորը, բոլորը շնչակտուր սպասում են արևածագին։
Եվ ինչ դանդաղ, ի՜նչ հանդիսավորությամբ է գալիս նա՝ այդ ամենքի սպասած արևը։ Շողե՜ր, շողե՜ր, երփներանգ, նուրբ, խուրձ-խուրձ կամ կտոր-կտոր, որոնք դուրս են ընկնում ասես անդունդներից, վազվզում լեռների սպիտակ կատարներին, նստում են այս ու այն ցից ժայռերի վրա կամ խաղում են մի մոռացված ամպի հետ։ Անհնարին է նկարագրել երկնքի վրա կատարվող ճառագայթների բոլոր խաղը, գույների բոլոր նրբությունները, լույսերի անընդհատ բեկբեկումը, անկարելի է նույնիսկ աչքով հետևել այդ բոլորին, ջոկել իրարից բոլոր նրբությունները, գույների սահմանները, նրանց դասավորությունը։ Եվ այդ ամենը կատարվում է ըստ երևույթին աննկատելի դանդաղությամբ, բայց իրոք այնքան արագ, որ լույսերի, գույների, շողերի շարժման սկիզբն ու վախճանը կարծես միշտ խառն են իրար հետ․ ճառագայթների ծնունդը, նրանց հանկարծական փայլը և ամբողջի մեջ նրանց լուծումը կատարվում է ավելի արագ, քան միտքը։ Աչքը շփոթվում է, լեզուն՝ կարկամվում, և միայն հոգին է, որ կարողանում է հասկանալ, ապրել այդ փախչող վայրկյանները, զգալ ճառագայթների թրթիռը, նրանց հետ դողալ, նրանց հետ լուծվել անհունության մեջ։
Ալպերի վրա արևածագը բնության մեծագույն հրաշալիքն է։ Մարդկային կարողությունից վեր է նկարագրել այդ հրաշալիքը, ուստի ես կասեմ. «Նիզընի կատարից մենք տեսանք Ալպերի վրա ծագող Արևը»։

Ավետիս Ահարոնյան, հատված «Շվեյցարական գյուղը» նամականի-ուղեգրությունից